Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո
Հասարակություն
Վրաստանի ԱԳՆ–ն հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերի համար վրացական գրանցմամբ օդանավին թույլտվություն տալ իրականացնելու չարտերային չվերթ դեպի Կոսովո։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է՝ «նախատեսված ուղղություններով (Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա և Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա) չարտերային թռիչք իրականացնելու կապակցությամբ դիվանագիտական թույլտվությունը Վրաստանի ԱԳՆ կողմից բացակայում է»։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, անդրադառնալով թեմային, «Ազատությանը» պատասխանել է, թե «Վրաստանի արտգործնախարարությունը երբեք չի մերժել հայկական կողմին Վրաստանի օդային տարածքով չարտերային թռիչք իրականացնելու հարցում»։ ՀՖՖ ուղարկված երկրորդ հարցման մեջ մեջբերել էինք իրենց իսկ կնքած պայմանագիրը, ըստ որի՝ Վրաստանի արտգործնախարարության կողմից համապատասխան թույլտվություն չկա, նաև խնդրել էինք բացատրել՝ ինչո՞ւ է ՀՖՖ-ն փոխել ավիափոխադրման արժեքը։ Ֆեդերացիան այդ՝ երկրորդ հարցմանն այդպես էլ չի արձագանքել։
«Սքայ ընդ մոր» ընկերությունը, արձագանքելով «Ազատության» հարցերին, տեղեկացրել է, որ վրացական գրանցումով օդանավը չի կարողացել ստանալ Վրաստանի ԱԳՆ դիվանագիտական թույլտվությունը դեպի Կոսովո թռիչքի համար։ «Չվերթները իրականացվելու են եվրոպական գրանցումով օդանավով, ինչը ազդել է գնի փոփոխության վրա»,- տեղեկացրել են ընկերությունից։
Վրաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, չկան դիվանագիտական հարաբերություններ, և ենթադրաբար սա է թռիչքի թուլտվության մերժման հիմքը։
Վրաստանի արտգործնախարարությունից «Ազատության» հարցերին չեն պատասխանել։