Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...
Ներքաղաքական
1. «Պատմամշակութային հուշարձան ա, չէ՞, որը էսօր կառավարում ա ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ՊՈԱԿ ա կառավարում: Մենք խնդիր դնում ե՞նք ըտեղի սանիտարական վիճակի մասին: Ես պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված»:
Այն, որ Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր գյուղերի տնային տնտեսուհիները ապշել էին Նիկոլի տան «սանիտարական վիճակից», դա փաստ է: Իսկ այդ հայուհիները հասցնում են եւ կով կթել, եւ հաց թխել, եւ այգում գործ անել, եւ բոստանում (էլ չեմ ասում, այդ ամենի հետ ճաշ, լվացք, երեխա, դասեր): Սակայն այդ հայուհիների տների մաքրությունը աչք է շոյում: Խոսում եմ փաստացի, քանի որ Արցախի ՀԱՅԱԹԱՓՈՒՄԻՑ հետո շրջում էինք գյուղից գյուղ, որ վարձով տուն ճարեինք, եւ ԱՄԵՆՈՒՐ ուղղակի ապշում էի տների մաքրության եւ կոկիկության վրա: Ընդ որում, սովորական մարդկանց տներ էի այցելում, որ էժան լինի վարձը.. Հիանում էի մեր հայուհիներով... Ասում էի, լավ, ե՞րբ են հասցնում: Այնպես որ, ով-ով, բայց Նիկոլը հաստատ չպետք է խոսի «սանիտարական վիճակի» մասին:
Ժողովուրդն ասում է. «Աչքիդ գերանը հանի, նոր արի իմ աչքի չոփից խոսի...»
2. «Ինչքա՞ն կարելի ա էսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի ա էդքան խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ ըլնել: Ինչքա՞ն կարելի ա ոտի տակ տալ սրբությունները»:
Այս բոլոր հարցերը հենց Նիկոլին պետք է հղեին 3 միլիոն վարչապետները, ում անամոթաբար խաբել է, խաբում է եւ դեռ խաբելու է Նիկոլը: Ընդամենը պետք է նայել նրա տեսահոլովակները, սկսած 2018 թվականից եւ «արտասուրբ» լինողի ու «սրբությունները ոտի տակ» տվողի կերպարը ողջ էությամբ մանրակրկիտ կպատկերվի մարդկանց անկանխակալ հայացքի առաջ:
Այս նույն հարցերը հետադարձենք Նիկոլին նաեւ որպես երկրի վարչապետ, այն է` պետական այր:
Տարբեր առիթներով լինելով տարբեր երկրներում, կիրթ մարդը հարգանքով է վերաբերվում այդ երկրի մշակույթին եւ կրոնին: Ավաղ, Նիկոլը հյուր չի Հայաստանում, որ մի ամսից թողի գնա: Նա, ոչ բարով եւ ի դժբախտություն ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ, համարվում է ՀՀ վարչապետ: Ընդունենք, որ նա աթեիստ է, եւ դա է պատճառը, որ գոնե Տերունական Տոներին չի մասնակցում եկեղեցական արարողություններին: Թեպետ, որպես երկրի 3-րդ դեմք, նա պարտավոր է հարգանք ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ` որպես Հայաստանի Հանրապետության կարեւորագույն ինստիտուտ: Սակայն թե՛ իր, թե՛ իր թիմի պահվածքը, որը նրանք դրսեւորել են այս տարիների ընթացքում, վկայում է հակառակի մասին: Օրինակ, դժվար եմ պատկերացնում, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լինելով հինդուիստ անարգալից վերաբերմունք ցուցաբերի քրիստոնյաների հանդեպ:
3. «Կարեւորն էն ա, որ առաջին օրվա բացումն արին, նկարեցին, Facebook-ում քցեցին:»
Facebook-ի հետ Նիկոլի հարաբերությունների եւ նրա սելֆիի անբաժան փայտիկի մասին հավանաբար չգիտեն միայն Անտարկտիդայի պինգվինները` համենայն դեպս այնտեղից դեռ նկարներ չեն հայտնվել համացանցում: Բայց ուրիշներին հեգնող վարչապետը իր «առաջին օրվա բացումը» վարչապետի պաշտոնում մեծ ոգեւորությամբ` սելֆիի անբաժան փայտիկը ձեռքին, արեց իր կաբինետից, անգամ զուգարանն էլ` ի լուր աշխարհ, նա ցուցադրեց: Թե կհիշե՞ք, նրա դուստրն էլ մեծ հաճույքով զուգարանից սելֆի անելու հակում ցուցաբերեց... Բայց սա թողենք, եկենք հիշենք Նիկոլի խոստումները ներդրումների եւ աշխատատեղեր բացելու մասին: 2018 թ. դեկտեմբերին կատարվեց ինչ-որ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացման արարողություն` իր իսկ բառերով ասած. «Կարեւորն էն էր, որ, նկարվեցին, Facebook-ում քցեցին»: Հիշում եմ, որ խոսքը գնում էր ահռելի թվերի մասին` տարեկան 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա պետք է արտադրվեր՝ էլ հեռուստացույց, էլ լվացքի մեքենա, էլ օդափոխիչ, էլ սառնարան: Քանի՞ հայկական արտադրության հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ կամ սառնարան արտադրվեց այդ գործարանում, ոչ ոք չիմացավ, Նիկոլն էլ էդ հարցում հետեւողական չեղավ: Սակայն նա շատ հետեւողական գտնվեց ԽԱՉԵՐԻ հանդեպ, ավելի ճիշտ դրանց ապամոնտաժման հարցում:
Ես հիշեցնեմ, դեռ 2022 թվականի հուլիսին նրան շատ էին հուզել հայության կրոնի խորհրդանիշ` ԽԱՉԵՐԸ: Ուստի՝ համայնքապետերին Կառավարության կողմից հրահանգ էր տրվել սարերին եւ ճանապարհների երկայնքով տեղադրված խաչերը ՀԵՌԱՑՆԵԼ: Եվ քանի որ, ճանապարհելիս մենք դեռ տեսնում ենք տեղադրված ԽԱՉԵՐ, ապա Նիկոլը փորձում է հարձակվել մեկ այլ անկյունից, այժմ էլ մեղադրելով գյուղացիներն, որ իբրեւ թե նրանք անփույթ են, չեն հարգում խաչը, լույսերը չեն փոխում... Որքան ստոր է` մեղադրել անփութության մեջ գյուղացիներին, որոնք թույլ չեն տվել ապամոնտաժել այդ խաչերը:
4. «Ամեն ինչը պիտի գնանշված լինի»
Հավանաբար սա Նիկոլի նշանաբանն է... Ինչ վերաբերում է եկեղեցիներին, ապա, փաստորեն, անթաքույց, բաց տեքստով լսացվում է, որ եկեղեցիների վրա` որպես շինություն, մտադրվել են նոր հարկեր դնել:
5. «Նաեւ պետությունը, նաեւ, որպես իրականում ՏԵՐԸ ԷԴ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ եւ հուշարձանների Կառավարությունն է, եւ ես պահանջում եմ, ... ստանդարտներ դրեք: ... միջոցառումներ են անում ... հետեւներից թող մաքրեն: Դա իմ` որպես հոգեւոր զգացմունքներ ունեցող մարդու եւ, համոզված եմ, բազմաթիվ մարդկանց, ինձ վիրավորում ա, որ ես մտնում եմ ընտեղ, տենում եմ աղբանոց են սարքել: Եվ ես ձեզ անկեղծ ասում եմ, բացի մեկ-երկու տեղից, որտեղ շատ մեծ ֆոկուս կա, պաշտոնական բաներ կան, ինստիտուտներ կան, բոլոր տեղերում ՀԱՄԱՏԱՐԱԾ էս վիճակն ա: ԲՈԼՈՐ ՏԵՂԵՐՈՒՄ... Խնդրում եմ ԳՆԱՑԵՔ ՍՏՈՒԳԵՔ ...»
Այս երկար մենախոսության մեջ Նիկոլը պահանջում է «ստանդարտներ» սահմանել եւ մաքրությունը պահպանել ըստ այդ «ստանդարտների»: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ Հայաստանի տարբեր եկեղեցիներ եմ այցելում, եւ պետք է ասեմ, որ այս մենախոսությունից զազրելի ստի հոտ է փչում: Օրինակ, որ ասում է «բացի մեկ-երկու տեղից ՀԱՄԱՏԱՐԱԾ աղբանոց են սարքել», ի՞նչ է, իրեն թվում է ասեց-գնաց, մարդիկ էլ հավատացի՞ն: Սա առնվազն զրպարտություն է: Եթե «ֆոկուսի» տակ նկատի ունի Էջմիածնի Մայր Աթոռն ու Սուրբ Գայանեն, ապա ի՞նչ է, ստացվում, որ` ըստ իրեն, Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Շողակաթն ու Սուրբ Աստվածածինն ե՞ն, որ «աղբանոց են սարքել»: Միգուցե Երեւանի՞ եկեղեցիներն են «աղբանոց սարքել», թե՞ Առինջի, թե՞ Աբովյանի, թե՞ Կամարիսի, թե՞ Սեւանի, թե՞ Ապարանի, թե՞ Մուղնիի, թե՞ Դղերի, թե՞ Օշականի, թե՞ Սաղմոսավանքի, թե՞ Նորավանքի, թե՞ Տաթեւի, թե՞ Գոշավանքի, թե՞ Հովհաննավանքի, թե՞ Հաղպատի, թե՞ Գեղարդի, թե՞ Սպիտակի... Այս տարրի համար սուտ խոսելը հավասարազոր է մի կում ջուր խմելու: Լավ, այսքան թույն մեջը կուտակած, ո՞նց կարելի է ապրել... Մի օր էլ ինքն իր թույնից խեղդվելու է` կարիճի պես...
Այո, կան չգործող եկեղեցիներ կամ մատուռներ` ճարտարապետական տեսակետից անմխիթար վիճակում, սակայն նույնիսկ դրանք մաքուր են պահվում գյուղի հավատացյալ հայուհիների շնորհիվ: Օրինակ, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Սակայն նիկոլի քամին դեպի ուր է փչում` պարզից էլ պարզ է: Ընդ որում, մի մարդ, ում պատճառով հազարները զոհվեցին, եւ ով զոհերին պլյուս-մինուս 50-ով էր հաշվում, ով թուրքերի բանտում գտնվող գերիների մասին ժպիտը դեմքին ասում էր, որ, ոչինչ, մի երկու ամիս էլ կսպասեն, այս մենախոսության մեջ ներկայանում է «որպես հոգեւոր զգացմունքներ ունեցող մարդ»: Եւ նրա զգացմունքների եզրահանգումն է. «ԳՆԱՑԵՔ ՍՏՈՒԳԵՔ»:
Այսինքն, այս մարդը տեսնելով, որ «նախկինները լափեցին» թեզը այլեւս չի աշխատում, ամեն ինչ անում է, որ այժմ էլ ստվեր գցի Հայ Առաքելական Եկեղեցու վրա: Սակայն հավատացյալները գիտեն, որ սրբությունը մնում է սուրբ, իսկ գցած կեղտը չորանում ու անհետանում է...
Սակայն նորից անդրադառնանք «Գնացեք ստուգեք»-ին: Այն, որ արտադրություն տվող գործարաններում նոր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն նիկոլը մտադիր է ձրիակերների նոր կառույց ստեղծել` «ստուգողի» կարգավիճակով, դա դեռ չարիքի փոքրագույնն է: Հիմնական նպատակը շատ ավելի նենգ է` նա մտադիր է բախումներ ստեղծել: Մի պահ պատկերացրեք, որ «հոգեւոր զգացմունքներ ունեցող մարդկանց» մի խումբ գալիս է եկեղեցի «ստուգումների»: Իսկ եթե նման «ստուգումներ» միտումնավոր ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ միաժամանակ տարբեր եկեղեցիներում, որ բախումների թիվը շատ լինի... Ոստիկաններ կանչեն... Այդ ստուգողների հետ էլ քահանային տանե՞ն... Հարցեր են ծագում... Օրինակ, ի՞նչ է անելու գյուղի քահանան, եթե դրանք ՀԱՆԴԳՆԵՆ մտնել հոգեւորականների համար նախատեսված հանդերձասենյակ: Ի դեպ, հոգեւորականի «հին կոշիկները», ինչպես փորձում է հայ հոգեւորականին նսեմացնել նիկոլը, իսկապես կարող են լինել այդ սենյակում, որովհետեւ խորան բարձրանալիս հոգեւորականը փոխում է դրսի կոշիկները հատուկ խորան բարձրանալու համար նախատեսվածներով: Այդ սենյակում նաեւ տարբեր ծեսերի համար նախատեսված հանդերձներ կարող են լինել, եւ, անշուշտ, վարչապետի գործը չէ եկեղեցում «ստուգումներ» կազմակերպելը: Թեպետ, «ով ականջ ունի` թող լսի»` նա անթաքույց հայտարարեց, որ «իրականում ՏԵՐԸ ԷԴ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ եւ հուշարձանների կառավարությունն է»: Յոթ տարվա մեջ ախորժակի «рубильник»-ը տեղափոխվել է non stop ռեժիմի վրա...
6. «Ոչ մեկի ձեռը բջջային հեռախոս կամ սմարթֆոն չկա՞, որ նկարի ասի. «Էս ի՞նչ ա, մեր սրբավայրում էս ի՞նչ վիճակ ա»:
Հիշում եք, չէ՞, ՀԴՄ կտրոնների պատմությունը: Ով մոռացել է, հիշեցնեմ, թե ինչպես այդ Հսկիչ-Դրամարկղային Մեքենայի կտրոն չստանալու դեպքում քաղաքացիներին դարձյալ հորդորում էր նկարել եւ ուղարկել համապատասխան կառույց: Այսինքն, մի ողջ ազգ փորձում էր «стукач» դարձնել եւ հաճախորդին ու խանութի տիրոջն իրար դեմ լարել: Իբրեւ թե, որ չկարողանան խուսափել հարկերից, որ ամեն ինչ պարզ ու շիտակ լինի: Այժմ էլ թիրախավորել է Հայ Առաքելական Եկեղեցուն, եւ իր օրոք բարձրացրած հարկերի տակ ճռռացող Ժողովրդին հորդորում է. «Բջջային հեռախոս կամ սմարթֆոն չկա՞: Նկարեք...»:
Դե, ձեզ տեսնեմ, 3 միլիոն վարչապետներ...
Շեֆն ասել ա, որ նկարեք, facebook գցեք,
Որ նկարեք, facebook գցեք ու դժգոհեք`
Բայց իհարկե ոչ իրենից, ոչ մի դեպքում:
Չի քննարկվում... Արգելված է... Ի՜նչ եք ասում...
Իսկ հիմա էլ ես եմ հարցնում, պատասխանիր.
Ի՞նչ վիճակ ա մայրաքաղաք Երեւանում:
Ի՞նչ վիճակ ա մեր սրբազան սահմաններում:
Ամրապնդիր... Վարչապետ ես իբրեւ կոչվում...
Գոնե մեկ-մեկ քո՛ գործերով մի քիչ զբաղվիր...
Քիթդ ամեն տեղ մի խոթիր... Ինքդ գիտես
Արդեն վաղուց զզվացրել ես դու բոլորին`
Ոտքերիդ տակ գառ մորթողին, շողոքորթին
Քեզ ատողին, անտարբերին, «նենգ» ասողին,
Քարկոծողին, քեզ ընտրողին ու չընտրողին...
Ժամանակն է... Կնգադ վերցրու, թող ու գնա...
Իսկ եթե չէ` ԴԱՏԱՍՏԱՆԸ վրա կգա`
Ոչ թե մարդկանց, այլ Բարձրյալի...
Զզվացրել ես դու «ժողջանին»... Էլ տեղ չկա...
Զայրացրել ես Տիեզերքին... Տո, այ տմարդ,
Թող ու գնա..
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ