«ԿԱՐԵՎՈՐԸ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴՐՈՇԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ». ԱՆՎԱՆԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ
ՍպորտՎերջերս Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում, հավաքականի առաջատար, ՕԽ արծաթե ու բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժության եզրափակչում մարզական կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։
Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Անչափ ուրախ եմ այս հաղթանակների համար։ Այս Եվրոպայի առաջնությունում մենք իսկապես շատ լուրջ արդյունք ցուցաբերեցինք։ Երիտասարդները հանդես եկան փայլուն կերպով։ Երիտասարդական ԵԱ-ից հետո միանգամից մեծահասակների պայքար և ոսկե, արծաթե մեդալներ, սա փայլուն արդյունք եմ համարում։ Ես շատ ուրախ եմ նրանց համար, նաև ուրախ եմ Արթուր Ավետիսյանի համար, որ վերջապես նրան հաջողվեց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մեդալ նվաճել։ Իմ հաղթանակի համար էլ եմ շատ ուրախ։ Անբացատրելի զգացողություններ ունեմ, հպարտ եմ։ Այս մեդալներով հայրենիք վերադառնալը մեծ արդյունք է։ Կարևորը կարողացանք մեր երկրի դրոշը բարձր պահել Գերմանիայում։ Իմ վարժության հենացատկի եզրափակիչը լարված էր, մրցակցությունը շատ բարդ էր։ Մրցակիցներս շատ լավ կատարեցին իրենց ցատկերը։ Ուկրաինացի մարզիկը առաջինը մոտեցավ գործիքին ու շատ լավ ցատկեր կատարեց։ Նրանից հետո անգլիացին ավելի լավ ցատկեց։ Շատ դժվար էր։ Ես հաղթելու այլ տարբերակ չունեի, եթե երկու ցատկերը մաքուր չկատարեի ու վերջում քայլ անեի։ Իմ հաղթանակը ապահովեց երկու ցատկերում էլ վերջում քայլ չանելը։ Հավաքվեցի ու արեցի իմ առավելագույնը։ Իհարկե, կան թերություններ, աշխատելու տեղ դեռ շատ ունենք, սխալներն ուսումնասիրել ենք։ Ամեն դեպքում, ես ԵԱ - ում արել եմ իմ մաքսիմումը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
