Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է. Corriere dello sport
Սպորտ
«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է»,- գրել է իտալական հեղինակավոր Corriere dello sport պարբերականը։ Հիշեցրելով, որ Մխիթարյանը երկու տարի առաջ Ստամբուլում կայացած անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղադաշտ է դուրս եկել վերջնամասում, քանի որ նոր էր ապաքինվել ազդրի վնասվածքից: Այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 1-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով էլ 2019 թվականին Լոնդոնի «Արսենալի» կազմում բաց էր թողել «Չելսիի» դեմ Բաքվում կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչը:
Այժմ Մխիթարյանն առանց խնդիրների, «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրի խաղում հանգստի հնարավորություն ստանալուց հետո «Ինտերի» կազմում պատրաստվում է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ գլխավոր եվրագավաթի եզրափակիչին:
Այս եզրափակիչը շատ կարևոր կլինի Մխիթարյանի համար, քանի որ փորձառու ֆուտբոլիստը վերջերս չէր բացառել մրցաշրջանի ավարտից հետո կարիերայի հնարավոր ավարտը: Նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին, բայց Մխիթարյանը կարող է մեկ տարի շուտ «խաղակոշիկները կախել մեխից»,- ասվում է հոդվածում։