ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ԿՓՈՐՁԻ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԵՆՈՎ ԱՆԵԼ
ՎերլուծությունԱյն, որ Իրանի շուրջ զարգացող իրավիճակը նաեւ Հայաստանի համար է վատագույն սցենարներից, ինչպես ասում են, անզեն աչքով էլ է տեսանելի: Իմաստն այն է, որ քանի դեռ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ուղղությամբ, Իրանը շատ դեպքերում դարձել էր այս ուղղությամբ թուրք-ազերիական տանդեմին զսպող գործոն: Արդյունքում, օրակարգ է գալիս մեկ էական հարց՝ ի՞նչ դիքերով Իրանը կկարողանա դուրս գալ այս պատերազմից: Եթե որպես պարտվող կողմ, նրա տարածաշրջանային դիրքերն էապես կթուլանան: Կամ հակառակը՝ հաղթանակի եւ նույնիսկ՝ ոչ-ոքիի դեպքում Իրանի դիրքերը էապես կամրանան:
ՄԻԱՅՆ ՀՐԹԻՌՆԵՐՈՎ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ
Այս պահին իրանա-իսրայելյան պատերազմում դժվար է հաղթողին կամ պարտվողին որոշել: Մեծ հեռավորություններից իրար են հարվածում, ինչ-ինչ օբյեկտներ խոցում: Դա, իհարկե, երկու կողմի համար էլ կորուստ է նշանակում, բայց ոչ ճակատագրական: Իսրայելը խոցել է իրանական որոշ միջուկային օբյեկտներ, բայց հարց է, թե ինչ ռեալ վնաս է հասցրել, կամ թե իրանական ընդհանուր պոտենցիալի որ մասն է ոչնչացված: Նաեւ սպանել է մի շարք բարձրաստիճան զինվորականների եւ գիտնականների: Սակայն Իրանում կան ոչ պակաս կոմպետենտ բազում այլ զինվորականներ ու գիտնականներ. այս կորուստները եւս կրիտիկական չեն: Բանակը տեղում է, անվտանգության մարմինները եւս գործում են՝ աստիճանաբար չեզոքացնելով Իրանի տարածքում տեղակայված իսրայելյան դիվերսանտներին, որոնք սկզբնական պահին մեծ վնաս հասցրին: Նույնը կարելի է ասել Իսրայելի մասին. ստացան միանգամայն զգայուն հարվածներ, բայց դրանք եւս կրիտիկական նշանակության չեն: Իսրայելում խոսում են, թե իրանական հրթիռներն այսօր-վաղը կսպառվեն: Բայց ռեալ գնահատել, թե Իրանն ինչ կարգի պաշարներ ունի, կամ այս ընթացքում դրսից ինչ համալրումներ են գալիս (խոսակցություններ եղան չինական ինքնաթիռների ժամանման մասին), շատ դժվար է:
Այս տեմպերով հետագա հարվածների փոխանակումը եւս հազիվ թե շատ բան փոխի: Իսրայելը սպառնում է հարվածել իրանական նավթարդյունաբերությանը: Իրանն էլ սպառնում է հարվածել իսրայելյան միջուկային օբյեկտներին եւ փակել Պարզից ծոցից ելքը, որտեղով անցնում է համաշխարհային նավթի մոտ 30 տոկոսը: Այսինքն, քանի դեռ չկա ցամաքային բախում երկու կողմերի բանակների միջեւ, պատերազմի ելքը մնում է առնվազն մշուշոտ: Սա ընդհանրական իմաստով, քանի դեռ բախումներն այս նախնական օրերի դինամիկայի մեջ են: Բայց այս իրավիճակը կարող է շատ արագ փոխվել: Նախ, կա հակամարտության մեջ ԱՄՆ-ի ներգրավման վտանգը: Եվ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն սկսել է արագորեն լիցքավորող ինքնաթիռներ եւ տարբեր այլ ուժեր տեղակայել մերձակա գոտիներում, այդ վտանգը բավականին ռեալ տեսք ունի:
ԿՓՈՐՁԵ՞Ն ԻՐԱՆԸ ՄԱՍՆԱՏԵԼ
Բայց միաժամանակ կան գործոններ, որոնք ոչ պակաս կամ միգուցե, շատ ավելի վտանգավոր կարող են դառնալ, քան պարզապես օդային հարվածների փոխանակումներն են: Դրանցից մեկի մասին քանիցս պարզ արտահայտվեց Նեթանյահուն. հաղթանակի կարող են հասնել ոչ թե ռազմական հարվածների, այլ դրանց հաշվին Իրանում ներքին անկայունություն հրահրելու եւ «ռեժիմի փոփոխության» հասնելու միջոցով: Թերեւս, դա նաեւ մեզ համար կարող է ամենավտանգավոր տարբերակներից մեկը դառնալ:
Այն, որ Իսրայելն ակտիվորեն հարվածում է Թավրիզին, այն է՝ այսպես կոչված՝ իրանական կամ Արեւելյան Ադրբեջանին, դժվար է պատահականություն համարել: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում այն համառ խոսակցությունները, որ Իրանին հարվածած անօդաչուների մի մասը թռել են Նախիջեւանից:
Այն, որ Իրանի համար ադրբեջանաբնակ գոտին մնում է ամենախոցելի ուղղություններից մեկը, հայտնի պատմություն է: Ու ներկա պահին թե այնտեղ ինչ իրական տրամադրություններ են գործում, դժվար է ասել: Նաեւ հաշվի առնելով, որ, ինչպես հուշեց Իրանի ներսում ամբողջական անօդաչուների բազաներ ստեծելու պատմությունը, իսրայելյան հետախուզությունը կարողացել են բավականին ազատ աշխատել, եւ դա, իհարկե, իրանական հակահետախուզության մասին լավ ակնարկ չէ: Ու այդ դեպքում, թե ինչ էֆեկտիվությամբ են աշխատել նաեւ իրանական Ադրբեջանում, այն է՝ այնտեղ ինչ իրական տրամադրություններ են, ինչ հետախուզական ցանցերի կենտրոնացումներ կան, մնում է միայն ենթադրել: Առավել եւս, որ կա նաեւ Ադրբեջանի գործոնը. Ալիեւը եւս քանիցս բացահայտ հավակնություններ է ներկայացրել իրանական այդ տարածքների նկատմամբ, եւ, հասկանալի է, ոչ առանց Էրդողանի համաձայնության:
Թավրիզի ուղղությամբ Իսրայելի կենտրոնացումը, ինչ խոսք, ակնարկներից մեկն է, որ կարող է ադրբեջանական տիրույթը դիտարկվել Իրանի գործող վարչակարգի դեմ անջատողական տրամադրությունները զարգացնելու ամենահարմար գոտիներից մեկը: Ընդ որում, եթե Թել Ավիվն իրոք ունի նման ծրագրեր, ապա կարելի է չկասկածել, որ թուրք-ազերիական տանդեմն ամեն ինչ կանի պատմական նման բացառիկ շանսը ձեռքից բաց չթողնելու համար:
Ամեն դեպքում, նման հեռանկարը չափազանց լուրջ վտանգ կդառնար ոչ թե Իրանի կամ Հայաստանի համար, այլ նաւե՝ ողջ կովկասյան գոտու, նաեւ՝ Ռուսաստանի համար: Արեւելյան Ադրբեջանով ցամաքային կապի ստեղծումը նախ՝ թյուրքական «պարկի» մեջ է թողնելու ողջ հարավկովկասյան գոտին: Հաջորդը` դա դառնում է այն թյուրքական միջանցք, որը կարող է փոխել ռուսական ողջ հարավային ռազմավարության ուղին: Ասենք. սա նաեւ Չինաստանի համար է լրջագույն խնդիր, եթե այդ կերպ թյուրքական չընդհատվող միջանցքը հասնի մինչեւ Արեւմտյան Չինաստան՝ թյուրքական ծագմամբ ույղուրաբնակ գոտի: Ավելին, Չինաստանին նման հարված հասցնելու համար կարող է նաեւ Վաշինգտոնը հետաքրքրված լինել նման նախագծով, առավել եւս, եթե այս պահին դրա բացառիկ հնարավորությունը կա:
Չնայած, մեկ դետալ եւս կա, որը կարող է Էրդողան-Ալիեւին տխրեցնել: Հայտնի դարձավ, որ Բրիտանիայում MI6-ի նոր տնօրեին է նշանակվել՝ առաջին կին ղեկավարը բրիտանական արտաքին հետախուզության պատմության մեջ՝ Բլեյզ Մետրևելին: Թե նա ինչ կարգի գործունեություն կծավալի, այդ մասին չէ խոսքը, դա ժամանակը ցույց կտա: Էրդողանի համար տխրեցնեղ պահն այն է, որ հեռանում է իր մերձավորը՝ Ռիչարդ Մուրը, որի ծրագրերից էր թյուրքական աշխարհը (այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքով») կապելու գաղափարը: Իսկ առանց Մուրի աջակցության, ԱՄՆ-ն կցանկանա՞ Իրանով «միջանցքի» վերահսկողություն տակ Էրդողան-Ալիեւին՝ նրանց սարքելով պոտենցիալ ծանր մրցակից…
ԻՐԱՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՊԱՐՏՎԱԾ ՉԷ
Սակայն Արեւելյան Ադրբեջանն Իրանից պոկելու հարցում նաեւ խնդիրների պակաս չկա: Նախ, Իրանում եւս, թերեւս հասկանում են, թե ինչ մասշտաբների աշխատանք է ծավալել իսրայելյան հետախուզությունը: Ամեն դեպքում, արդեն կա հակահետախուզական բնույթի բավականին ակտիվ աշխատանք, ինչն արտահայտվում է լրտեսական բջիջների եւ ավելի խոշոր օղակների, անօդաչուներ բարձված բեռնատարների եւ անօդաչուների արտադրությունների հայտնաբերման քանակական աճի տեսքով: Իսկ երկրում անջատողական տրամադրությունները բացառելու խնդիրն այս պահին նաեւ իրանական բանակի եւ Հեղափոխության պահապանների կորպուսի գործառույթներից են դառնում: Ու հաշվի առնելով, որ ցամաքային ուժերը դեռ պատերազմի մեջ ներգրավված չեն, ինչ-որ արտառոց կորուստներ չունեն, գտնվում են մարտական վիճակում, նաեւ անջատողական խմբերի դեմ պայքարելու հարցում պետք է, որ առանձնակի խնդիրներ չունենան:
Բայց ամենակարեւորը. կրկնենք, այնպես չէ, որ Իրանն այս պահին պարտվողի դերում է, այսինքն, եկել է «սպանված արջի մորթին բաժանելու» պահը: Ավելին, երեկ Իրանի խորհրդարանը քվեարկեց Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու օգտին: Սա նշանակում է, որ ցանկացած պահի Իրանը կարող է միջուկային զենքի փորձարկում ացկացնել՝ մտնելով միջուկային պետությունների շարք: Իսկ դա էապես փոխում է ուժային բալանսը: Ասենք, միայն խորհրդարանի այդ որոշումն արդեն իսկ պետք է, որ ահազանգ լինի Իսրայելի համար. իսկ ո՞վ ասաց, որ Իրանն այս պահին չունի սեփական միջուկային զենքը, կամ Իրանի տարածքում չկա միջուկային զենք: Եվ այն դեպքում, երբ իսրայելյան ՀՕՊ-ը, այդ թվում՝ այդքան փառաբանված «երկաթե գմբեթը» լուրջ խնդիրներ ունի իրանական հրթիռների դեմ, իսկ հիպերձայնային հրթիռների դեմ բառացիորեն անզոր է, ապա Իրանը միջուկային լիցք Իսրայել հասցնելու հարցում հաստատ մտածելու հարցեր չի ունենա: Ընդ որում, չմոռանանք, որ Իսրայելը փոքր երկիր է, անգամ սահմանափակ հզորության մեկ-երկու հարվածը կարող է որոշիչ դառնալ:
