Դեռ ինչքա՞ն պետք է մեզ աշխարհով մեկ խայտառակ անեն, որ սթափվենք, ամաչենք, համախմբվենք. Հայկ Ղազարյան
Թեմա«Երեկ վաղ էր, վաղը ուշ կլինի»... Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի այս արտահայտությունն արդիական է նաեւ մեր այսօրվա հայկական իրականության համար, ինչը նշանակում է որ ամեն ինչ պետք է չհետաձգել մինչեւ վաղը։ Մեր համար ես կձեւակերպեի այսպես` «Երեկ ուշ էր, այսօր շատ ուշ է, իսկ վաղը կլինի կործանարար»։ Եթե համախմբված ու միասնական լինեինք և այս ապազգային իշխանությունների հեռացումն այսքան չհետաձգեինք, չէինք կորցնի Արցախը և չէինք հայտնվի այս խղճուկ իրավիճակում։
Անցյալը հետ բերել հնարավոր չէ, իսկ ապագան մշուշոտ է, այս օրն է, որ մեզ է պատկանում, որ կարող ենք փոխել իրականությունը։ Լենինն այս խոսքերն ասել է այն նպատակով, որ հեղափոխության կամ իշխանափոխության ժամանակ ցանկացած ուշացում կհանգեցնի անցանկալի հետեւանքների։ Իսկ հեղափոխական ու արմատական բարեփոխումների տրամադրված ժողովուրդը ձգձգումների պարագայում կարող է հիասթափվել, կարող են նոր խանգարող հանգամանքներ ի հայտ գալ պայմանավորված աշխարհքաղաքական եւ այլ գործոններով։ Իսկ հեղափոխությունների համար ժամանակի ճիշտ ընտրությունը շատ կարեւոր է։
Անգործությունը, որպես կանոն, հանգեցնում է անտարբերության, պասիվության, նրան, որ շրջապատող իրականությունը եւ պայմանները միայն ոչ նպաստավոր են դառնում։ Դա պետք է նկատի ունենան քաղաքական ընդդիմադիր առաջնորդներն ու մտավորական էլիտան։ Իսկ իշխանափոխության հանրային պահանջ վաղուց է հասունացել։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա։ Դեռ ինչքա՞ն պետք է այս իշխանությունները հանձնեն, ինչքա՞ն պետք է մեզ աշխարհով մեկ խայտառակ անեն, այլասերեն, ապականեն, ահաբեկեն, դավաճանեն, կեղեքեն, նվաստացնեն, պղծեն, ծաղրեն, կազմաքանդեն, արժեզրկեն, պառակտեն, մեր բարեկամներից վանեն, որ սթափվենք, ամաչենք, համախմբվենք, վեր կանգնենելով մեր ամբիցիաներից ու շահերից եւ հասկանանք, որ բոլորս նույն նավի մեջ ենք եւ միասին ենք խորտակվելու, կործանվելու։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
