Հայաստանը պետք է կատարի Բաքվի կողմից առաջ քաշված պայմանները․ ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպան
Միջազգային
«Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի, սակայն հայկական կողմը պետք է կատարի Բաքվի կողմից առաջ քաշված պայմանները, այսինքն՝ վերացնի տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները»։
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը տեղական Diplomatic Watch հրատարակությանը տված հարցազրույցում։
Ադրբեջանցի դիվանագետը գոհունակությամբ նշել է, որ երկրները համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս տարվա մարտին։
«Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Սակայն, ինչպես մենք բազմիցս ասել ենք հայկական կողմին, կան մի քանի հիմնարար և շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն համաձայնագրի ստորագրումից առաջ։ Ադրբեջանն ունի շատ իրատեսական դիրքորոշում, որին աջակցում է միջազգային հանրությունը։ Կարևոր կետերից մեկն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ մենք կայուն խաղաղություն չենք ունենա, եթե երկրի հիմնական օրենքը հակասի դրան։ Հետևաբար, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը անհրաժեշտ է», - ասել է նա։
Դեսպանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, որն այսօր գոյություն ունի միայն թղթի վրա։ «Դրա լուծարումը կցույց տա, որ հակամարտությունն իսկապես ավարտվել է, և մենք շարժվում ենք դեպի ավելի խաղաղ տարածաշրջան», - ասել է Իբրահիմը։