ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Հասարակություն
Այսօր, մայիսի 23-ը, մեծ հայ, անվանի ազատամարտիկ, հրամանատար ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծննդյան օրն է, հոբելյանական 75-ամյակն է լրանում։ Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Արամայիս Խաչատրյանը ծնվել է 1950 թվականին, Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Նա ընկերների շրջանում հայտնի է ԿՈՏԱՅՔԻ ՔԵՌԻ անվամբ։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի հավաքականում։ Աշխատել է Աբովյանի մարզադպրոցում որպես ուսմասվար, եղել է Արամուսի գյուղխորհրդի նախագահը։ 1990 թվականին գլխավորել է Արամուսի կամավորականների ջոկատը, որը մասնակցել է Խնձորուտի, Երասխի, Իջևանի, Նոյեմբերյանի, Խաչիկի, Սիսիանի, Գորիսի, Շուռնուխի, Արցախի մի շարք բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին։
Արժանացել է մի շարք պարգևների, դրանց թվում նաև «Մարտական ծառայության», ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան» մեդալների։ Արամայիս Խաչատրյանի մարտական ընկերը ՄՀԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.
- «Արամայիս Խաչատրյանը ժողովրդի նվիրյալն էր։ Ամեն գործի լավ կազմակերպիչ։ Երբ կազմավորվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, բոլորը ուզում էին լինել նրա ջոկատում որովհետև լավ էին ճանաչում և լավ գիտեին նրա մարդկային արժանիքները։ Նա հանգիստ մտածող էր, տրամաբանող, ընկերների հանդեպ շատ հոգատար։ Երբեք կռվի դաշտում պահի տակ որոշումներ չէր կայացնում։ Զգում էր ամեն ինչ և գիտեր իր անելիքը։ Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով կազմակերպում էր հարձակման գործողությունները»։ Հրամանատարի մյուս մարտական ընկերն ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ էլ ավելացրեց.
- «Արամայիս Խաչատրյանը եղել է Արամուս գյուղի երիտասարդության կուռքն իր աշխուժությամբ, պահվածքով և խելամտությամբ։ Երբ ֆուտբոլային խաղերի ժամանակ «Արամուս» թիմը դաշտ էր մտնում, հնարավոր չէր պատկերացնել խաղն առանց Խաչատրյանի։ 1990-ական թվականներին, երբ հայրենիքը վտանգի մեջ էր, Արամուսցին չէր կարող անտարբեր մնալ։ Արամայիս Խաչատրյանը կազմակերպեց ջոկատ։ Հարյուրից ավելի երիտատարդներ անմիջապես իրենց ցանկությամբ համալրեցին ջոկատի շարքերը։ Իրեն էլ ընտրեցին հրամանատար։ Իսկ հենց այնպես հրամանատար չեն լինում, հենց այնպես հրամանատար չեն ընտրում։ Նրան հավատում, հարգում և վստահում էին բոլորը»։
Նշենք, որ 2013֊ի դեկտեմբերի 21֊ին, թիվ 46 հրամանագրով, Հայոց պետականության կայացման գործում և Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ դերի, «Պատանի զորականների» հետ ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացում ակտիվ մասնակցության համար, «Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական ՀԿ կենտրոնական խորհրդի նախագահ Սիմոնյանի կողմից Արամայիս Թաթոսի Խաչատրյանին շնորհվել է «Հայ զորական» գեներալ ֊մայորի կոչում։Խաչատրյանը չի առանձնացրել և պատերազմին իր 15֊ամյա որդուն Արտակին ևս տարել է իր հետ մասնակցելու։ Նրա ամեն մի շքանշան, մեդալ ու կրծքանշան, պատվոգիր, շնորհակալագիր նրա ապրած կյանքի, կատարած ծառայության գնահատման առհավատչյան են։ Այսպիսին է նրա մարտական ուղին Արամուսի ջոկատի հրամանատար, Կոտայքի շրջանի և Աբովյան քաղաքի հրամանատարի տեղակալ, Կոտայքի շրջանի ու Աբովյան քաղաքի Երկրապահների միության նախագահ, ապա միության նախագահի տեղակալ, իսկ որոշ ժամանակ անց ԵԿՄ նախագահ։Նա շատ բարի, բոլորին հասնող, հիանալի անձնավորություն էր։ Մեծ հայի Արամայիս Խաչատրյանի պայծառ հիշատակը վառ է հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


