Ի՞նչը թույլ չի տալու. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ազգային ժողովի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ սոցցանցում հրապարակել է եկեղեցում աղոթող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լուսանկարն ու գրել. «Սա է Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կտրիճ Ներսիսյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ «օտարերկրյա ուժային կենտրոնների» ազդեցության գործակալ Գալստանյանի ու Կոմունիստական ինտերնացիոնալի երազած Հայաստանը: Մենք սա թույլ չենք տալու: Ես սա թույլ չեմ տալու»: Փաստորեն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է Պապ թագավորի տեղը, Ռուբինյան Ռուբենն էլ իրեն արդեն Հազկերտ Երկրո՞րդ է երեւակայում, ի՞նչը թույլ չի տալու, եկեղեցում աղո՞թքը: Իսկ կարո՞ղ է եկեղեցիները մեհյանների ու կրակատների վերածի, հետո էլ ատրուշաներ կառուցի: Թե՞ կսահմանափակվեն միայն երեւանյան նամազով:
Մարդ չգիտի՝ զարմա՞նք հայտնի, թե՞ մտահոգություն, երբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ փաստորեն կապ է տեսնում Սյունիքի նկատմամբ հարված չլինելու եւ ԱՄՆ-ի «կարմիր գծի» միջեւ։ Իր ֆեյսբուքյան գրառմամբ՝ նա վերլուծել է Իրան-Իսրայել առճակատումը՝ այն ներկայացնելով որպես ապացույց, որ տարածաշրջանում ոչ թե Ռուսաստանն է, ոչ էլ Թուրքիան, այլ՝ ԱՄՆ-ը։ Բայց զարմանալին այն է, որ նա գրեթե բաց տեքստով ենթադրում է՝ եթե Սյունիքին մինչեւ հիմա չեն խփել, ուրեմն՝ դրա հետեւում ԱՄՆ-ի կամքն է, ինչի համար պետք է փառք տանք Աստծուն: Հարց է առաջանում՝ իսկ եթե վաղը Սյունիքի վրա հարված լինի, դա նշանակում է՝ ԱՄՆ-ը «կանաչ լույս» է վառե՞լ։ Իսկ եթե Սյունիքի միջանցքը մի օր իրականություն դառնա, ապա ինչպե՞ս է այդ «կարմիր գիծը» գնահատվելու։ Փաստացի, քաղաքական գործիչը կիսաբաց ակնարկներով ձեւակերպում է ազգային անվտանգության հիմնահարց՝ առանց կոնկրետ փաստերի, հղում անելով աշխարհաքաղաքական գործընթացների իր վերլուծությանը, որն ավելի շատ հուսադրող աղոթքի է նման, քան իրատեսական գնահատականի։ «Կա՛մ սա անգրագետ է, կա'մ էժանագին մանիպուլյանտ է... Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել սրա այս հայտարարությունը... Ի գիտություն Նիկոլի Արամի ասեմ, որ բայդենյան ԱՄՆ֊ն ԵՐԲԵՔ չի թաքցրել, որ «Զանգեզուրյան միջանցքի» ծրագրի հեղինակներից եւ իրագործողներից մեկը հենց իրենք են`ԱՄՆ֊ն... Այդ մասին հայտարարել են ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Օ'Բրայենը եւ Պետդեպի նախկին խոսնակ Միլլերը... Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Անկարան եւ Բաքուն Իսրայելի միջոցով փորձում են «ռեինկարնացնել» այն հրեասեր Թրամփի միջոցով եւ եթե հանկարծ Իրանը տանուլ տա այս պայքարում, չի բացառվում, որ հենց ԱՄՆ֊ն կրկին դառնա այդ հայակործան ծրագրի քավորը...Դե իսկ Նիկոլի նմանին էլ մնում է Արամի եւ նրա նմանների միջոցով համոզել տգետ եւ աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող մասաներին, որ դա միջամցք չէ...»,- ընդգծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայությունը՝ MI6-ը, կին ղեկավար է ունենալու։ 47-ամյա ԲԼԵՅԶ ՄԵՏՐԵՎԵԼԻՆ այս աշնանը կստանձնի աշխարհի ամենագաղտնի պաշտոններից մեկը՝ փոխարինելով ներկայիս ղեկավար Ռիչարդ Մուրին։ Ով կմտածեր չէ՞: Իսկ եթե սա որեւէ մեկին հիշեցրեց Ջեյմս Բոնդին, ապա դուք մենակ չեք։ Բոնդի աշխարհում կին MI6-ի ղեկավարը վաղուց արդեն կարկառուն ֆիգուր էր՝ Դէմ Ջուդի Դենչի փառահեղ մարմնավորմամբ։ Իսկ հիմա իրական կյանքը, ինչպես հաճախ պատահում է, կրկին շրջանցում է կինոն։ Ի դեպ, նշենք, որ Բլեյզ Մետրեվելին MI6-ում է արդեն 25 տարի՝ սկսած դեռեւս Քեմբրիջի ուսանողության տարիներից։ Այսօր նա ղեկավարում է տեխնոլոգիաների եւ նորարարությունների բաժինը, այսինքն՝ պատասխանատու է այն ամենի համար, ինչը մենք ֆիլմերում սովոր ենք տեսնել որպես արհեստական բանականության աշխատանք։ Իսկ մինչ այդ աշխատել է նաեւ MI5-ում՝ երկրի ներսում, հակահետախուզության գծով։ Այնպես որ, այլեւս միայն Ջեյմս Բոնդը չէ, որ ունի կին ղեկավար։ Այժմ այդ ղեկավարն ունի ողջ բրիտանական հետախուզությունը։ Լավ մի ամբողջ Հոլիվուդում ուրիշ «Happy end»-ով (երջանիկ ավարտով) ֆիլմ չկա՞ր, որ դառնար իրականություն:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը