ԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐ
Վերլուծություն
Այն, որ այս օրերին, առանց չափազանցության, ողջ համաշխարհային քաղաքականությունը կենտրոնացել է Ստամբուլում, դժվար չէ տեսնել: Եվ դա հասկանալի է. Ստամբուլում այնպիսի «մեծ կաշա» է եփվում, որը կարող է ընդհուպ ողջ «քաղաքական աշխարհին» կերակրել առաջիկա մի քանի տասնամյակներին՝ կանխորոշելով այդ ժամանակահատվածում մարդկության զարգացման ուղին: Եվ դա, անկախ այն արդյունքներից, որոնք կարձանագրվեն ուկրաինական թեմայով, թեեւ տեսանելի մասում հենց դա` ուկրաինական խնդիրն է Ստամբուլյան այս միջոցառման առիթը:
ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԲՈԼՈՐԸ ՎԱԶԵՑԻՆ ԹՈՒՐՔԻԱ
Թե ինչ է սպասվում Ստամբուլում, դեռ շատ առաջ չընկնենք. ընթացքի մեջ է մասշտաբային բազմաքայլ կոմբինացիա, որի վերջնական արդյունքներն այս մեկ միջոցառմամբ չէ, որ տրվելու են: Բայց նաեւ չմոռանանք. տեւական դադարից, հազար ու մի իրադարձություններից, ողբերգություններից հետո սա առաջին ռուս-ուկրաինական պաշտոնական ուղիղ շփումն էր, եւ սա էլ արդեն իսկ պետք է արդյունք համարել: Առավել եւս, երբ Եվրոպան, նաեւ՝ Կիեւը համառորեն խուսափում էին այս շփումից, բայց…
Հենց սա էլ պետք է համարել Մոսկվայի հիմնական հաղթանակներից մեկը: Հիշեցնենք, Եվրոպան եւ Կիեւը փորձում էին բոլորովին այլ օրակարգ պարտադրել՝ 30-օրյա անվերապահ զինադադար: Իմաստն էլ կռահելի էր. այս պահին ուկրաինական կողմը բոլոր ռազմաճակատներում ծայրահեղ բարդ վիճակում է, կարող են մի քանի ուղղություններում տեղի ունենալ ճակատի փլուզում, եւ գոնե 30- օրյա դադարը Կիեւի համար չափազանց կարեւոր էր՝ այդ վիճակը կայունացնելու եւ գոնե, ասենք, մի վեց ամսվա կամ մեկ տարվա ռազմական պոտենցիալ ստեղծելու համար: Երկրորդ խնդիրը. փորձում էին նման զինադադարից Մոսկվայի հրաժարվելը Թրամփին հրամցնել, թե ռուսական կողմը ոչ մի խաղաղություն էլ չի ցանկանում, պետք է Վաշինգտոնը, ինչպես Բայդենի օրորք էր, կենտրոնանա ուկրաինացիներին ամեն կերպ աջակցելու վրա: Եվ եթե դա համեմեին համապատասխան մասշտաբային քարոզչությամբ, կարող էին Թրամփին բարդ վիճակի մեջ դնել:
Ու ահա, Պուտինը հրապարակավ հայտարարեց. ոչ մի զինադադար, փոխարենը ռուսական պատվիրակությունը ուկրաինացիներին մայիսի 15-ին կսպասի Ստամբուլում: Այդ փոխանցումը ստացած Թրամփից էլ եկավ համապատասխան ռեակցիա, որի արդյունքում Զելենսկին պարզապես ստիպված էր ոչ միայն պատվիրակություն ուղարկել, այլ՝ անձամբ մեկնել Թուրքիա: Իտալացի պրոֆեսոր Ալեսանդրո Օրսինը պատկերը նկարագրում է այսպես. «Repubblica»-ն գրում է, որ Զելենսկին փորձում է «ծխով դուրս մղել» Պուտինին։ Դա մի փոքր նման է նրան, որ սուրիկատը գոռա մարմոտ վագրի վրա. «Դուրս արի քո որջից, վագր, մի՛ վախեցիր ինձնից»։ Իրականում, հենց Պուտինն էր, որ Զելենսկուն եւ ՆԱՏՕ-ին ստիպեց բանակցել»:
Սա արդեն իսկ խոշոր դիվանագիտական հաղթանակ էր.ողջ լիբերալ աշխարհն ինչ-որ բաներ էր խոսում, բայց Պուտինի մեկ հայտարարությունից հետո ստիպված էին վազել Ստամբուլ:
ԱՌԱՋԻՆ ԹԱԿԱՐԴԸ
Բայց ահա, մեկնելով Թուրքիա, Զելենսկին հայտնվեց շատ ավելի վտանգավոր թակարդում: Մոսկվան, մինչեւ այն պահը, երբ ուկրաինական կողմը այլեւս չէր կարող մեկնումը չեղարկել, քանի որ կար նաեւ Թրամփի գնալ-չգնալու հարցը, սպասեց եւ նոր միայն ներկայացրեց պատվիրակության կազմը: Ըստ ուկրաինական աղբյուրի մեկնաբանության. «Ստամբուլ մեկնող ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակը, պաշտպանության նախարար Ումերովը, արտաքին գործերի նախարար Սիբիհան եւ նախագահի խորհրդական Ժովկվան։ Զելենսկին եւս կանխավ հայտարարել է մեկնելու եւ այնտեղ Պուտինին սպասելու մասին, բայց հենց դա էլ դարձավ նրա համար հիմնական ծուղակը: Նախ, ամենատարբեր աղբյուրները որքան էլ կանխատեսեցին, սակայն մինչեւ վերջին պահը` երեկ գիշեր այդպես էլ չկռահեցին, թե ինչ պատվիրակություն է ուղարկում Պուտինը եւ անձամբ կմեկնի՞: Ու վերջում պարզվեց, որ ռուսական պատվիրակությունն ավելի ցածր կարգավիճակում էր, քան բոլորը կանխատեսում էին: Այսինքն, եթե սպասում էին, որ այն ամենաքիչը կազմված կլինի Ուշակովից, Լավրովից եւ Դմիտրեւից` Պուտինի հաջորդող առանցքային դեմքերից, սակայն իրականում մեկ աստիճան ցածր է` պատվիրակության կազմում են Մեդինսկին, Գալուզինը, Կոստյուկովը, Ֆոմինը (հետաքրքիր ընտրություն)»:
Այսինքն, դրանով Զելենսկին երկու փաստի առաջ կանգնեց: Նախ, Մեդինսկին նախորդ` 2022թ.-ի ստամբուլյան բանակցություններում եւս ղեկավարում էր Կրեմլի պատվիրակությունը։ Եվ նրան նորից նշանակելը հստակ ազդանշան է, որ սա այն «Ստամբուլյան համաձայնագրերի» շարունակությունն է, որոնք Զելենսկին խափանեց բրիտանացիների եւ գլոբալիստների «պահանջով»։ Դա Զելենսկիի համար, քարոզչական առումով, դատավճիռ է, քանի որ այն ժամանակ պայմաններն ավելի լավն էին, քան այսօր։ Գումարած, այն ժամանակվա ավելի լավ պայմաններից հրաժարվելուց հետո նա Ուկրաինային հասցրեց հարյուր հազարավոր մարդկային կորուստներ, տնտեսության եւ գործնականում` ամեն ինչի ոչնչացման, եւ վերջում էլ պետք է համաձայնվի ավելի վատ պայմանների հետ. դրա համար հաստատ վաղ թե ուշ Զելենսկու գլուխը չեն շոյելու:
Երկրորդը. թեեւ Պուտինը երեկ Ստամբուլ չմեկնեց, սակայն դա պատճառաբանելով, Զելենսկին բանակցություններից հրաժարվելու քիչ շանսեր ուներ: Այն առումով, որ անմիջապես ամերիկացիները հայտարարեցին, որ Ստամբուլ են ուղարկում միանգամայն ծանրակշիռ պատվիրակություն՝ պետքարտուղար Ռուբինոյի եւ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆի մասնակցությամբ։ Այսինքն, Վաշինգտոնը նաեւ դրանով ցույց է տալիս, որ սպասում է բանակցությունների, եւ կայացած բանակցությունների: Ու եթե ուկրաինական կողմը չմասնակցեր, ապա ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները կարող էին նստել, սպասել ուկրաինական պատվիրակությանը եւ չգալուց հետո կարձանագրեին՝ Զելենսկին խաղաղություն չի ցանկանում: Ենթադրելի է, որ այդ դեպքում Թրամփն անմիջապես կհայտարարեր ուկրաինական թեմայից լիովին դուրս գալու մասին:
ԵՐԿՐՈՐԴ ԹԱԿԱՐԴԸ
Բայց կար հաջորդ` հիմնական թակարդը Զելենսկու համար: Թեեւ Պուտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնել, սակայն շրջանառվում է լուրը, որ կարող են մեկնել ուրբաթ օրը. եթե այս փուլում որոշակի բանակցային հաջողություններ լինեն: Ընդ որում, այստեղ եւս ամեն ինչ նման էր «պասերով խաղի»: Այսպես, Թրամփը նախ շտապեց արդարացնել երեկ Ստամբուլում Պուտինի բացակայությունը, թե. «Ինչո՞ւ պետք է նա գնա, եթե ես չեմ գնա»: Խորքային իմաստն էլ հասկանալի է՝ Զելենսկու հետ հանդիպելու համար Պուտինի` Ստամբուլ մեկնելու իմաստը ԱՄՆ նախագահը չի տեսնում. այցը իմաստ կունենար, եթե լիներ հանդիպում Թրամփի հետ: Այն է՝ Զելենսկին կարող է բանակցել ռուսական պատվիրակության հետ: Եթե ոչ, իր որոշելիքն է:
Ապա հենց այդ՝ երկրորդ թակարդը դրեց Զելենսկու առաջ, թե չի բացառվում, որ մայիսի 16-ին կգնա Ստամբուլ. «Մտածում եմ գնալու մասին, բայց դա շատ դժվար է՝ հաշվի առնելով այն, ինչ մենք անում ենք այսօր եւ վաղը (Թրամփը Մերձավոր Արեւելքում շրջագայություն է իրականացնում- Հեղ.): Բայց, գիտեք, եթե ինչ-որ բան պատահի, ես կգնամ ուրբաթ օրը, եթե դա նպատակահարմար լինի»: Ու դատելով իր նախորդ մտքի տրամաբանությունից, ստացվում է, որ եթե Թրամփը որոշի, որ այսօր գնալու է Ստամբուլ, ապա այդ դեպքում նաեւ Պուտինի այցը իմաստ կստանա, ու նա եւս կգա:
Այսպիսով, թեեւ Էրդողանի հետ հանդիպելու պատրվակով Զելենսկին ձգձգեց ռուս-ամերիկյան պատվիրակությունների մոտ ուկրաինական պատվիրակությանն ուղարկելը, սակայն պարզ էր, որ նա ընդամենը իրավիճակից ելք չէր գտնում:
1. Չուղարկել ուկրաինական պատվիրակությանը Ստամբուլ, կնշանակեր դեմ գնալ ոչ թե ռուսներին, այլ այնտեղ սպասող բարձրաստիճան ամերիկացիներին:
2. Պատճառաբանել, թե վերադառնում է, քանի որ Պուտինը չի եկել, այլ վտանգ էր դարձել. իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Թրամփը, ակնարկի համաձայն, մայիսի 16-ին մեկներ Ստամբուլ, եւ Պուտինն էլ միանար նրան: Երկու տարբերակով էլ դա առիթ էր, որ ամերիկյան կողմը հիմնավորված համարի` Զելենսկին ձախողում է բանակցությունները՝ սպասելի հետեւանքներով հանդերձ:
Գերադասեց մեկնել եվրոպացի ընկերների հետ հանդիպման: Բայց, թեեւ Պուտինն ու Թրամփը, աննուամենայնիվ, Ստամբում լգնացին, մեկ է, այս ամենը Զելենսկու համար դիվանագիտական պարտությունից էլ վատ էր՝ նա հայտնվեց խեղկատակի վիճակում:
Այսպիսով, դեռ անգամ բանակցությունները չսկսված, Զելենսկին հայտնվել էր այս կատաստրոֆիկ վիճակում, որն արդեն իսկ կարելի է ջախջախիչ պարտություն համարել: Առավել եւս, որ Թրամփն այս ամենի հանրագումարում խոսեց Բրիտանիային համար ամենասարսափելիի մասին` անհամբեր սկասում է Պուտինի հետ հանդիպմանը` ամենաուշը երկու-երեք շաբաթից: Այն, ինչն այս «Ստամբուլյան գամբիթի» իրական իմաստն էր: