Ինչ ծրագրեր ունի «Ինտերը» Մխիթարյանի վերաբերյալ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, չնայած պայմանագրի լուծման հնարավորությանը, ընդգրկվել է «Ինտերի» հայտացուցակում՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա Հյուսիսային Ամերիկայում։
Tuttosport-ի՝ հաղորդմամբ, «Ինտերը» որոշել է հայտացուցակում ներառել ոչ միայն Մխիթարյանին, այլև թիմի մյուս վետերաններին՝ Ֆրանչեսկո Աչերբիին, Մատեո Դարմյանին և Ստեֆան դե Վրեյին։ Չնայած նրան, որ այս խաղացողների պայմանագրերում առկա է լուծման կետ, որով ակումբը կարող է դադարեցնել համագործակցությունը՝ վճարելով ընդամենը 500 հազար եվրո փոխհատուցում, «Ինտերը» որոշել է վստահել նրանց փորձին միջազգային մրցաշարում։
Մխիթարյանը շարունակում է ցուցադրել բարձր մակարդակի խաղ «Ինտերի» կազմում՝ լինելով թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նրա փորձն ու բազմակողմանիությունը կարևոր դեր կխաղան առաջնության ընթացքում, որտեղ «Ինտերը» կմրցի աշխարհի լավագույն ակումբների հետ։ Սակայն, ինչպիսին կլինի կողմերի որոշումը համատեղ ապագայի վերաբերյալ դեռ անհայտ է։
Միևնույն ժամանակ, «Ինտերը» որոշել է չերկարաձգել Մարկո Առնաուտովիչի և Խոակին Կոռեայի պայմանագրերը, և այս խաղացողները չեն մեկնի թիմի հետ ԱՄՆ՝ մրցաշարին մասնակցելու համար։