Հայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման Դանիելյանի
Ներքաղաքական
«Իրավունք»-ը զրուցել է «Հայոց Հայրենիք» կուսակցության առաջին փոխնախագահ
Արման Դանիելյանի հետ:
- Վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ակտիվորեն խոսում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր բախման մասին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները։
- Մենք գործ ունենք չափազանց լուրջ աշխարհաքաղաքական ազդակների հետ։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հստակ նշել է՝ բախման ռիսկը բարձր է, եւ ԱՄՆ-ը փորձում է կանխել այն։ Սա ցույց է տալիս, որ միջազգային մակարդակով Հայաստանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Մյուս կողմից՝ Լավրովի այցը եւ հայտարարությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել դիրքերը տարածաշրջանում, բայց դա անում է արդարացումների ու մեղավորներ որոնելու ճանապարհով։
- Այդ պայմաններում ո՞րն է Հայաստանի իշխանությունների արձագանքը, ըստ Ձեզ։
- Ցավոք, մենք չենք տեսնում հստակ ռազմավարություն։ Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է պարզապես չբախվել ոչ մեկի հետ, այսինքն՝ տեղավորվել գերտերությունների շահերի միջեւ՝ առանց ինքնիշխան քաղաքականություն ձեւավորելու։ Այդ կիսաքայլերը վտանգավոր են: Հայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում։
- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանը կարող է լինել սուբյեկտ, երբ առճակատումը գնալով սրվում է։
- Այո՛, բայց միայն այն դեպքում, երբ մենք սկսենք ինքներս լինել նախաձեռնող։ Մենք պետք է գործենք որպես սուբյեկտ՝ հստակ ազգային շահերով։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն պաշտպանում միմիայն մեր շահերը։ Նրանք պաշտպանում են իրենց շահը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ դառնալ բեմ, որի վրա իրենց խաղերն են խաղում ուրիշները։
- Ի՞նչ դիրքորոշում ունի «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
-Մեր կուսակցությունը պաշտպանում է հստակ եւ ազգային շահին ենթարկվող արտաքին քաղաքականություն։ Մենք ասում ենք՝ ո՛չ զիջողականությանը, ո՛չ կուրորեն որեւէ գերտերության օրակարգին հետեւելուն։ Այո՝ բազմավեկտոր քաղաքականությանը, բայց՝ արժանապատվորեն, սեփական դիրքորոշմամբ։ Մեր ինքնիշխանությունը պետք է դառնա մեր քաղաքականության հիմնասյունը, ոչ թե շահարկման առարկա։
-․ Ի՞նչ հիմնական վտանգներ եք տեսնում այս փուլում։
- Տեսնում ենք երեք հիմնական վտանգ՝ 1. Ադրբեջանի սադրանքները, որոնք շարունակվում են՝ քաղաքական եւ ռազմական մակարդակներով,
2. Ռուսաստանի փաստացի հրաժարումը դաշնակցային պարտավորություններից՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում,
3. ԱՄՆ-ի կողմից խաղաղության միջնորդի դեր ստանձնելու, բայց իրականում տարածաշրջանում ազդեցությունը ամրապնդելու փորձերը։
- Ուրեմն ի՞նչ է պահանջվում այս իրավիճակից դուրս գալու համար։
- Պահանջվում է հստակ քաղաքական կամք՝ կողմնորոշվելու ոչ թե ըստ օրվա քամու, այլ ըստ ազգային շահի։ Ժամանակն է, որ հայկական կողմը խոսի հստակ ու վճռական՝ առանց երկիմաստության։ Ոչ թե հարմարվի հոսանքներին, այլ դառնա սեփական ճակատագրի իսկական ձուլարանը։ Որոշվում է ոչ միայն խաղաղության հարցը, այլ՝ մեր պետականության երկարաժամկետ ճակատագիրը։ Մենք չենք կարող եւ իրավունք չունենք դառնալ ուրիշների աշխարհաքաղաքական խաղասեղանի խաղաքարտը։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ