Խաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգ
Հասարակություն
Խաղաղ Դոնի փողոցը ոչ բարվոք վիճակում է, ամբողջությամբ խախտված է հողային պաստառը, որի հետևանքով խախտվել են նաև ասֆալտբետոնե պաստառի ծածկույթի թեքությունները: Քայքայված են և՛ եզրաքարերը, և՛ մայթերը, փողոցը ֆիզիկապես շատ վատ վիճակում է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 20-ի նիստին ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Քաղաքապետի հանձնարարությամբ պատվիրվել է Խաղաղ Դոն փողոցի ոչ թե միջին նորոգման, ընթացիկ նորոգման, այլ հիմնանորոգման նախագիծ. փողոցն ամբողջովին պետք է ենթարկվի հիմնանորոգման: Այդ նախագծի պատվերն արդեն հայտարարված է: Նախագծահաշվային փաստաթղթերի՝ պատրաստ լինելուց հետո կկայանա շինարարական աշխատանքների մրցույթ»,- ասաց նա:
Քաղաքապետի խորհրդականը նաև տեղեկացրեց՝ Խաղաղ Դոնի փողոցը զուրկ է մակերեսային ջրերի հեռացման հեղեղատար համակարգից, ինչը դժվարանցանելի է դարձնում փողոցը, և ջրի կուտակումը հաճախ պատճառ է դառնում ճանապարհի քայքայման:
«Արդեն իսկ պատվիրված են փողոցում հեղեղատար համակարգի կառուցման նախագծահաշվային փաստաթղթերը: Այս պահին փորձաքննության փուլում ենք, և զուգահեռ պատվիրված են փողոցի հիմնանորոգման նախագծահաշվային փաստաթղթերը: Մեծ փաթեթով դա կներկայացվի մրցույթի:
Հուսով եմ՝ այս տարի մենք կունենաք նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, որից հետո բյուջետային հատկացումների շրջանակներում կիրականացվեն փողոցի հիմնանորոգման աշխատանքներ»,- ասաց Արեյանը՝ նշելով, որ փողոցը հիմնանորոգված կլինի 2026 թվականին:
Քաղաքապետի խորհրդականը նաև տեղեկացրեց, որ մայրաքաղաքի 51 հասցեների համար արդեն իսկ պատվիրվել են հեղեղատար համակարգի կառուցման նախագծահաշվային փաստաթղթերը, որոնք փորձաքննության ավարտից հետո կունենան ֆինանսական գնահատական: