Հայաստանի հավաքականն Չերնոգորիայի դեմ արտագնա ընկերական խաղն ավարտել է 2։2 հաշվով։ Հայաստանի թիմի կազմում դուբլ է ձևակերպել Էդուարդ Սպերցյանը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
«Կարծում եմ՝ որոշ գործոններով կարողացանք բարելավել մեր խաղը։ Կարծում եմ՝ գեղեցիկ խաղ ցուցադրեցինք։ Շատ արագ բացեցինք հաշիվը, հետո արագ էլ բաց թողեցինք։ Հավասար խաղ էր, բայց, կարծես, մենք ավելի շատ պահեր ունեինք․․․ Ժիրայր Շաղոյանի, Նարեկ Գրիգորյանի պահերը։ Արդյունքն, իհարկե, շատ կարևոր է, բայց ավելի կարևոր է տեսնել , որ թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ»,- ասել է մասնագետը։
Մարզիչը խոսել է նաև թիմում մրցակցության մասին։
«Մենք դեռ երեք ամիս ունենք մինչև առաջին պաշտոնական հանդիպումը։ Ֆուտբոլիստները մինչմրցաշրջանային հատվածում պետք է իրենց այնպես դրսևորեն, որպեսզի մեզ համար հետագա կազմի ընտրությունը հասկանալի լինի։ Մրցակցությունը հենց խաղացողների միջև է։ Ազգային թիմում պետք է վստահ լինել, որ ճիշտ պահին ճիշտ տեղում ես։ Նրանք բոլորը հավաքականի Օրինակ, Վատոն այսօր շատ ավելի լավ խաղաց, քան՝ «Փյունիկում»։ Նա նման էր ինքն իրեն, կազմակերպում էր խաղը, կռիվ էր տալիս, պայքարում էր։ Բոլորը պետք է մեկ քայլ առաջ կատարեն՝ մրցակցությունը հաղթելու համար։
Եթե չունենանք լավ մարզավիճակում գտնվող 9 համար, հնարավոր է օգտագործենք կեղծ 9 համար։ Միրանյանն իր ակումբում խաղային պրակտիկա չունի, բայց մեզ համար շատ լավ էր, որ նա այս հավաքին մասնակցեց, շատ լավ էր մարզվում, ցավում եմ՝ քիչ խաղաժամանակ ստացավ։ Բայց նրա համար էլ այս հավաքը լավ էր, որպեսզի կարողանա մրցակցություն ծավալել մյուս խաղացողների հետ»,- ասել է Ջոն վան՛տ Սխիպը։
