Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում
Ներքաղաքական
Ըստ մամուլում տարածված լուրերի, Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց 15 օր անց: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ թաղապետն ասել է, որ այս որոշումը իր համար բավականին ծանր է եղել, սակայն չի պատրաստվում այս պատմության պատճառով հարվածի տակ դնել իր թիմակիցներին եւ քաղաքական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Սակայն «Իրավունք»-ին հաջողվեց պարզել, որ հրաժարականի դիմում, համենայնդեպս, մինչ հոդվածի հրապարակումը, դեռ ներկայացված չէ:
Մեր աղբյուրների համաձայն, վերջնական որոշում կկայացվի մոտ ժամանակաշրջանում, իսկ այս պահին թաղապետը շարունակում է իր հանդիպումները Նոր Նորքի բնակիչների հետ: Ի դեպ, այս լուրը քաղաքապետարանը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում: Քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը ասել է, որ նման որոշման դեպքում քաղաքապետարանը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: