«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆ
Սպորտ
Վերջերս Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը բոլոր տարիքային խմբերի ընդհանուր հաշվարկում նվաճել է 21 մեդալ, որից 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը առաջին անգամ նվաճած, ծնունդով Աբովյանից ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Գոռ, փայլուն հաղթանակի առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 71 կգ քաշային կարգում, մարզական սամբոյում։ Մեկնարկային գոտեմարտում 2։0 հաշվով հաղթեցի վրացի մրցակցիս։ Երկրորդ գոտեմարտի ժամանակ 5։2 հաշվով պարտվում էի ադրբեջանցի մրցակցիս, սակայն հնարք կարողացա կատարել ու ինձ հաջողվեց 6։5 հաշվով հաղթել նրան։ Կիսաեզրափակչում 1։0 հաշվով պարտության մատնեցի Բելառուսի ներկայացուցչին։ Իսկ ահա եզրափակչում ոսկե մեդալի ճանապարհին, համառ պայքար մղեցի ու 1։1 հաշվով հաղթեցի ուկրաինացի մրցակցիս, նրան մրցավարները նկատողություն տվեցին։ Կարող եմ ասել, որ բարդ գոտեմարտն ադրբեջանցու հետ էր, քանի որ նա բավականին ուժեղ, փորձառու մարզիկ էր։ Իսկ ազգությունը մոռանում ենք գորգում, դա այդքան էլ կապ չունի ինձ համար, քանի որ սպորտը չենք խառնում քաղաքականության հետ։
Ադրբեջանցու հետ գոտեմարտում ես որևէ լարվածություն չզգացի։ Սա իմ առաջին մեծ նվաճումն էր այս ոսկե մեդալը։ Անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ հաղթեցի ու հնչեցրի մեր երկրի օրհներգը, Հայոց եռագույն դրոշը ծածանեցի։Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ Կաշխատեմ աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը ևս նվաճել ոսկե մեդալ, կրկնել այս հաջողությունը։ Նշեմ, որ եղբայրս Բորիս Շատվերյանը, ևս սամբիստ է, հենց նրանից էլ ոգեշնչվել եմ։ Նա մեծահասակների Աշխարհի փոխչեմպիոն է, մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր։
- Շնորհակալություն, Գոռ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






