ՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերլուծություն
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը, թերեւս, համապատասխանեց այն սպասումներին, որոնք կային դրա հետ կապված: Այսինքն, այն պետք է մի շարք առանցքային հարցերի պատասխաններ տար, եւ այդ պատասխաններից մի քանիսն անգամ հրապարակային դաշտում ի հայտ եկան:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՌԴ ԱԳՆ-Ն
Բայց նախ մի փոքր հայաստանյան արեւմտամետներից: Այն, որ նրանք մինչ այցն էլ քարոզչական դաշտում շատ ջանքեր թափեցին այդ այցի ընդհանուր տպավորությունը հարամելու համար, հասկանալի էր: Բայց ահա, այդ տոտալ քարոզչության ֆոնին, էլ ավելի պերճախոս էին ակցիաները, որոնք կազմակերպվել էին: Այսինքն, դրանով ի ցույց դրեցին այն ռեալ կշիռը, որն այս պահին ունի հայաստանյան ռուսաֆոբական դաշտը: Բողոքի ակցիաների մասնակիցների թիվն այդպես էլ մեկ-երկու տասնյակից այն կողմ չանցավ: Ավելին, մեր տեղական կարկառուն արեւմտամոլներից ոմանք ստիպված էին անձամբ բռնել «մարդասպան Պուտին», «մարդասպան Լավրով» գրառումներով պաստառները, ինչը տանում է այն մտքին, որ «մասովկան» ապահովելու հարցում չասենք՝ «քծիպություն» են արել, այլ պարզապես փողը դրսից առաջվա պես գետերով չի գալիս:
Այդ մասին էր առանց ակնարկների խոսում նաեւ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Զախարովան, թե. «Երեւի, ամերիկյան դեսպանատանը ինչ-որ մեկը նախկին կաղապարներով է ապրում։ Հնարավոր է՝ Հայաստանում ինչ-որ մեկի մոտ դեռ չեն վերջացել այն գումարները, որոնք փոխանցվել էին USAID-ի գծով, որը հենց զբաղվում էր նմանատիպ նախագծերով»: Մի կողմից, սրա տակ կարելի է տեսնել այն տողատակային միտքը, թե՝ դրսի փողը պակասել է, եւ երբ այդ պարագայում մեկ-երկու տասնյակ մարդու են դուրս բերում հակառուսական միջոցառման, ապա հենց դա է հայաստանյան արեւմտամոլների իրական կշիռը: Այսինքն, եթե փողը լրիվ կտրվի, երեւի ամենակարկառուն արեւմտամոլներն անգամ հակապուտինյան պաստառներով փողոց դուրս չգան: Բայց մյուս կողմից, այստեղ կարելի է նաեւ հստակ ազդանշան տեսնել. ամերիկյան դեսպանատանը դեռ կան «նախկին կաղապարներով ապրող» անձինք, ովքեր դեմ են գնում ներկա ռուս-ամերիկյան գործընթացների տրամաբանությանը հակառակ: Այսինքն, որ, գոնե ՌԴ ԱԳՆ-ի պատկերացմամբ, թրամփյան իշխանությունների մոտ կա ՌԴ-ի ուղղությամբ ռազմավարության արմատական փոփոխություն, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ, եւ այստեղի դեսպանատան 2000-անոց անձնակազմի ինչ-որ առանձին անդամներ ոչ թե Ռուսաստանի, այլ՝ Վաշինգտոնի քաղաքական կուրսին են դեմ գնում: Ու սա կարելի է նաեւ հայաստանյան իշխանական վերնախավին ուղղված մեսիջ համարել, որի բարեհամբույր հայացքների ներքո էլ «մարդասպան Պուտին» պաստառներ էին ծածանվում: Էլ չասած, որ առանց «վերին դաբրոյի» հազիվ թե այդ ամենը համատարած քարոզչության վերածվեր: Չնայած, այս դեպքում դա երեւի դարձավ հակաքարոզչություն. եթե ինչ-որ երկրում ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդու են մոբիլիզացնում ռուսաֆոբական ուղղվածության վրա, ապա դա ի ցույց դնելը, մեղմ ասած, ինքնավնասման պես մի բան է: Ու խոշոր հաշվով, ՌԴ ԱԳՆ-ի նման հաղորդագրության տակ այս երանգներն էին տեսանելի. նիկոլականներին շարունակում են չվստահել, ինչ էլ որ նրանք խոսեն: Հաջորդը, որ արեւմտամոլական այդ խաղերը ոչ միայն հանրային, այլ նաեւ՝ ամերիկյան ներկայիս կուրսի աջակցությունը չունեն: Իսկ դա հայաստանյան իշխանավորների հետ Լավրովի հանդիպումներից անմիջապես առաջ գցելը նմանվում էր մի վերջին զգուշացման՝ բանակցությունների ժամանակ այս ամենը լավ կանեք, որ հաշվի առնեք:
ԻՆՉ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ ԼԱՎՐՈՎԸ
Ինչ վերաբերում է բույն այցին, ապա դրա ընդհանրական իմաստը պարզ տեսանելի էր Լավրովի այս հայտարարությունում. «Վերջին տարիներին մեր դիրքորոշումներում նրբերանգներ են առաջացել այն հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք տեսնում մեր հարաբերությունների, դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը, ներառյալ դաշնակցությունը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում: Դրանք որոշակի ժամանակահատվածում (մինչեւ 2024 թվականի աշնանը ՌԴ նախագահ Պուտինի եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումը) անկում էին ապրել։ Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին վերսկսել շփումները լիարժեք ծավալով»:
Բայց մինչ այդ, նաեւ անդրադարձավ այդ «անկման» նախապատմությանը: Այն է՝ «2020 թ. նոյեմբերին՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների թեժ պահին, երբ ՌԴ նախագահը ԱՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հետ խմբագրում էր հրադադարի մասին պայմանավորվածությունը, Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս՝ ջենթլմենական պայմանավորվածություն, որ կարգավիճակը ենթակա է կողմերի միջեւ հետագա համաձայնեցման»: Այդ գործընթացը մինչեւ 2022թ.-ը համեմատաբար կայուն ընթացքով զարգացել է, թեեւ կոմունիկացիաների վերագործարկման մասին հայտնի դույթը մնացել է չկատարված: Ուկրաինական պատերազմի ֆոնին տեղի է ունեցել Ջերմուկի ագրեսիան, որի ժամանակ պատրաստվել եւ համաձայնեցվել է ՀԱՊԿ-ի առաջարկների փաթեթը, որը, սակայն, Հայաստանը չստորագրեց: «Մենք համաձայնեցինք, եւ որոշ ժամանակ անց՝ նոյեմբերին, հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, եւ Պրահայում հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը փոխադարձ հիմունքներով, որը հաստատեցին Բաքուն եւ Երեւանը, որոշվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ որի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր կազմում»: Ավելին, որ Պրահայի մասին «մենք իմացել ենք ԶԼՄ-ներից»,- նշեց Լավրովը՝ իր ողջ խոսքի ենթատեքստում դնելով միտքը, որ այս ամենն արվել է արեւմտյան ազդեցությամբ: Բայց ահա, 2024 թվականի աշնանը Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման շնորհիվ, «շատ թյուրիմացություններ վերացվել են»:
Կարճ ասած, այս ամենի հանրագումարում Արցախի կարգավիճակը պահելու «ջենթլմենական համաձայնության» փոխարեն, արեւմտյան ազդեցության արդյունքում ունենք Նիկոլի կողմից ճանաչված հայաթափված Արցախ, «խաղաղության համաձայնագրի» բացակայություն, փակ մնացող կոմունիկացիաներ եւ ՌԴ-ի հետ արհեստականորեն փչացված հարաբերություններ: Եվ ահա, անցած աշնանը, երբ ակնհայտ էր, որ ԱՄՆ-ում իրավիճակ է փոխվում, Նիկոլը վազել է Մոսկվա՝ «շատ թյուրիմացություններ վերացնելու»: Մինչդեռ դրանից եւս մոտ կես տարի է անցել, հայաստանյան իշխանությունները հասցրել են դեպի ԵՄ գնալու որոշում կայացնել: Ու ահա, Լավրովը, ըստ էության, այս հարցն է առաջ քաշում՝ ուրեմն ի՞նչ, վերականգնելո՞ւ ենք մեր երբեմնի երկկողմ ռազմավարական գործընկերությունը եւ լիարժեք դաշնակցությունը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում, թե՝ ոչ:
Միրզոյան Արոն նման միանշանակ հարցադրմանը պատասխանեց. «Արդյոք պատրաստվո՞ւմ ենք վերաձեւաչափել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները՝ ուղիղ ասում եմ՝ ոչ»,- հայտարարել է Միրզոյանը: Իսկ հայկական կողմի մտահոգությունների հարցն այլ է՝ դրանք կարելի է քննարկել, մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնել: Այդ թվում ՀԱՊԿ-ի մասով. «Կհամաձայնեմ պարոն Լավրովի հետ այն հարցում, որ քննարկումները կառուցողական են»: Վերջապես, որ. «ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում»:
Իհարկե, մեղմ ասած, տարօրինակ մտքեր են: Եթե ՀԱՊԿ-ի հարցով «քննարկումները կառուցողական են», պետք են որոշակի մեխանիզմներ հստակեցնել, ապա այն պարզ հարցը կա, թե այդ դեպքում 2022թ.-ից մինչեւ հիմա ինչո՞վ էին զբաղված, ինչո՞ւ այդ քննարկումները չեն անցկացվել: Կամ, եթե եվրաինտեգրման մասին ԱԺ-ում որոշում է կայացվում, որն ունի օրենքի ուժ, ապա «ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել» միտքը ոչ թե այս իրավիճակում զավեշտի է նմանվում, այլ այն օրինախախտում է դառնում: Եվ այսպես շարունակ:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԻԿՈԼԻՑ
Այսինքն, կրկնենք, Լավրովը նորից հրապարակավ առաջ քաշեց հարցեր, թե՝ անցած տարի եկաք, դիմեցիք, ուրեմն ի՞նչ, վերականգնո՞ւմ ենք հարաբերությունները, անկախ նրանից, թե ով, ինչպես է ներկայացնում տեղի ունեցածը: Նաեւ խոստման տեսքով հնչեցնելով միտքը, որ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի», կոմունիկացիաների գործարկման, լարվածության թուլացման հարցերը կվերցնի իր վերահսկողության տակ, այդ թվում՝ «3+3» ձեւաչափի շրջանակներում: Բայց նաեւ ակնարկելով, որ խոստումների փոխարեն պետք են գործնական քայլեր: Մասնավորապես, որ՝ «Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ»:
Արոյին լսեցինք, բայց ո՞րն է Նիկոլի պատասխանը: Այս ֆոնին որոշ փաստեր չպետք է մոռանալ: Նախ, ԱՄՆ-ի կուրսն է, որի մասին, հիշեցնենք, Զախարովան հետաքրքիր ակնարկներ հնչեցրեց: Երկրորդը. թեեւ ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը Նիկոլին դրդեց ավելի շատ կենտրոնանալ լիբերաստական Եվրոպայի վրա, սակայն նրանց վիճակն էլ այս պահին, մեղմ ասած, փայլուն չէ:
Փոխարենը, Ռուբինոն նախօրեին հիշեցրեց, որ Ալիեւը դեռ ունի ագրեսիվ ծրագրեր, այսինքն՝ Հայաստանի անվտանգային հարցերը դեռ միանգամայն սուր են դրված: Իրանը, ճիշտ է, փորձում է որոշակի բալանս ապահովել՝ մի կողմից Ադրբեջանում զինավարժությունների մասնակցելով, մյուս կողմից՝ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեին Հայաստան գործուղելով: Բայց Իրանը, չմոռանանք, գլոբալ ուժ չէ, ինքն է կանգնած պատերազմ կլինի-չի լինի երկընտրանքի առաջ, եւ, բնական է, որ կովկասյան ուղղությամբ խաղաղության 100 տոկոսանոց երաշխավոր չի կարող լինել:
Վերջապես, ինչպես քանիցս ենք նշել, Ռուսաստանը սկսում է հարավկովկասյան ուղղությամբ իր քաղաքականության կտրուկ վերախմբագրում, ինչը եւս Նիկոլը չի կարող աչքաթող անել:
Ամեն դեպքում, թերեւս շատ արագ հայտնի կդառնա՝ Նիկոլը պատրաստվո՞ւմ է վերականգնել ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները: Դա կդառնա միանգամայն հստակ ազդակ: