Վրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել
Միջազգային
Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հաստատել է, որ հանրապետությունում ուժի մեջ է մտել Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման արգելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայիսի 15-ից Վրաստանն ամբողջությամբ արգելել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար մարդատար ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի արտահանումը երկրից։
«Վրաստանը կատարում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, մասնավորապես պատժամիջոցների 11-րդ փաթեթը, ըստ որի Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիներին արգելվում է ավտոմեքենաների վերաարտահանումը Վրաստանից երրորդ երկրներ», - ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ արգելքը չի տարածվում այլ երկրների քաղաքացիների կողմից ավտոմեքենաների վերաարտահանման վրա։
Բացի այդ, ինչպես նշում է ՆԳՆ ծառայության գործակալությունը, 2023 թվականից գործում է կանոնակարգ, որն արգելում է տրանսպորտային միջոցների և հատուկ սարքավորումների վերաարտահանումն անմիջապես Ռուսաստան կամ Բելառուս։