«Աշխարհը դրանից փուլ չի գալիս»․ Միրզոյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն պայմանագրային պայմանավորվածություններ, որոնք երկու կողմերն էլ փորձում են ամբողջ ծավալով իրականացնել։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր հարաբերություններն այսօր ՌԴ-ի հետ շատ գործընկերային են։ Գիտեք, որ մեր հարաբերություններն ու պարտավորությունները թղթով սահմանված են։ Մենք փորձում ենք այնպես անել, որ թղթով սահմանված ամբողջ պարտավորություններն իրականացնենք։ Բացի դրանից, մենք ունենք շատ լավ համագործակցություն տարբեր ոլորտներում։ Մենք Եվրասիական տնտեսական միության անդամներ ենք, Հայաստանն իր համար շահավետ համագործակցություն ունի էնտեղ», – ասել է նա ու հավելել, որ այդ հարաբերությունները, սակայն «անամպ չեն»։
Միրզոյանի կարծիքով, «կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց պատկերացումներն ունեն», հայկական կողմը՝ իրենը։
«Նորմալ ապրում ենք այդ պատկերացումներով, աշխարհը դրանից փուլ չի գալիս։ Բայց դա մի մասն է, որտեղ կան անհամաձայնություններ, կան բազմաթիվ տեղեր, որտեղ կան համաձայնություններ։ Առողջ հարաբերություններ են»,- նկատել է նա։