Փաշինյանի ընտանիքի լրատվամիջոցը մեկ շաբաթում 130 անգամ թիրախավորել է Եկեղեցին
Վերլուծություն
Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը, խոսելով Վանաձորում կայացած «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության ժամանակ, անդրադարձել է հանրային դաշտում տարածված ատելության խոսքին։ Իր ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ միջոցառման ընթացքում մի կին հետեւյալ հարցն է ուղղել նրան. «Չե՞ք կարծում, որ ատելության խոսքը, առանց այդ էլ, չափազանց տարածված է, եւ նման հայհոյախառն արձագանքներով դուք էլ ավելի պայթյունավտանգ մթնոլորտ եք ստեղծում»։
Ի պատասխան՝ տիկին Հակոբյանը նշել է, որ նախաձեռնության նպատակներից մեկը հենց այն է՝ պայքարել հանրային խոսքի ցածր մակարդակի, ատելության, բռնության եւ սեքսիստական արտահայտությունների դեմ, ինչպես նաեւ ընդդիմանալ կանանց թիրախավորմանը։
Սակայն իր խոսքում Աննա Հակոբյանը նաեւ արդարացրել է հայհոյախառն արձագանքները՝ պատճառաբանելով, թե իրենց վիրավորող կողմը հանդես է գալիս «ներքեւի» բառապաշարով, եւ իրենք ստիպված են իջնել այդ մակարդակին, որպեսզի չլռեն ու կարողանան պատասխանը տեղում տալ։
Մենք որոշեցինք ուսումնասիրել՝ որքանով է այս մոտեցումն արտահայտվում իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցներում։ Մասնավորապես՝ դիտարկման կենտրոնում է եղել վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքի գործունեությունը։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ուսումնասիրությունը սկսել ենք մայիսի 29-ից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Մեր եկեղեցիները չուլանացված են։ Չու-լա-նաց-ված»։
Այս հայտարարությունից հետո «Հայկական ժամանակի» ֆեյսբուքյան էջը սկսել է գրեթե անդադար հարձակումներ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւորականների հասցեին։
Մայիսի 29-ից մինչեւ հունիսի 3-ը լրատվականի ֆեյսբուքյան էջում իրականացվել է շուրջ 570 հրապարակում, որոնցից 130-ը (շուրջ 1/4-ը) ուղղակի կամ անուղղակի կերպով նվիրված են եղել Եկեղեցու դեմ արշավին։ Որոշ հրապարակումներ տեղադրվել են մի քանի անգամ՝ վերատպումով կամ վերանորոգված վերնագրերով։
Այս հրապարակումներում հաճախ օգտագործվել են ծայրահեղապես նվաստացնող, ոչ պրոֆեսիոնալ եւ նույնիսկ քրեորեն հետապնդելի բառապաշար։ Հնչեցվել են մեղադրանքներ՝ առանց որեւէ փաստարկի կամ ապացույցի, որոնց մի մասը համապատասխանում է սուտ մատնության կամ զրպարտության իրավական ձեւակերպումներին։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ատելության եւ բռնության խոսքի այս ծավալը, հատկապես եկեղեցու եւ հոգեւորականների դեմ, որեւէ կերպ չի արձագանքվել իրավասու մարմինների՝ Մարդու իրավունքների պաշտպանի, դատախազության կամ Քննչական կոմիտեի կողմից։
Հաշվի առնելով այս ամենը՝ ստորեւ ներկայացնում ենք մի քանի օրինակ՝ փաստելու համար քարոզչական արշավի ծավալն ու ուղղորդված բնույթը: Գլխագրերում կարդում ենք՝
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վերջին հայտարարություններից մեկն է. «Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»:
«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են», - հայտարարել է Աննա Հակոբյանը: Կրկին նրա մտքերից է հետեւյալը. «Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում որոշ եպիսկոպոսների».
«Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն, ինչ քարոզում են, կամ քարոզում այն, ինչ անում են», - հարց է բարձրացրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը դարձնում է բարեպաշտ, իսկ «գործերն»` անտեսանելի», - ընդգծել է ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ապա նաեւ նշել է. «Գարեգին Բ-ն մոռացել է, որ ինքը եկեղեցին ներքաշեց քաղաքական գործընթացների մեջ՝ «սրբազան» գործուղելով»:
«Մենք Մայր Աթոռը շտաբ սարքենք, եկեղեցում պաստառ փակցնենք, ձեզ անիծենք, դուք՝ հարգանքով խոսեք», - սա էլ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոտեցումն է: Նա նաեւ տեղեկացրել է. «Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ եւ ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է»: Նրա մյուս հնչեցրած միտքն այսպես է վերնագրված. «Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք»:
«Մեղմ ասած՝ լարվել են հոգեւորականները, որոնց խաչը համբուրելն ուղիղ համեմատական է գրպանը խցկած գումարին», - նշել է Ջուլիետա Ազարյանը:
«Մենք բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատռելու ենք՝ անուն առ անուն», - հոխորտացել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտարարել է. «Վարչապետն օգտագործել է նման բառամթերք կոնկրետ անձի նկատմամբ, որին նա արժանի է»: Ա. Հովհաննիսյանը եւս մի պնդում է կատարել. «Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք»: Մեկ այլ վերնագրում կարդում ենք. «Պե՞տք է Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. Հովհաննիսյանը հարցում է անցկացրել»:
«Փոխանակ գնան եկեղեցին չուլանի վերածողներից պատասխան պահանջեն, եկել կեղծ բարեպաշտություն են խաղում», - թեմային խառնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա հեգնել է. «Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել»: Նրա մտքերից է նաեւ սա. «Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված»:
«Եթե կուսակրոն եկեղեցականը խախտել է երդումը, պետք է կրի պատասխանատվություն՝ մինչեւ կարգալուծում», - իր գնահատականն է արտահայտել ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ «Այ սենց պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների», «Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների»:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի. «Հասարակությունն իրավունք ունի հոգեւոր առաջնորդությունը ստանձնածներից պահանջել բարեպաշտություն»:
«Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ», - հայտարարել է մերձիշխանական «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: Նա իբրեւ մանրամասնում է. «Կան հոգեւորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու»:
«Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգեւորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երեւալ», - ասում է վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը:
«Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա», - նշել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը: Նրա խոսքերից այլ նյութերը վերնագրված են հետեւյալ կերպ՝ «Եկեղեցին չի արդարացնում այն սպասելիքները, որը հասարակությունն ունի», «Եկեղեցին չի ծառայում Հայաստանին. իշխանությունը նրանում չի տեսնում հենարան», «Հաշվի առնելով վեհափառի՝ ՌԴ-ից ստացած մեդալները՝ նա ծառայում է այդ երկրին, ողբերգություն է», «Եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա», «Ես չեմ տեսել մի տուն, որտեղ Գարեգին Բ-ի նկարը կախված լինի»:
Մեկ ուրիշ քաղաքագետի՝ Հովհաննես Մկրտչյանի հարցազրույցն էլ վերնագրված է այսպես. «Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին»: Կրկին նրա մտքերից է. «Առանձին հոգեւորականներ պատերի տակ նստած ջադուներից ոչնչով չեն տարբերվում»: Կամ սրանք՝ «Եկեղեցին որոշ պղծված հոգեւորականները չեն», «Գարեգին Բ-ն գնացել Կոպրիկինի հիմնարկից շքանշան է ընդունել», «Դուք կուրսընկեր չե՞ք ունեցել, որ հայրիկը եղել է թաքուն հոգևորական կամ թաքուն պահված հայրիկ», «Ինչքան կարելի է հայհոյել, անիծել, թավիշին վերջ պետք է դրվի»: Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին էլ նշել է. «Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն»:
«Դրանք բոլորն այլանդակներ են, առանձին «սեկտա». քաղաքացիները՝ կուսակրոնության ուխտը խախտածների մասին», - սա էլ ՀԺ-ի անցկացրած հարցման վերնագիրն է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է. «Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է»:
«Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից», - այսպես է արտահայտվել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ Մարմաշենի վանահոր մասին: Կրկին չախոյանական մտքերից են՝ «Հոգեւորականների դերը Աստծուն ու ժողովրդին ծառայելն է եւ ոչ թե շեֆություն անելը», «Աստծուն խաբողը՝ բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ», «Ոչ մի հոգեւորական եկեղեցին հետը օժիտ չի բերել ու չի տանելու»:
«Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին եւ նրա ավազակախմբին»,- գրել է Երեւանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք», - քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն է ասել հոգեւորակններին: Իսկ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը եզրահանգել. «Հոգեւոր ժողովը պետք է դատապարտի սեփական օրենքները խախտած անձանց եւ փրկի եկեղեցու հեղինակությունը»:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ահա եւ բազմաթիվ փաստեր ու սա ներկայացվում է իբր թե ատելության խոսքի դեմ պայքար, ինչը փաստացի վերածվել է պետական վերահսկողությամբ ատելության քարոզչության՝ ընդդեմ հոգեւոր դասի։ Բռնության կոչերին, բարոյական ջարդի փորձերին ու զրպարտչական ալիքին զուգահեռ հնչում են պաշտոնատար անձանց հրապարակային սպառնալիքները, որոնք ակնհայտորեն սահմանում են հստակ թիրախ՝ Հայ Առաքելական Եկեղեցին եւ նրա սպասավորները։
Սա արդեն ոչ թե քաղաքական բանավեճ է, այլ արժեքային պատերազմ: Եվ այս պատերազմում իշխանությունը, ըստ էության, ոչ թե հակառակորդ քաղաքական ուժի, այլ դարերով ձեւավորված հոգեւոր ու ազգային ինքնության դեմ է դուրս եկել:
ՀԱԵ-ն այսօր միայն կրոնական կառույց չէ, այլ ազգային ինքնության, պատմական հիշողության ու միասնության խորհրդանիշ։ Եվ նրա դեմ թիրախավորված հարձակումներն ունեն մեկ նպատակ՝ խզել ժողովրդի կապը իր արմատների հետ եւ ձեւավորել կառավարվող, արմատախիլ արված հասարակություն։
Այս ամենի ֆոնին ակնհայտ է. իշխանությունն անցել է վերջին գիծը։ Սրանից այն կողմ խոսում ենք ոչ թե բանավեճի, այլ պետական սադրանքի եւ ազգային ինքնաոչնչացման նախագծի մասին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ