Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը՝ մայիսի 17-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ռուբիոն ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը և կողմերի կողմից հրադադարի իրենց տեսլականի նախապատրաստումը։ ԱՄՆ պետքարտուղարը նաև խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի նպաստել հակամարտության կարգավորմանը։
Բացի այդ, Լավրովը և Ռուբիոն քննարկել են ռուս-ամերիկյան շփումների շարունակականությունը։