Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ
Հասարակություն
Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվող լրացումներով տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ, որը կզսպի ներկայում լայն տարածում ստացած հանցատեսակի աճը:
Հարակից զեկուցող Տրդատ Սարգսյանը ներկայացրել է գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
Ելույթներում պատգամավորները կարևորել են նմանատիպ կարգավորումների սահմանումն ու օրենսդրական նախաձեռնության ընդունումը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: