Գիտնականները պարզել են, որ օծանելիքներն ու լոսյոնները ոչնչացնում են օրգանիզմի բնական պաշտպանությունը. Science Advances
Հասարակություն
Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի գիտնականները մտահոգիչ հայտնագործություն են արել. պարզվում է՝ սովորական անձնական հիգիենայի միջոցները խաթարում են մարդու օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմը։ Պարզվում է, որ օծանելիքներն ու լոսյոնները փոխում են մեր մարմնի շուրջ օդի քիմիական կազմը՝ թուլացնելով վնասակար օզոնի դեմ բնական պատնեշը։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) բժշկագիտական հանդեսում։
Գիտնականների թիմը պարզել է, որ յուրաքանչյուր մարդ շրջապատված է անտեսանելի «օքսիդացման դաշտով»՝ քիմիական ռեակցիաների ամպով, որը տեղի է ունենում, երբ մաշկի յուղերը շփվում են օզոնի հետ։ Այդ բնական վահանն հիդրօքսիլային ռադիկալներ է արտադրում, որոնք չեզոքացնում են վտանգավոր օզոնը, նախքան այն կհասցնի շնչառական ուղիներ ներթափանցել։
Փորձարկումները ցնցող արդյունքներ են ցույց տվել։ Սովորական, անհոտ լոսյոն քսելուց հետո մարդու շուրջ պաշտպանիչ ռադիկալների կոնցենտրացիան նվազել է 140%-ով, իսկ դրանց ռեակտիվությունը՝ 170%-ով։ Օծանելիքն ավելի ուժեղ, բայց կարճատև ազդեցություն է թողել։
«Մենք մոմերի նման ենք. մեր ջերմությունը մարմնի շուրջը յուրահատուկ քիմիական միջավայր է ստեղծում։ Սակայն կոսմետիկ արտադրանքը խախտում է այդ նուրբ հավասարակշռությունը», - պարզաբանել է հետազոտության համահեղինակ Դոնգհյոն Ռիմը։
Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ մարդիկ իրենց ժամանակի մինչև 90%-ն անցկացնում են փակ տարածքներում, որտեղ օզոնը կարող է կուտակվել փողոցից ներս մտնելիս։ Բնական պաշտպանության խաթարումը կարող է մեծացնել առողջության ռիսկերը, թեև դրա ճշգրիտ հետևանքները դեռևս լրացուցիչ հետազատության կարիք ունեն։