«Իրավունք». Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնում
Մամուլի տեսություն
«Իրավունք» թերթը գրում է. «Նախկին ավագանիներն էլ են մարդ եւ զուգարան են գնում: Չե՞ք հավատում, ուրեմն` կարող եք սոցցանցում գտնել մի տեսանյութ, որտեղ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանն իր մեքենայով ողջ քաղաքով մեկ զուգարան է փնտրում: Հասկանալի է, թե ինչու, բայց անհասկանալի է մի բան, երբ նույն Իսպիրյան Արթուրը ավագանու անդամ էր, չէ՞ր ունենում բնական կարիքներ, դա առաջացավ մանդատը դնելուց հետո՞: Թե՞ նոր սկսեց նկատել քաղաքում ոչ պակաս կարեւոր խնդրի՝ հանրային զուգարանների բացակայության մասին:
Ողջ Երեւան քաղաքում գործում է 15 հանրային զուգարան, որոնց սանիտարահիգիենիկ վիճակի մասին խոսելիս հարկավոր է ամուր փակել քիթ-բերանը: Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Երեւանի 2750-ամյակի այգու հանրային զուգարանը տեսքից կոկիկ, շրջանաձեւ կրպակ էր հիշեցնում, բայց դռները պինդ փակված էին։
Հետո թողնես, մեծ-մեծ խոսեն, թե բա՝ տուրիզմը զարգանում է կամ չի զարգանում, ֆլան-ֆստան: Նորից «ռամաշկա» ենք խաղում: Իսկ իրականում ընդամենը պետք է ուշադրություն դարձնել քաղաքում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին, եւ երբ ներկայիս իշխանությունը փորձում է համեմատվել Եվրոպայի հետ, որտեղ անգամ կենդանիների համար հատուկ նախատեսված պետքարաններով այգիներ են գործում, թող առաջին հերթին ուշադրություն դարձնի քաղաքի նվազագույն պայմաններին, պահանջներին եւ բյուջեով հաստատված գումարների վատնմանը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում