ՄՈՍԿՎԱՆ ՍԿՍԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
Վերլուծություն
Իհարկե, Մոսկվայի համար այս պահին դեռ հիմնականը մնում է ոչ թե հարավկովկասյան ուղղությունը, այլ` Ուկրաինան, ավելի կոնկրետ` ուկրաինական խնդիրը` ռուս-ամերիկյան հարաբերությունների սոուսով: Ընդ որում, այս ուղղությամբ իրավիճակն ակնհայտորեն սկսել է տեղափոխվել հանգուցալուծման կամ` նոր փուլի մեկնարկի ժամանակաշրջան:
Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը, եւ Պուտին-Թրամփ գագաթաժողովի չկայանալը թերեւս որոշակի հարցերի պատասխանը տվեց: Նախ, որ Ռուսաստանը ուկրաինական ուղղությամբ ոչ մի քայլ նահանջել չի պատրաստվում` շարունակելով պնդել այն բոլոր պայմանները, որոնց մասին պաշտոնապես հայտարարվել է: Այն է`առնվազն չորս մարզերի (Ղրիմի մասին խոսք անգամ չկա) ճանաչումը, որպես ռուսական տարածքներ, ապա` Ուկրաինայի ապառազմականացումը եւ ոչ դաշինքային կարգավիճակը: Այս ամենը առաջ տանելու միակ տարբերակը դեռ մնում է ռազմականը: Ամեն դեպքում, օրինակ ռուս փիլիսոփա Դուգինի գնահատմամբ. « Իհարկե, բանակցությունների ընթացքում մենք կարող ենք փորձել դիվանագիտական միջոցներով հասնել այն բանին, ինչին դեռեւս չենք հասել ռազմական մեթոդներով։ Բայց առայժմ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է առաջարկել Ռուսաստանին Թրամփը, ով ցանկանում է արագ ավարտել այս պատերազմը եւ պատրաստ է որոշակի փոխզիջումների։ Ի վերջո, Եվրամիությունը եւ Զելենսկին դա չեն ուզում։ Ավելին, Զելենսկիին դա պարզապես չի տա»: Այն է` բանակցություններն այս պահին հարցի լուծման չեն տանելու:
Թրամփը, իհարկե, փորձում է հնարավորինս շուտ ուկրաինական խնդրից ձերբազատվել: Ամեն դեպքում, գործնականում «ամենօրյա ռեժիմի» են անցել նրա եւ պետքարտուղարի հայտարարությունները, թե` ցանկանում են օր առաջ անցկացնել Պուտին-Թրամփ գագաթաժողովը` լուծումներ ստանալու համար: Ընդ որում, ակնհայտորեն խոսքը ոչ թե միայն ուկրաինական ուղղությամբ, այլ, առհասարակ` ռուս-ամերիկյան թեմայով լուծումների մասին է: Իհարկե, Զելենսկուն լուծումներ պարտադրելու տարբերակներ Թրամփն ունի, բայց արդյոք կպարտադրի՞ այն բոլոր լուծումները, որոնք այսօր Մոսկվայի համար բավարար են. այստեղ հարցականներ կան: Ամեն դեպքում, երբ Վաշինգտոնը պարբերաբար խոսում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին, անգամ այդ հարցը կա Կոնգրեսի օրակարգում, դա ավելի շատ խոսում է այն մասին, որ Թրամփը դեռ կփորձի որոշակի զիջումներ պարտադրել Մոսկվային:
Ահա այս ֆոնին, ի հայտ եկան պնդումներ, թե Պուտինի ակնկալիքներով, ռուսական բանակը մինչեւ այս տարեվերջ կկարողանա քայքայել ուկրաինական պաշտպանությունը եւ վերահսկողության տակ վերցնել չորս մարզերն ամբողջությամբ: Ընդ որում, այն գործընթացները, որոնք վերջին ժամանակներս նկատվում են ռուսական ռազմական վերին մակարդակներում, թերեւս հենց այդ մասին են խոսում: Նկատի ունենք, որ ստամբուլյան վերջին իրադարձություններին զուգահեռ, տեղի ունեցավ ռազմական նշանակության մեկ մեգաիրադարձություն, որը կարող է դառնալ ուկրաինական պատերազմի հանգուցալուծման իրական հիմքը: Խոսքը գեներալ Մորդեւիչեւին ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար նշանակելու մասին է:
Մորդեւիչեւին, իրավամբ, պետք է համարել ռուսական բանակի լավագույն մարտական գեներալներից մեկը: Այն դեպքում, երբ այդ պաշտոնին մինչ այս գտնվող Օլեգ Սալյուկովին, ինչպես որակել էր ռուսական հեղինակավոր ռազմական փորձագետներից մեկը, պետք է լավագույն դեպքում «թանգարանային նմուշ» համարել, եթե ոչ ավելի վատ: Իսկ ահա նրան փոխարինած Մորդեւիչեւը, աղբյուրի գնահատմամբ, անբասիր համբավ ունեցող գեներալ է, որի ղեկավարած զորքերը գրավել են Մարիուպոլը, որտեղ. «Գեներալն արեց անհնարինը. նրան հաջողվեց գրավել քաղաքը ուժերի մեկ-մեկի հարաբերակցությամբ։ Միեւնույն ժամանակ, ռազմական գիտության համաձայն, հարձակվող կողմը պետք է ունենա առնվազն եռակի գերազանցություն»։ Ապա նրա գլխավորած «Կենտրոն» բանակախումբը գրավեց Ավդեեւկայի պես հզոր ամրոցը, որից հետո մինչեւ Պոկրովսկի գոտին ընկած հսկայածավալ գոտին: Միաժամանակ, Մորդեւիչեւի տեղը զբաղեցրեց գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը, ում հրամանատարությամբ ռուսական բանակն ազատագրեց Կուրսկի գոտին, այդ թվում`«Հոսք» հռչակավոր օպերացիայի միջոցով, որի նախնական տարբերակը, ի դեպ, դեռ Ավդեեւկայում կիրառել էր Մորդեւիչեւը:
Մեկ բան հաստատ է, այս նշանակումներով Մոսկվան սկսում է վերակառուցել բանակային վերին էշելոնները` «դինոզավրային» կադրերին փոխարինելով իրենց կարողությունները մարտադաշտում ապացուցած մարտական գեներալներով: Ավելին, մասնագետները կանխատեսում են, որ Մորդեւիչեւը կդառնա Գլխավոր շտաբի պետ, եւ, համապատասխանաբար, Ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը կարեւոր քայլ է այս ճանապարհին: Այսինքն նման է, որ խնդիրը ողջ վերին համակարգը` ԳՇ-ն վերակառուցելու մասին է, ինչպես որ եղավ ՌԴ Պաշտպանության նախարարությունում: «Մորդեւիչեւի նշանակումը, հուսով ենք, նախերգանք կդառնա`«մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած մարտական գեներալներով: Այլապես, կարող ենք մի քանի տարի եւս կռվել` ամեն փոքրիկ գյուղի եւ ավանի համար ամիսներով զոհեր տալով»,- գրում է վերլուծաբանը: Եվ եթե նպատակը դա է` ռազմական զարգացումների կտրուկ ակտիվացումը եւ որակի բարձրացումը, ապա պատերազմն այս տարեվերջին որոշակի հանգուցալուծման հասցնելն արդեն իրատեսական կարող է դառնալ:
Թերեւս, այս փաստերն էլ կարող են դրվել Թրամփի առաջ` Պուտինի հետ վերսկսված ուղիղ շփումների ժամանակ` ռազմական ճանապարհով լուծել Մոսկվայի վերջնական պահանջների հարցը, որից հետո արդեն շատ ավելի հեշտ կլինի անցնել քաղաքական հանգուցալուծումների: Իսկ մինչ այդ, Թրամփը կարող է հրաժարվել միջնորդի դերից, որի մասին Պուտինի հետ եկեկվա հեռախոսազրույցի համատեքստում ակնարկներ եղան: