Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ

Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Այսքանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին։
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։ Նա առավոտյան եկել է վարչական շրջանի թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել։
Երևանի քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնել են, որ պաշտոնական տեղեկատվություն դեռ չունեն, ինչ–որ բան իմանալու դեպքում հանդես կգան հայտարարությամբ։
Ինքը Տիգրան Տեր–Մարգարյանը Sputnik Արմենիան –ին ասել է. «Եթե հրաժարական տալու լինեմ, ինքս պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»։
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։ Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարեց, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել՝ կապված մանկապարտեզի կառուցման հետ:
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Մայիսի 5–ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը որակեցսադրանքի հետևանք, Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։ Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն հետևանքներ։