Ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է պաշտպանի իր շահերը. Քաղաքագետ Ժիրայր Ազիզյան
Ներքաղաքական
Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին: Ի՞նչ կտա, ըստ էության, այս պահին թշնամու տիրապետության տակ գտնվող երկրի նախագահի ընտրությունը արցախահայերին եւ առհասարակ փորձել ենք հետաքրքրվել արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանից, ով նկատեց.
- Դեռևս երբ Արցախում պետք է ԱԺ կողմից փոփոխության ենթարկվեր Հանրապետության մայր օրենքն ու անհաղթահարելի իրավիճակների պայմաններում նախագահի ընտրությունը տրվեր խորհրդարանին` ես նշել էի, որ դա ներկայացուցչական ժողովրդավարության և սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է, որի իրականացման պայմաններում պոտենցիալ հարվածի տակ է դրվում նաև օրենսդիր և դատական իշխանությունների լեգիտիմությունը։ Այնուամենայնիվ մենք ունեցանք քաղաքական առումով ոչ լեգիտիմ և իրավական առումով ոչ լեգալ նախագահ, որի լիազորությունները մեղմ ասած խիստ սահմանափակվել են այլ սուվերեն երկրի տարածքում։ Եթե հիմա խնդիր է դրված խորհրդարանի կողմից ընտրված նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո պահպանել այդ ինստիտուտն ու նոր նախագահ ընտրել, ապա կարծում եմ հենց ժողովուրդը պետք է որոշի թե ով կշարունակի զբաղվել իր շահերի պաշտպանությամբ։ Կարելի է օնլայն ընտրությունների միջոցով դա իրականացնել համապատասխան անձնագրային վերիֆիկացման եղանակով, միջազգային ընտրական պրակտիկայում կիրառվող տարբերակներ շատ կան։ Պետք է նաև մի դիտարկում էլ անեմ, կապված Արցախի Հանրապետության ԱԺ-ի լիազորությունների ժամկետի հետ կապված, ըստ ժողովրդի կողմից ընտրված Սահմանադրության դրանք ավարտվում են հենց նախագահի լիազորությունների հետ միաժամանակ և իշխանության երկու թևերի ընտրությունները անցկացվում են համաժամանակյա, ուստի նախ պետք է հասկանանք, թե Ազգային Ժողովի ընտրությունները ինչպես են իրականացվելու, հուսով եմ ինչ որ մեկի մտքով չի անցնում, որ պատգամավորներին էլ կարելի է նշանակել նախագահի կողմից, կամ, որ գործող խորհրդարանը պետք է հավերժ պահպանվի։