Ինչու ԱԺԲ-ն չմիացավ արմանբաբաջանյանների հակառուսական ակցիային
Ներքաղաքական
Ինչո՞ւ ծռերի ԱԺԲ-ն չմիացավ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ այլ արեւմտամետների կազմակերպված հակառուսական ակցիային՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺԲ-ի՝ Ազգային ժողովրդական բեւեռի համահիմնադիր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ:
«ՄԵՐ ԵՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ԵՆ ԶԳԱԼԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
— Զարմանալի էր, որ ԱԺԲ-ականները չմիացան Արման Բաբաջանյանի եւ մյուսների կողմից իրականացված ակցիային ընդդեմ Լավրովի այցի: Ինչո՞վ էր այն պայմանավորված:
— Որոշեցինք չմիանալ այդ ակցիային՝ հիմնավոր պատճառներով։ Առաջինը` մեր եւ Արման Բաբաջանյանի միջեւ առկա են զգալի գաղափարական եւ սկզբունքային տարբերություններ։ Մենք չենք գտնում, որ ունենք որեւէ ընդհանուր հենք կամ ընդհանուր նպատակ, որ կարողանար մեզ միավորել այս խնդրի շուրջ։ Հատկապես հաշվի առնելով, որ Արման Բաբաջանյանը վերջին տարիներին բացահայտ սպասարկել եւ շարունակում է սպասարկել ներկայիս իշխանություններին, ինչը մեզ համար անընդունելի է։ Դա շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք պահանջում ենք ազնվություն եւ սկզբունքայնություն մեր քայլերում։ Երբ ինքդ անկեղծ չես քո գործողություններում կամ քաղաքական դիրքորոշումներում, ապա միանալ կամ հանդես գալ միասնական ուժով հնարավոր չէ։ Ավելին, չեմ կարող չնշել եւս մեկ կարեւոր հանգամանք, որը վկայում է մեր տարբերության մասին։ Արման Բաբաջանյանի կողմնակիցները մասնակցում էին մի կլոր սեղանի, որը հավաստիացնում էր, թե առաջիկա քայլերը կուղղվեն Արեւմուտք եւ որոշակի բարեփոխումներ կլինեն։ Նրանք գովաբանում էին այդ գործընթացը եւ փորձում էին արդարացնել այս կասկածելի համագործակցությունը, սակայն իրականում որեւէ դրական փոփոխություն տեղի չունեցավ։ Այս ամենը, ըստ մեր կարծիքի, փաստում է նրանց անկեղծության պակասը։
Իրականում մենք բազմիցս ենք արտահայտել մեր դժգոհությունը եւ պայքարել այս հարցում։ Մեր անդամներն ու աջակցողները հազարավոր մարդ են հավաքել ՌԴ դեսպանատան դիմաց՝ ցույց տալով իրենց համերաշխությունն ու անկեղծ վրդովմունքը։ Մենք եղել ենք միակ քաղաքական ուժը, որը նման բողոքներ է կազմակերպել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի դիմաց, որտեղ մեր դիրքորոշումը նույնքան հստակ եւ վճռական է եղել: Մենք շարունակում ենք ակտիվ գործունեություն այս ուղղությամբ եւ չենք պատրաստվում հանդուրժել արտաքին միջամտություններ կամ չարդարացված քաղաքական քայլեր։
Դա մենք անում ենք ամեն անգամ, երբ մեր արժեքները համընկնում են մեկ այլ խմբի կամ շարժման հետ։ Սակայն այս դեպքում, մենք չէինք ուզում, որ մեր պայքարի դրսեւորումը ասոցացվի նրանց հետ, որոնց հետ չունենք որեւէ ընդհանուր գաղափարախոսություն կամ նպատակ։ Չենք ուզում, որ մեր անկեղծ պայքարը սխալ մեկնաբանվի կամ հետագայում օգտագործվի շահադիտական նպատակներով։ Հետեւաբար, մեր որոշումը հիմնված էր բացառապես սկզբունքների, արժեքների եւ ազնվության վրա։ Մենք շարունակում ենք կանգնած մնալ մեր արժեքների վրա եւ աջակցել միայն այն նախաձեռնություններին, որոնք համապատասխանում են մեր համոզմունքներին եւ հանրային շահին:
«ԵԹԵ ԱԿՑԻԱՆ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԼԻՆԵՐԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ, ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ 10-12 ՀՈԳՈՒՑ ՇԱՏ ԿԼԻՆԵՐ»
— Ի՞նչ կասեք այն մասին, որ մի շարք փորձագետներ պնդում են, թե Արման Բաբաջանյանի եւ համախոհների կողմից կազմակերպված ակցիան ուղղորդվել է ԱՄՆ դեսպանատան կողմից:
— Իշխանական մակարդակով նման պնդումներ լսելիս պետք է շատ զգուշանանք։ Չեմ կարող հաստատ ասել, որովհետեւ նման գործողություններ կարող էին կազմակերպել նաեւ ուրիշ ուժեր։ Պարտադիր չէ, որ այդ ակցիան ուղարկված կամ դրդված լիներ միայն մեկ կողմից։ Հաճախ էլ մեր գործունեության մասին խոսում են՝ պնդելով, թե մենք ինչ-որ պատվերներ ենք կատարում, մեզ ինչ-որ արտաքուստ են ուղղորդում կամ նույնիսկ վճարում են։ Բայց իմ անձնական կարծիքով, եթե ունենք ներուժ եւ անկողմնակալ մոտեցում՝ ի կատար ածելու նման գործողություններ, առանց որեւէ արտաքին շահի, ապա տրամաբանական է, որ նույն հնարավորությունն ունեն նաեւ մյուսները։ Սակայն, կրկնում եմ, այս հարցում չեմ կարող որեւէ կողմի հասցեին հստակ գնահատական տալ։
Ես համոզված եմ, որ այս ակցիան առավել քան ինքնաբուխ եւ հասարակական տրամադրությունների արդյունք էր։ Եթե սա ուղղորդված լիներ, օրինակ՝ ԱՄՆ դեսպանատան կողմից, ապա իրավիճակը լինելու էր լրիվ այլ։ Այդ դեպքում ցուցարարների թիվը 10-12 հոգուց շատ ավելի շատ կլիներ։ Նրանք կարող էին համախմբել մի շարք քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ եւ այլ ակտիվ խմբեր՝ լայնամասշտաբ գործողություն իրականացնելու նպատակով։ Սակայն իրականում մենք տեսնում ենք, որ այդքան լայն աջակցություն չկա, եւ հենց դա եւս վկայում է ակցիայի ինքնաբուխ բնույթի մասին։
Ցավը հենց այս է՝ այսպես կոչված, քաղաքական կուսակցությունները տարիներ շարունակ ընտրություններից հետո հասարակական կյանքի կարեւոր իրադարձություններին անտարբեր են մնացել։ Ոչ միայն չեն մասնակցել փողոցային պայքարներին, այլեւ երբ փորձում էինք պայքարել՝ ցուցադրել մեր դիրքորոշումն ու իրավունքները, երբ հարյուրավոր մարդիկ մեկ ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվում, երբ նրանց դրդում էին ու երբեմն՝ անգամ անմիտորեն ծեծում եւ ջարդում, այդ կուսակցությունները բացակայում էին, չէին գտնվել պայքարի առաջին գծում։
Իսկ հիմա, երբ ընտրությունները մոտենում են, նրանց գործողությունները բնորոշվում են սուտ ցուցադրական քայլերով, որոնք չեն արտահայտում իրական կամքի ձեւ։ Նման երեւույթները մի կողմից պառակտում են հասարակությունը, մյուս կողմից էլ թույլ են տալիս մթագնել եւ թաքցնել հիմնական խնդիրները։ Այս իրավիճակը մեկ կարեւոր պատճառով է, որ մենք չենք ցանկանում ցուցադրական քայլեր անել միայն գովազդային տեսքով։ Ուզում ենք իրական, հստակ ու բովանդակալից գործողություններ, որոնք կարող են ազդել եւ բերել ցանկալի արդյունքի։
Օրինակ, օրերս խորհրդանշական եւ փոքրաթիվ խումբ ուղարկեցինք Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ մոտ 8 հոգի, որոնց հիմնական նպատակն էր մեր ուղերձը տեղում ներկայացնել եւ այն փոխանցել արտգործնախարարին։ Սա փոքր, բայց կարեւոր քայլ էր, որը ցույց է տալիս մեր կազմակերպվածությունն ու համբերությունը։ Սակայն եթե մենք իսկապես ցանկանում ենք մեծ հանրահավաք կազմակերպել եւ դուրս գալ փողոց, ապա մեզ անհրաժեշտ է հազարավոր մարդկանց ակտիվ մասնակցություն։ Սա հեշտ գործ չէ, հատկապես Հայաստանում, որտեղ նման մասշտաբի ցույցերը շատ մեծ ձեռքբերում են։
Շատերն են ասում՝ տեսեք, Ազգային ժողովրդավարական բեւեռը (ԱԺԲ) չի կարող մեծ թվով մարդկանց հավաքել։ Սակայն, ինձ թույլ տվեք ասել՝ եղածների մեջ ամենաշատ մարդը հենց ԱԺԲ-ն է հավաքում։ Իսկ այսօր, երբ մի քանի հազար մարդ դուրս է գալիս փողոց, դա մեծ արդյունք եւ հանրային աջակցության նշան է, որը պետք է գնահատվի եւ տեսանելի լինի բոլորի համար։ Այսինքն, մենք կանգնած ենք կարեւոր պահի առաջ՝ երբ հասարակությունն ավելի միավորված է, եւ յուրաքանչյուր քայլ՝ անկախ նրանից փոքր է, թե` մեծ, պետք է լինի հիմք առաջընթացի եւ փոփոխությունների համար։ Եվ սա է իրական արժեքը մեր պայքարում։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ