ԻՆՉՈՒ ԷՐ ԵԿԵԼ ՄԱՏՎԻԵՆԿՈՆ
ՎերլուծությունԱհա ներկայիս գլոբալ շատ սուր, բայց նաեւ հանգուցալուծումային իրադարձությունների ֆոնին էլ 'Te;s naeu https://iravunk.com/?p=315185&l=am" տեղի ունցավ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցը: Առաջին հայացքից սովորական այց էլ՝ «հյուր բարեկամին» տարբերակով: Բաբաջանյաններն էլ դրսում մի տաս-տասնհինգ հոգով բողոքում էին, բայց դա եւս արդեն «ավանդույթի» պես մի բան է դարձել, ընդհանուր մթնոլորտի վրա չազդող:
Ջան-ջիգարային ելույթներ, հիմնական հյուրընկալողը՝ Ալեն Սիմոնյանը, ժպտում էր այնպես, ինչպես միայն Փելոսիի այցի ժամանակ էր ժպտացել: Հետո էլ սկսեց խոսել դարավոր երկկողմ հարաբերությունների հարուստ պատմությունից՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանքի, վստահության եւ երկարամյա բարեկամության վրա։ Նաեւ, որ ներկայումս էլ. «Միջտարածաշրջանային համագործակցությունը նոր խթան է հաղորդում այդ հարաբերություններին»: Տնտեսություն, արդյունաբերություն, մշակութային կապեր եւ այդպես շարունակ: Մի խոսքով՝ ամեն ինչ փայլուն է: Ու չես էլ հավատում, որ այդ ամենի մասին խոսում է ռսին ամեն քայլի բերանից եկածն ասող Ալենը:
Պակասն էլ Նիկոլը չէր: Մատվիենկոն մինչեւ իսկ լրագրողներին փոխանցեց նրա խոսքը, թե՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը Վլադիմիր Պուտինի հետ որեւէ խնդիր չունի. «Նիկոլ Վովաեւիչը ողջույններ է փոխանցել մեր նախագահին եւ հատուկ ընդգծել, որ որոշ ակնարկներից անկախ՝ ինքը եւ Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն եւ շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ, եւ ինքը որեւէ խնդիր չունի ՌԴ նախագահի հետ իր հարաբերություններում։ Ամենաբարդ իրավիճակներում իրենք միշտ գտնում են փոխըմբռնում եւ անհրաժեշտ լուծումներ»:
Ու այստեղ պարզ հարց է ծագում՝ իսկ այն բոլոր խնդիրները, որոնք պարբերաբար ներկայացնում է Նիկոլը, ասենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված բողոքները, որոնք արդեն երեք տարի կան եւ տեղից չեն շարժվում, Նիկոլ Վովաեւիչի եւ Վլադիմիր Վլադիմիրովիչ հարաբերությունների դաշտում չե՞ն, թե՞ ՀԱՊԿ-ում Լուկաշենկոն է «ռուլիտ անում», տեղյակ չենք:
Բայց լավ, եթե Նիկոլը Պուտինի հետ խնդիրներ չունի, եւ եղած հարցերին էլ տեղում «անհրաժեշտ լուծումներ» են տալիս, դա նշանակո՞ւմ է, որ Նիկոլն այլեւս բողոք, պարտք ու պահաջ, տալիք-առնելիք չունի եւ այդ մասին այլեւս ժամանոց ճառեր չի կարդալու: Նույն ՀԱՊԿ-ի մասին, նաեւ Կապանում շատ արագ ռուսական հյուպատոսարանը կբացվի. տեսնենք:
Մյուս կողմից, Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը հետաքրքիր տեղեկություն հայտնեց, թե՝ Նիկոլ Փաշինյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը տեւել է «նախատեսվածից շատ ավելի երկար»: «Բանակցությունները նախ տեղի են ունեցել առանձնազրույցի ձեւաչափով, այնուհետեւ զրույցը շարունակվել է ընդլայնված ձեւաչափով»: Այսինքն, ինչ-որ լուրջ թեմաներ, այնուամենայնիվ, բավականին երկար քննարկվել են: Եվ դա, իհարկե, որոշակի տրամաբանություն ունի, հաշվի առնելով նաեւ ոչ վաղ անցյալում տեղի ունենած Լավրովի հայաստանյան այցը:
Լավրովի այցի շրջանակներում քիչ չէին խոսակցությունները, որ նա Նիկոլին ներկայացրել է ներկա պահին ձեւավորվող շատ կոնկրետ իրավիճակ, որի շրջանակներում էլ Նիկոլից սպասվում են նույնքան կոնկրետ հարցերի պատասխաններ՝ Ռուսաստանի հետ նրա իրական հարաբերությունների հետ կապված: Նույն խոսակցությունները նաեւ այն մասին էին, որ քննարկումները կշարունակվեն Մատվիենկոյի այցի ժամանակ, եւ կտրվեն սպասված պատասխանները:
Ահա այս համատեքստում, Կրեմլի անցուդարձերից որոշակիորեն տեղյակ աղբյուրը, ով դեռ անցած տարվանից էր խոսում ԱՊՀ ուղղությամբ ռուսական քաղաքականության համակարգումը Կիրիենկոյին փոխանցելու եւ, ըստ այդմ, միանգամայն նոր քաղաքական մոտեցումների գործարկման մասին, օրերս հայտնեց, որ այդ գործընթացը գործնականում ավարտված է: «Նախագահական աշխատակազմը առաջիկա շաբաթվա ընթացքում ավարտում է արտաքին քաղաքականության բլոկի լայնածավալ վերագործարկումը: Ներքին տեղեկությունների համաձայն, Սերգեյ Կիրիենկոն ստացել է լիարժեք վերահսկողության քարտ-բլանշ՝ ոչ միայն ԱՊՀ-ի համար: Սա նշանակում է ազդեցության նախկին կառուցվածքի ապամոնտաժում, ամբողջ կառուցվածքը կվերափոխվի հետխորհրդային տարածքի հիմնական համակարգողների կողմից: Նրանց կփոխարինի նոր թիմ՝ շեշտը դնելով մեղմ ուժի ոլորտում համակարգային աշխատանքի եւ արտասահմանում հավատարիմ ուժերի հետ գաղափարախոսական կապերի կառուցման վրա: Խոսքը Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիրքորոշման ամբողջական, վերահսկվող մեխանիզմի ձեւավորման մասին է՝ իմաստների, լրատվամիջոցների պատկերների եւ քաղաքական ազդեցության ցանցերի մակարդակով։ Ստեղծվում է նոր կառուցվածք, որտեղ արտաքին պարագծի կառավարումը ոչ միայն կուղեկցի Արտաքին գործերի նախարարության ընթացքին, այլեւ կստեղծի արժեքի եւ ազդեցության երկարաժամկետ ուղիների վերնաշենք, որը դուրս կգա «ռեսուրսային դիվանագիտության» շրջանակներից»:
Թե գործնականում ինչ տեսք կունենա այդ նոր քաղաքական կուրսը, թերեւս ամենամոտ ժամանակներս կսկսի աստիճանաբար տեսանելի դառնալ: Եվ այդ համատեքստում, մասնավորապես հայաստանյան ուղղությամբ, որը, Ադրբեջանի հետ աճող հակասությունների ֆոնին, Մոսկվայի համար նորից առաջնային է դառնում, բնական է, որ նախ ռուսական կողմի համար անհրաժեշտ է Նիկոլից վերջնականապես գլուխ հանել, այդ թվում՝ մի գլուխ այս կողմից այն կողմ թռիչքների հետ կապված: Եվ, թերեւս, հենց դա էր Մատվիենկոյի այս այցի հիմնական առաքելությունը: Թե ինչ արդյունավետությամբ, երեւի ամենամոտ ժամանակներս պարզ կդառնա: Բայց այն, որ Նիկոլը շարունակում է համառորեն առաջ տանել եկեղեցու եւ Վեհափառի թեման, արդեն իսկ ակնարկ է, որ բրիտանացիների խաղերը դեռ ակտիվ ընթացքի մեջ են:
