Պարտությունը վերջը չէ. Հայկ Ղազարյան
Ներքաղաքական
Պարտությունը վերջը չէ, սիրելի՜ ժողովու՜րդ ողբերգություն չէ, ողբերգությունը նա է, երբ չես ուզում բարձրանալ ընկածդ տեղից, երբ հաշտվում ես պարտության հետ...
«Համեստություն` հաղթանակների, անսասանություն` պարտությունների դեպքում», - ասել է քաղաքական գործիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումը:
Անշուշտ, ինչպես Հուլիոս Կեսարն է ասել. «Ոչ մի հաղթանակ չի կարող բերել այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը»։ Եվ խլեց հայ ժողովրդից 2020թ. 44֊օրյա դավադիր պատերազմում կրած այդ անփառունակ պարտությունը։ Խլեց անպաշտպան զինվորներին դաժան սպանդի ենթարկելու, վախի համատարած մթնոլորտի ստեղծման, հայի ազգային արժանապատվությունը ջախջախելու միջոցով, որի նպատակը հայի ժողովրդի դիմադրողականությունը, ըմբոստությունը կոտրելն էր, հայի ողնաշարը, նրա անկոտրում ոգին ջարդելն էր, այնպիսի սարսափ տարածելն էր, որ նա երբեւէ այլեւս չմտածի պայքարի մասին, անկախ հայրենիք ու պետականություն ունենալու մասին։
Պարտությունն այն է, երբ դու հաշտվել ես դրա հետ, երբ չես ուզում բարձրանալ ընկած վիճակից։ Իսկ մենք պարտվեցինք, որովհետև մեծամտացանք, լոպազացանք հաղթանակից, որովհետև կտրվեցինք իրականությունից, տարվեցինք վայելքներով, դասեր չքաղեցինք հաղթանակի սխալներից, իսկ հաղթանակը ծածկում է բոլոր սխալները։ Հաղթանակներն էլ որպես կանոն չեն սովորեցնում, հաճախ պարտություններն են դառնում իմաստուն մտքերի աղբյուր։ Իսկ այս աննախանձելի վիճակում հայտնվեցինք, որովհետև չհետևեցինք, չպահպանեցինք Մուհամեդ բեն Ռաշիդի «Համեստություն հաղթանակների, անսասանություն պարտությունների դեպքում» հռչակած այս սկզբունքները։ Եվ եթե իրականության հետ անկեղծ առերեսվենք, ապա չի կարող հաջողություն ու հաղթանակներ արձանագրել մի ժողովուրդ, ով չի կարողանում արդեն 5 տարի դուրս գալ այս մոլորությունից ու դեպրեսիաից, ով ի զորու չէ օրակարգ թելադրել իր իշխանություններին, ով հայրենիքը` ամենաթանկը կորցնելուց հետո դեռ վախենում է ինչ֊որ բան կորցնելուց, խնդիրնեը քաղաքականացնելուց, ում մի մեծ հատված պայքարի փոխարեն ընտրում է հաշտվողականությունը, թրքահպատակությունը, հանդուրժում է ազգային խայտառակությունը, նվաստացումը, դավաճանությունն ու ուրացումը։ Ինչպես ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանն է ասել. «Իսկական պարտությունը, միակ անդառնալի պարտությունը, գալիս է ոչ թե թշնամուց, այլ ինքդ քեզնից»:
Իսկ պարտությունը, սիրելի հայրենակիցներ, վերջը չէ, այն միաժամանակ հնարավորություն է սխալներից դասեր քաղելու, հետևություններ անելու և ավելի իմաստնացած ու ուժեղացած առաջ գնալու համար։ Կարևորը հավատը սեփական ուժերի նկատմամբ, պայքարելու կամքը չկորցնելն է, չհուսահատվելն է։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու