Մենամարտ՝ ՔՊ-ական բլոկների միջեւ
ՎերլուծությունՕրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը պետք է քննարկեր ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը՝ գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետը կրճատելու կամ այլընտրանքային ծառայություն սահմանելու մասին, վերածվեց ոչ թե բանավեճի, այլ՝ բացահայտ իշխանական մենամարտի։ Այո՛, այս անգամ խաղադաշտում կողմերը ո՛չ թե իշխանությունն ու ընդդիմությունն էին, այլ մարտը մղվում էր խորքային իշխանական ճամբարների ներսում:
Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում էր զինծառայության ժամկետը կրճատել 24 կամ 18 միլիոն դրամ վճարելու դեպքում՝ համապատասխանաբար 1 կամ 4 ամսով ծառայելու հնարավորությամբ։ Սարգսյանի հիմնավորումն այն էր, որ այսօր զորակոչի ենթակա քաղաքացիների միայն մոտ 31.4 տոկոսն է ծառայության գնում, եւ համակարգը խորապես դեգրադացված է։ Այլ կերպ ասած՝ նա փորձում էր օրինականացնել բանակից ազատվելու «պրակտիկան», փոխարինելով այն «փակ» կոռուպցիոն մեխանիզմից՝ պետական բյուջեի հաշվառվող մուտքերով։ Սակայն նախագիծն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում չանցավ․ կողմ՝ 5, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ձեռնպահ քվեն ֆորմալ առումով հակադրվում է կողմին, հետեւաբար նախագիծը ստացավ բացասական եզրակացություն։
«46 տոկոսից զորակոչի թիվն իջավ 31-ի՝ վերջին հինգ տարիների ընթացքում, երբ մենք գոռում էինք՝ բոլորը պիտի ծառայեն․ նաեւ ԱԺ-ում կային մարդիկ, որոնց տղաներն ազատվեցին բանակից՝ առողջական խնդիրների պատճառով՝ լինելով շատ պինդ տղերք։ Սա վերաբերվում է ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորներին»,- գործընկերների երեսին շխկացրեց Հայկ Սարգսյանը:
Այս առաջին հայացքից տեխնիկական ձախողումը բացահայտեց շատ ավելի մեծ խնդիր՝ ՔՊ ներսում խորացող ճգնաժամն ու հակասությունները։ Փաստորեն, ստացվում է, որ նույն նախագծին ՔՊ-ական կառավարությունը, որի ղեկին նստած է Փաշինյան Նիկոլը, կողմ է քվեարկում, իսկ ՔՊ-ական պատգամավորներն այն, ըստ էության, բոյկոտում են: Ընդ որում՝ կառավարության նիստում ոչ մի նախարար օրենսդրական այս փաթեթին դեմ չի քվեարկել, հետեւաբար, որեւէ գերատեսչություն բացասական կարծիք չունի:
ՔՊ-ՈՒՄ ԻՐԱՐ ԱՐԴԵՆ ԿԵՂԾԱՐԱՐ ՈՒ ԵՐԵԿԵՐԵՍԱՆԻ ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ
ՔՊ-ի ներսում այս նախագիծը սկզբից ի վեր հակասական է ընկալվել։ Ըստ մամուլում առկա արտահոսքերի` իշխող խմբակցության փակ նիստում պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հորդորել են Հայկ Սարգսյանին հետ կանչել նախագիծը կամ առնվազն այն զգալիորեն վերախմբագրել։ Պարզվել էր, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը սկզբից ի վեր բացասական դիրքորոշում ունի, եւ Պաշտպանության նախարարությունը եւս լուրջ վերապահումներով է մոտենում նախաձեռնությանը։
Սակայն, Հայկ Սարգսյանը ոչ միայն չհրաժարվեց սույն նախագծից, այլեւ նախաձեռնությունը բերեց հանձնաժողովի օրակարգ։ Եվ դա՝ առանց հանձնաժողովի նախագահ Քոչարյանի համաձայնության։ ԱՄՆ-ում գտնվող Քոչարյանը ԱՄՆ-ից զանգահարել է հանձնաժողովի փոխնախագահին՝ պահանջելով նիստը չեղարկել։ Չեղարկեցին։ Իսկ երբ Քոչարյանը վերադարձավ, արդեն ինքն էր նիստը ղեկավարում՝ իր ոճով, կտրուկ ու սառը։ Այդ նույն նիստում էլ տեղի ունեցավ, այսպես ասած, ներքին «պայթյունը»։
Քոչարյան Անդրանիկը Սարգսյանին մեղադրեց վիճակագրություն կեղծելու մեջ, իսկ վերջինս՝ Քոչարյանին երկերեսանիության՝ իբր թե նախկինում նախագիծն աջակցելու համար, իսկ հիմա՝ խուսափելու։ Վեճը հասավ այնտեղ, որ Սարգսյանը նիստից հետո բարկացած լքեց դահլիճը, իսկ Քոչարյանը կատակեց լրագրողների հետ՝ «կարող է Ռոբերտ Քոչարյանի մասին է ասում»։
ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑԵԼ» ՈՒ ՔՊ-ԻՆ «ՀԱԳՑՐԵԼ Է» ԻՐԱՐ
Ստեղծված իրավիճակը բարդ է ոչ միայն իրավական, այլ առաջին հերթին՝ քաղաքական առումով։ Սարգսյանը հանձնաժողովի նիստում իր եզրափակիչ ելույթում հրապարակավ շնորհակալություն հայտնեց վարչապետ Փաշինյանին՝ նախագծին սկզբնական շրջանում աջակցելու համար, ինչից բխում է երկու հնարավորություն․ կա՛մ ՔՊ խմբակցությունն է ինքնուրույն կերպով, վարչապետի կամքին հակառակ, տապալել նախաձեռնությունը, կա՛մ՝ Փաշինյանն արդեն սովորական դարձած ոճով մի կողմ է քաշվել՝ նախ ցուցաբերելով հավանություն, ապա քաղաքական կամ իրավական ռիսկերն արձանագրելով՝ մերժման կամ կողմ լինելու պատասխանատվությունը գցել է խմբակցության գրպանը:
Փաշինյանը, հիշեցնենք, նախկինում էլ նմանատիպ մեխանիզմ է օգտագործել՝ սկզբում ցուցաբերելով «աջակցող» կեցվածք, իսկ խնդրի շուրջ աղմուկ բարձրանալուն պես՝ հեռանալով ու լուռ թողնելով նախաձեռնողներին բախվել ոչ միայն իրականությանը, այլեւ իրար հետ:
Ի դեպ, ՔՊ-ական այս երկու պատգամավորների՝ Քոչարյանի եւ Սարգսյանի փոխհարաբերությունները վաղուց են լարված։ Սակայն վերջին օրերին այս հակասությունները վերածվել են իրական հակամարտության։ Քոչարյանն արդեն բաց տեքստով է խոսում՝ ընդգծելով իր «ավելի փորձառու» կարգավիճակը. «Երբ Հայկ Սարգսյանը նոր էր ծնվել, ես արդեն ՊՆ նախարարի առաջին տեղակալն էի»։
Սա ավելին է, քան պարզապես պաթոս։ Սա փորձ է՝ ցուցադրելու հիերարխիա, վերադասություն, ուժ։ Իսկ Հայկ Սարգսյանը, իր հերթին, այս նախագծով փորձում է դուրս գալ ՔՊ «պարտադրված շղթաներից» ու դառնալ օրինաստեղծ անկախ խաղացող։ Այդ ինքնուրույնությունը, ինչպես երեւում է, վատ է ընդունվում ՔՊ բուրգի ներսում։
Ի ՎԵՐՋՈ, Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՔՊ-Ի ՆԵՐՔԻՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ
Նախագծի ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կլուծվի արդեն լիագումար նիստում, բայց ուշագրավ է այն, որ այսօր մեկնարկող նիստերի օրակարգում չի ընդգրկվել։ Համենայնդեպս, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանին հորդորել է նախագիծը մինչեւ աշնանային նստաշրջան հանել շրջանառությունից եւ լրացուցիչ քննարկումներ ծավալել, քանի որ այն խնդրահարույց է մի շարք առումներով: Առաջարկը պաշտպանել է նաեւ հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը: Եզրափակիչ ելույթում նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է նախաձեռնությունը շրջանառությունից չհանելու վերաբերյալ իր որոշումը:
«Իմ շփումները մեր պատգամավորներից՝ մեծամասնությունը կողմ է նախագծին, եւ դրանից ելնելով եզրակացնում, որ վաղը կներառվի նաեւ օրակարգում: Այո, ես պնդելու եմ եւ խնդրելու եմ, որպեսզի պատգամավորները քվեարկեն, և հարցը ներառվի նիստերի օրակարգում», - այս մասին էլ նախագծի հեղինակը ընդգծել է երեկ՝ իր հարցազրույցներից մեկում:
Այս պահին մնում է փաստել, որ «առաջին ռաունդում», Քոչարյան Անդրանիկը բացարձակ հաղթող էր, բայց այն, որ Հայկ Սարգսյանն էլ սա առանց ռեւանշի չի թողնի, վստահ են անգամ ՔՊ-ում: Այնպես որ, չի բացառվում, որ սա կարող է դառնալ ՔՊ ներսի հերթական ճաքերի սկիզբը։
Ինչ խոսք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ականները փորձելու են մեկը մյուսի նկատմամբ «վերխ» վերցնել՝ ի ցույց դնելով, որ մեկը մյուսից ավելի կարեւոր են նախընտրական ցուցակում հարմար տեղ գրավելու համար: Չէ որ բոլորն էլ գիտակցում են, որ ՔՊ-ն էլ միանձնյա թվեր չի խփելու, եթե ընդհանրապես կարողանա վերարտադրվել:
Որքան էլ իշխանությունը փորձի ցուցադրել մոնոլիտություն, այս նախագիծը եւ դրա շուրջ բարձրացած աղմուկը մեկ բան հստակ ցույց տվեց՝ ՔՊ-ն ներսից սկսում է քայքայվել։ Իսկ դա, ինչպես գիտենք, ցանկացած իշխանության վերջի առաջին ազդակն է։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
