Իրանական կողմը պլանավորում է Փեզեշքիանի այցը Հայաստան
Միջազգային
Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի պաշտոնյան ասել է «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան:
Փոխնախարարի խոսքով՝ զբոսաշրջության, մշակութային ոլորտում, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև կապն անընդհատ զարգանում է:
«Հուսով եմ, որ որոշ խոչընդոտներ հարթելուց հետո՝ հատկապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մենք բազմաթիվ նախագծեր և ծրագրեր կիրականացնենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել»,-շեշտել է Սայիդ Խաթիբզադեն: