ՀՀԿ֊ի անկյունաքարերը դրվել են դեռևս խորհրդային իշխանության տարիներին
Ներքաղաքական
ՀՀԿ֊ական Արտակ Գրիգորյանը գրում է.
Իր վերջին հարցազրույցում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձ կատարեց իր նախագահության ժամանակահատվածում հանրապետությունում տեղի ունեցած մի շարք քաղաքական գործընթացների և մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեության որոշ դրվագների։
Հարցազրույցում հիշատակած ժամանակաշրջանից բավականին ժամանակ է անցել և նոր սերնդի գործիչները, լրագրողները, ինչպես նաև հասարակության մի զգալի հատվածը 90-ականներին հանրապետությունում կատարված մի շարք վճռորոշ իրադարձություններին ականատես չեն եղել կամ բավարար տեղեկացված չեն։
90-ական թվականներին լինելով Հայաստանի երիտասարդական հասարակական-քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկը, ՀՀԿ անդամ և ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ականատեսն ու մասնակիցն եմ եղել Հայաստանում բազմաթիվ առանցքային քաղաքական գործընթացների և իրադարձությունների, ուստի հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ դրանց և մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցությանն առնչվող որոշ դրվագների։
Նախ՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ փաստել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության անկյունաքարերը դրվել են դեռևս խորհրդային իշխանության տարիներին, իսկ արդեն անկախ Հայաստանում ՀՀԿ-ն հանդիսացել է պաշտոնապես գրանցված առաջին կուսակցությունը։
90-ականներին՝ դեռևս մինչև Վազգեն Սարգսյանի կողմից հանրապետական կուսակցության առաջնորդությունը ստանձնելը, ՀՀԿ-ն արդեն կուռ ու զարգացման մեծ պոտենցիալ ունեցող կուսակցություն էր, որի ծրագրային հիմնադրույթներն էին ազգային պահպանողական գաղափարախոսությունը, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքն ու տարոնականությունը։ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիրները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել 88 թվից ի վեր ծավալված ղարաբաղյան շարժման բոլոր գործընթացներին և մասնավորապես Հայաստանի անկախության հետ կապված քաղաքական զարգացումներին։ ՀՀԿ-ն ունեցել է իր ներկայացուցիչները թե՛ հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհրդում, թե՛ ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովում։ Ավելին՝ ՀՀԿ-ն եղել է ՀՀ ԱԺ առաջին գումարման կառավարող «Հանրապետություն» դաշինքի անդամ հանդիսացող 5 կուսակցություններից մեկը, և ստանձնել իր բաժին պատասխանատվությունը պետականաշինության գործում։ Այդ նույն ժամանակահատվածում ՀՀԿ անդամները զբաղեցրել են նաև բազմաթիվ պատասխանատու պաշտոններ գործադիր իշխանության տարբեր մարմիններում։ Իսկ ՀՀԿ լիդերները (Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Յուրի Բախշյան, Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան) մեծ հարգանք ու հեղինակություն էին վայելում հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում։
Հետագայում՝ արդեն Վազգեն Սարգսյանի առաջնորդմամբ, 1999թ. ԱԺ 2-րդ գումարման ընտրություններին նախապատրաստվելիս ՀՀԿ-ին հաջողվեց դաշինք կազմել դրանից մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի հետ նախագահական ընտրություններում մրցակցած երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի և նրա ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ։ Առաջնորդվելով քաղաքական ողջամտությամբ և պետական մտածողությամբ, Հայաստանի ազգային ու պետական շահերը վեր դասելով խմբային ու հատվածական շահերից, հանրապետականը պատրաստակամ էր իր իշխանությունը կիսել այլ քաղաքական ուժերի հետ, դրանով նրանց բերելով դեպի կառուցողական և պետականանպաստ քաղաքական միջավայր։ Արդյունքում ՀՀԿ-ի և Հայաստանի ժողովրդական կուսակցության կողմից ձևավորվեց «Միասնություն» նախընտրական դաշինքը։ Հարկ եմ համարում նշել, որ այս գործընթացում երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի կողմից նույնպես հանդես բերվեց ազգային և պետական խորը մտածողություն։
Հանրապետական կուսակցությունը այսպես ստանձնեց իշխող կուսակցության դերակատարությունը և որևէ մեկը չէր կարող խոչընդոտել այդ գործընթացին։
Դրանից կարճ ժամանակ անց, 1999թ. hոկտեմբերի 27-ի եղերական իրադարձություններից հետո երկիրը քիչ էր մնացել մատնվեր լիակատար քաոսի։ Հանրապետության քաղաքական դաշտում մի քանի ամիս տիրում էր տոտալ անվստահության և անհանդուրժողականության մթնոլորտ։ Այդ ժամանակահատվածում ՀՀԿ-ի կողմից հանդես բերված քաղաքական կամքի, տոկունության և պետականանպաստ գործունեության արդյունքում Հայաստանը զերծ մնաց քաղաքական էլ ավելի լուրջ ցնցումներից և նույնիսկ հնարավոր բախումներից։ Եթե այդ պահին ՀՀԿ-ն առաջնորդվեր հատվածական շահերով, և չլիներ հանրապետության երկրորդ նախագահի կողքին, ապա շատ մեծ հարց է՝ վերջինիս կհաջողվե՞ր պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը թե ոչ։ Հիմա ո՞վ է ում աջակցել։
Հարցազրույցում միտք արտահայտվեց այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում իշխող քաղաքական ուժի դերում ՀՀԿ-ի փոխարեն կարող էր լինել այլ կուսակցություն։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը այնքան էլ թույլ կուսակցություն չէր, իսկ նրա այն ժամանակվա նախագահ Անդրանիկ Մարգարյանը այնքան էլ թույլ գործիչ չէր, որպեսզի որևէ մեկը (անգամ հանրապետության նախագահը) կարողանար կողքից՝ հենց այնպես որոշեր նրա ճակատագիրը։ Վստահեցնում եմ, որ հենց այդ նույն ժամանակահատվածում ՀՀԿ-ի փոխարեն չէր կարող լինել մեկ այլ կուսակցություն։ ՀՀԿ-ն իր տեղը, դիրքը և դերակատարությունը հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում ձեռք էր բերել իր դավանած արժեհամակարգերի, տքնաջան աշխատանքի, ինչպես նաև նպատակասլաց ու խիստ պետականամետ գործունեության արդյունքում։ Եվ ոչ ոք, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չէր կարող խոչնդոտել այդ գործընթացը կամ սեփական քմահաճույքով որոշել նրա ճակատագիրը։
Իսկ այդպիսի փորձեր կատարվել են։ Արհեստական խութեր, խոչնդոտներ, հանրապետականի նկատմամբ պառակտիչ ու քայքայիչ գործողություններ միշտ էլ եղել են։ Չեմ բացառում, որ հանրապետականին այլ կուսակցությամբ փոխարինելու, կամ նրա դոմինանտող դերակատարությունը մեկ այլ կուսակցության փոխանցելու հուսահատ փորձեր կատարվել են։ Սակայն այդպիսի փորձերը եթե անգամ եղել են, ապա մատնվել են լիակատար անհաջողության։ Բոլորը, այդ թվում հանրապետության երկրորդ նախագահը բազմիցս համոզվել են, որ առանց հանրապետականի կարծիքը հաշվի առնելու, կամ առանց նրա լուրջ դերակատարության անհնար է որոշել հանրապետության համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցեր։
Հանրապետականը չի փոշմանել որ 10 տարի եղել է հանրապետության երկրորդ նախագահի քաղաքական հենարանը և աջակցել նրան։ Համենայն դեպս ոչ մի հանրապետական դեռևս այդպես չի արտահայտվել։ Մինչդեռ Քոչարյանը իր հարցազրույցում կիսաթափանցիկ ակնարկեց՝ որ Սերժ Սարգսյանին հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու հարցում կարելի էր և մտածել։ Տպավորություն է ստեղծվում որ Սերժ Սարգսյանը նախագահ է ընտրվել երկրորդ նախագահի բարեհաճության արդյունքում։ Մինչդեռ վստահեցնում եմ, որ ամենևին այդպես չի եղել և չէր էլ կարող լինել։ Անգամ ամենամեծ ցանկության դեպքում, Սերժ Սարգսյանի թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնում որևէ այլընտրանք չուներ։ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջնորդում է 2007 թվականից և նրա կյանքը, կենսափորձը, անցած ճանապարհը, Արցախյան ազատամարտում հանդես բերած մեծ ներդրումը, լրջությունն ու ողջախոհությունը, քաղաքական փորձառությունն ու կառավարման հնտությունները նրան դարձնում էին անվիճելի թեկնածու։ Դրան ի հակադարձումն տեղեկացնեմ, որ 1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Ռոբերտ Քոչարյանի՝ որպես հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու և ընտրվելու գործում նույն Սերժ Սարգսյանը հանդես է բերել շատ վճռական դերակատարություն։
Ռոբերտ Քոչարյանը լրջմիտ, ողջախոհ և իրատես քաղաքական գործիչ է։ Գործիչների այդ տեսակին հիմա անվանում են ռեալպոլիտիկ։ Նա եղել է ԼՂՀ առաջին նախագահը, հանդիսացել արցախյան պատերազմում տարած հաղթանակի սիմվոլներից մեկը, այնուհետև ՀՀ վարչապետ, դրանից հետո 10 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը։ Անուրանալի է նրա դերակատարությունը Հայաստանի պետականաշինության և ազգային անվտանգության ապահովման հարցերում։
Եվ այդուհանդերձ, որպես փորձառու, իրատես և պրագմատիկ գործիչ նա չի կարող չհասկանալ, որ ընտրություններով գրեթե անհնար է հաղթել գործող իշխանություններին։ Ներկա իրողությունների պայմաններում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու շանսերը ձգտում են զրոյի՝ կամ պարոն նախագահի շատ պատկերավոր բնորոշմամբ՝ «գտնվում են վիճակագրական սխալի տիրույթում»։ Այդ «լավատեսության» արդյունքում 2021թ. ընտրություններից հետո մենք ավելի ընկղմվեցինք ճահճի մեջ, որից առ այսօր չենք կարողանում դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանը Սասունցի Դավիթ չէ, բայց նա Էյնշտեյն է ոչ միայն կոռուպցիայի, այլև վարչական ռեսուրսների վայրենի կիրառման և ընտրական նորագույն զեղծարարությունների բնագավառում։ Վառ ապացույցը Գյումրու ավագանու ընտրություններն են։ Այո, նույն Գյումրու ընտրությունները, և այդ իբր թե հաղթանակի խաբկանքը թող չմոլորեցնի ոչ մեկին։ Համոզված եմ, որ հանրապետության երկրորդ նախագահը այս հանգամանքը նույնպես շատ լավ է հասկանում։
Անհասկանալի է նաև իմպիչմենթի գործընթացի նկատմամբ նման հեգնական վերաբերմունքը։ Մինչդեռ այն ներկա պահին թերևս իշխանափոխության ամենաիրատեսական տարբերակն է։ Խուսափել իմպիչմենթից նշանակում է խուսափել ռեալ և իրական իշխանափոխությունից։ Ուրեմն ո՞րն է նպատակը, ինչու՞մն է կայանում Ռոբերտ Քոչարյանի ռեալպոլիտիզմը։
Նիկոլին տգետ անվանելը հերոսություն չէ։ Նիկոլի տգետ լինելն էլ նորություն չէ։ Այն որ Նիկոլը տգետ է, բոլորն էլ արդեն վաղուց գիտեն՝ նույնիսկ շատ ՔՊ-ականներ։ Զարմանալին այն էր, որ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ չարտաբերեց «դավաճան», «դավաճանություն» արտահայտությունները։ Նիկոլը մեղադրվում էր ընդամենը տգիտության և կոռուպցիոն էյնշտեյնականության մեջ։ Սա շատ մեղմ բնորոշում է Նիկոլ Փաշինյանի դավաճանության և գործած պետական հանցագործությունների ու զազրելի ոճիրների համեմատ։
Ինձ համար զարմանալի էր նաև, որ ՀՀ երկրորդ նախագահը ոչ մի խոսք չասեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և նրա ապագայի մասին։ Չներկայացվեց Արցախին և արցախցիներին առընչվող և ոչ մի տեսլական։ Ուրեմն հանրապետության երկրորդ նախագահի համար Արցախի էջը փակվա՞ծ է այլևս։
Ոչ մի խոսք առաջիկայում թուրքադրբեջանական պարտադրանքով նախատեսվող սահմանադրական հանրաքվեի մասին, ոչ մի խոսք Հայաստանի իշխանություններին պարտադրվող Մինսկի խմբի լուծարման մասին։ Ի՞նչ է, դրանք այլևս կարևոր չե՞ն։ Սա՞ է Ռոբերտ Քոչարյանի ռեալպոլիտիզմը։
Բա էլ ինչի՞ համար էր այդ հարցազրույցը, հանրապետականի վրա «բոչկա գլորելու՞»։ Դա էլ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ասպետական ժեստ ցուցաբերեց և հորդորեց «հանգիստ թողնել Քոչարյանին»։
Այս և նման հարցերը հետաքրքրում են ընդդիմադիր դաշտում գտնվող հասարակական և քաղաքական գրեթե բոլոր շրջանակներին, գործիչներին և հանրության լայն շերտերին։ Այս և նմանատիպ հարցերը բարձրացվել և բարձրացվում են հիմնականում նրանց կողմից։ Պետք չէ դրանք բոլորը վերագրել ՀՀԿ-ին և մեղադրել վերջինիս փոխհրաձգությունը առաջինը սկսելու մեջ։ Ուրեմն եթե որևէ մեկը հանրապետության երկրորդ նախագահին որևէ մեղադրանք կամ քննադատություն ներկայացրեց, ուրեմն հանրապետակա՞նն է մեղավոր։ Մեղմ ասած դա արդարացի չէ։
ՀՀԿ-ն ինչպես միշտ՝ այսօր ևս առաջնորդվում է բացառապես ազգային և պետական շահերով։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունց հեռացնելու հարցը հանրապետականի գործունեության ամենաառանցքային խնդիրն է, և այդ հարցում կուսակցությունը հանդես է գալիս առանց նախապայմանների։ Հանրապետականը չի ձգտում իշխանության, Սերժ Սարգսյանը չի ձգտում վերադառնալ վարչապետի պաշտոնին։ Ավելին, հանրապետականը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել նաև Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս պատրաստակամ կլինի նախաձեռնել իմպիչմենթի գործընթաց։ Էլ ի՞նչ են ուզում հանրապետականից։
Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի քայլերը տանում են ոչ թե իրական իշխանափոխության, այլ հակառակը, բարդացնում ու դժվարեցնում դրան հասնելու հնարավորությունը։
Վերը թվարկված հարցերի պատասխանները մենք չունենք։ Իսկ քանի դեռ չունենք, կարո՞ղ եմ մտածել, որ Ռոբերտ Քոչարյանի նպատակը ոչ այնքան իշխանափոխությունն է, որքան թիվ մեկ ընդդիմադիրի կարգավիճակը պահպանելը։ Կարո՞ղ եմ մտածել, որ արդյո՞ք գոյություն չունեն որոշակի պայմանավորվածություններ Նիկոլ Փաշինյանի (կամ մի գուցե նրա տերերի) հետ, որոնց պարագայում իշխանափոխությունը առաջնահերթ խնդիր չէ։
Հուսամ որ իմ մտածումներում ես սխալվում եմ։