Ծիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Արմեն Գեւորգյանի կնոջ արձագանքը
Հասարակություն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը սոցցանցում անդրադարձել է իր գործով նախաքննության ավարտին՝ նշելով, որ իրավապահ համակարգին այդպես էլ չի հաջողվել փաստացիորեն կապել իր դեմ ներկայացված մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ։
«Այսօր տարածվեց հաղորդագրություն` դեռևս 2021 թվականի մայիսին ինձ ներկայացված մեղադրանքի մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Ամբողջությամբ քաղաքական իմաստ ունեցող այս գործի մասին արդեն խոսվել է։ Այնուամենայնիվ, որոնեցին երկար, մանրակրկիտ, բայց այդպես էլ չկարողացան փաստացիորեն կապել մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ, որոնք պարզապես բացակայում են։ Արդյունքում՝ ունեն ենթադրություններ, բայց՝ առանց փաստերի։ Այնտեղ, որտեղ կան փաստեր, բացակայում է դրանց իրատեսական բացատրությունը։
Իրավապահ համակարգի՝ իմ ընտանիքի և կնոջս հարազատների ունեցվածքի դեմ տարվող յոթ տարիների պայքարը հիշեցնում է հայտնի Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Բայց նրա պայքարում կար խորքային իմաստ, իսկ մեր իրավապահների դեպքում այն դարձավ ընդամենը «հեղափոխական արդարադատության» մարմնավորումը, որը որևէ կապ չունի ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի գերակայության հետ։