ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑ
Վերլուծություն
Ռուսական քաղաքական-քաղաքագիտական աղբյուրները շարունակում են ակտիվորեն քննարկել մայիսի 9-ի կապակցությամբ Ալիեւի՝ Մոսկվա չգնալու թեման: Եվ դա բնական է, քանի որ հրավերը եղել էր անձամբ Պուտինի կողմից, կրկնվել էր Համայն Ռուսիո պատրիարքի կողմից՝ վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ: Եվ այն, որ նախնական հավաստիացումներից հետո Ալիեւը, այնուամենայնիվ, այցի շեմին ինչ-որ անիմաստ պատճառաբանություններով հրաժարվեց այցից, նշանակում է, որ դրա տակ լուրջ խնդիր կա:
ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Թեման սրվեց նաեւ այն բանից հետո, երբ նախօրեին տարածվեց Ալիեւի մամուլի ծառայությանը վերագրվող հայտարարություն, որում ասվում է, որ նա չի թռել Ռուսաստան, քանի որ՝ «Մեր երկրների միջեւ կա չլուծված խնդիրների պատ»: Ու թեեւ շատ չանցած Բաքուն փորձեց այդ լուրը ներկայացնել, որպես կեղծ, սակայն եթե անգամ այդպես է, դրանից իրականությունը չի փոխվում: Այն է՝ Ալիեւը մտացածին պատճառաբանությամբ չմեկնեց Մոսկվա: Եվ այն, որ դա իրոք մտացածին պատճառաբանություն էր, հասկանալի էր ի սկզբանե: Այսինքն, Իլհամ Հեյդարովիչը չմեկնելը կապում էր հոր ծննդյան օրվա կապակցությամբ անցկացվող ինչ-ինչ միջոցառումների հետ: Մինչդեռ հայտնի փաստ է, որ Հեյդար Ալիեւը ծնվել է 1923 թվականի մայիսի 10-ին: Այսինքն, եթե իրոք ցանկանար, Իլհամը կարող էր մայիսի 9-ին լինել Մոսկվայում եւ կհասցներ վերադառնալ՝ հաջորդ օրը հոր ծննդյան հետ կապված միջոցառումներ անցկացնելու համար: Մինչդեռ նա մայիսի 9-ին օկուպացված Արցախում անասնաֆերմա էր բացում, եւ ռուսական աղբյուրներն էլ գնահատում են, թե՝ անասնաֆերման ավելի կարեւորեց Պուտինի հրավերից՝ բխող հասկանալի մնացած ենթադրություններով հանդերձ:
Այնուամենայնիվ, հարցը մնում է պատասխանի կարոտ՝ իրականում ինչո՞ւ Իլհամ Ալիեւը, չնայած նախնական խոստումներին, վերջին պահին չեղարկեց մոսկովյան այցը: Նաեւ, թե դա ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել: Իհարկե, ի սկզբանե էլ տարբեր վարկածներ մտան շրջանառության մեջ: Նախ, որ նրա հետ խոսել է Ռիչարդ Մուրը, ապա՝ Էրդողանը, եւ դրանից հետո Ալիեւը որոշել է չգնալ: Սա խորանալով, հասնում է նրան, թե դրանով Ալիեւը ցուցադրեց հստակ աշխարհաքաղաքական վեկտոր՝ ուղղված թյուրքիզմին: Այլ վարկածով, որ Մոսկվայում էր նաեւ Նիկոլը, եւ Ալիեւի ներկայության դեպքում ռուսական կողմը պատրաստել էր առաջարկի փաթեթ, որը երկուսն էլ չէին կարող մերժել: Ալիեւն էլ գերադասեց չգնալ: Եվ այսպես շարունակ:
Այս բոլոր վարկածներն էլ, կամ դրանց առանձին դետալները, իհարկե, գոյություն ունեն: Բայց դրանք կապել Ալիեւի Մոսկվա չգնալու հետ, այնքան էլ տեղին չի հնչում: Այսինքն, եթե կար նրա եւ Նիկոլի համար պատրաստված փաթեթ, ապա դժվար թե Ալիեւն այդ մասին միայն վերջին պահին իմանար եւ միանգամից հրաժարվեր Մոսկվա գնալ: Նման փաթեթ, իհարկե, կա, ընդ որում, դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների ժամանակներից սկսած, որը աստիճանաբար հասունանալով, փոփոխվելով, ներկա պահին ստացել է որոշակի տեսք: Մոսկվան էլ է այդ մասին քանիցս հայտարարել նաեւ վերջին ժամանակներս, թե առաջարկում է այդ բազայի հիման վրա լուծում տալ հայ-ադրբեջանական խնդրին: Եվ եթե Ալիեւին սա էր վախեցնողը, ապա նա պարզապես Մոսկվա մեկնելու նախնական համաձայնություն չէր տա: Ավելին, եթե առաջնորդվենք ամենածայրահեղ եւ շատ քիչ հավանական տարբերակով, թե՝ Մոսկվան այդ փաստաթղթերի փաթեթին, այսպես ասենք, վճռական տեսք էր տվել եւ այդ այցի շրջանակներում ցանկանում էր պարտադրել Ալիեւին եւ Նիկոլին՝ ստորագրել, ապա Մոսկվա գնալ-չգնալն այստեղ էական չէ: ՌԴ ղեկավարությունն առանց Ալիեւի եւ Նիկոլի Մոսկվա հասնելու էլ այդ փաթեթը կարող է ներկայացնել նրանց, եւ եթե ունի բավարար լծակներ՝ ստիպել այն ստորագրել: Այսինքն, ընդունելով հանդերձ, որ Մոսկվան իրոք ունի հայ-ադրբեջանական թեմայով որոշակի ծրագրեր եւ դեռ կփորձի դրանք կյանքի կոչել, մեկ է, դա մնում է Ալիեւի` Մոսկվա չգնալու ոչ շատ հավանական բացատրություն:
Կամ Էրդողանի խնդրանքի վարկածը. Թուրքիան, իհարկե, ցանկացել եւ ցանկանում է Ադրբեջանին պահել թյուրքական ուղեծրի մեջ, որը, իհարկե, լրջորեն հակասում է Ռուսաստանի եւ Իրանի շահերին: Սակայն խոսքը երկարատեւ եւ մասշտաբային գործընթացի մասին է, եւ տոնի կապակցությամբ Ալիեւի Մոսկվա գնալ-չգնալը դրա վրա էական ազդեցություն չէր թողնի: Ընդհակառակը, այս փուլում Էրդողանի համար միանգամայն ցանկալի է Մոսկվայի հետ լավ հարաբերությունները պահպանելը եւ միանգամից մի շարք խորքային պատճառներով: Թեկուզեւ միայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում կազմակերպելու Պուտինի առաջարկը, որը հրաշալի քաղաքական նվեր էր Էրդողանի համար: Ասել, թե նա կանխավ չէր էլ մտածում, որ նման նվեր կստանա, միամտություն կլիներ: Եվ այն չձախողելու համար ոչ թե կկանգնեցներ, այլ մի բան էլ կխնդրեր Ալիեւին Մոսկվա գնալ՝ անակնկալներից խուսափելու համար: Նմանապես քիչ հավանական տեսք ունի բրիտանացիների խնդրանքով Մոսկվա չգնալու վարկածը: Եթե Mi6-ն ու նրա առաջնորդ, սակայն պաշտոնից հեռանալ պատրաստվող Ռիչարդ Մուրն այդքան վճռական ազդեցություն ունենար Հեյդարովիչի վրա, ապա այդ ազդեցությունը շատ ավելի վաղ կգործադրեր՝ Ալիեւին «Բրյուսելի ձեւաչափով» ծրագրված «խաղաղության պայմանագիրը» ստորագրել պարտադրելու համար: Մինչդեռ այդ թուղթը ստորագրելուց Ալիեւի հրաժարվելը Մուրի հիմնական ձախողումներից մեկն էր:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԹԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԹԵՄԱՆ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Կրկնենք, այս եւ նմանատիպ բոլոր վարկածներն էլ, գոնե մասամբ, իրոք գոյություն ունեն: Սակայն դրանք ամբողջական, համոզիչ բացատրություն չեն տալիս, թե ինչու Ալիեւը նման հանկարծակի ցուցադրական քայլ կատարեց, որն ուղղված է անձամբ Պուտինին, եւ որը Մոսկվայում իրավամբ համարում են այնքան վիրավորական, որ անգամ մոսկովյան շքերթին ադրբեջանական զորախմբի մասնակցությունը չի կարող դա հարթել:
Բայց ահա, նախօրեին արձանագրվեց քիչ նկատելի մեկ փաստ, որը հետաքրքիր մտորումների տեղիք տալիս է: Այն է՝ անցած դեկտեմբերին ռուսական երկնքում վթարված եւ Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառներն ուսումնասիրող ղազախական կողմը, ավելի կոնկրետ՝ ղազախական դատախազությունը ներկայացրեց հետաքննության մասին բավականին ուշագրավ մեկ դրվագ: Այն է՝ գործը քննվում է Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։ Այս հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ օդային, ծովային, գետային կամ երկաթուղային տրանսպորտի ոլորտում անվտանգության կանոնների խախտում է կատարվել՝ իր պաշտոնեական դիրքից ելնելով՝ այդ կանոններին հետեւելու պարտավորված անձի կողմից ցուցաբերված անփութության հետեւանքով եւ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։ Թեեւ ղազախական դատախազությունն այլ մանրամասներ չի հայտնում՝ նշելով, որ շուտով կհրապարակի վերջնական զեկույցը, սակայն այն, որ հենց նման հոդվածով է քննությունն իրականացվում, շատ բան է ասում: Հետեւությունը սա է՝ վթարի պատճառը օդաչուի անփութությունն է: Հենց օդաչուի, հաշվի առնելով, որ ավելի վաղ հայտնի էր դարձել «սու արկղերի» պարունակությունը, ինչը հաստատել էր, որ օդաչուն սխալ, քանիցս փոխված տեղեկություններ է փոխանցել դիսպետչերական ծառայություններին, նաեւ չի կատարել վթարային իրավիճակին համապատասխան դիսպետչերական խորհուրդները՝ վթարի ենթարկված ինքնաթիռը հասցնելով մինչեւ Ղազախստան: Վթար (պայթյուն կամ նման բան), իհարկե, եղել է. այլապես ինքնաթիռը չէր ընկնի: Բայց եթե նրա անփութությունը, նշանակում է, որ օդաչուն վթարից հետո կարող էր ինքնաթիռը փրկել: Իսկ դա հնարավոր չէր լինի, եթե վթարի պատճառը լիներ ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռը: Այսինքն, վթարը փոքր մասշտաբի է (գազի պայթյուն, որի մասին խոսել է օդաչուն, ինքնաթիռին նախապես ամրացված պայթուցիկ՝ արտաքին խոցման տեսք տալու համար եւ այլն): Բայց արդեն խոսքը սադրանքի մասին է, որի մեջ ռուսների մեղավորությունը տեսանելի չէ:
ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Մինչդեռ Ալիեւը, հիշեցնենք, վթարից հաշված օրեր անց այդ թեման ծայրահեղորեն սրեց՝ քաղաքականացված մեղադրանքներ հղելով Ռուսաստանին եւ Պուտինից ցուցադրաբար ներողություն պահանջելով: Եվ հիմա, երբ ղազախական նախաքննությունը, որին, ի դեպ, Ալիեւը վստահություն է հայտնել, Ալիեւը, մեղմ ասած, տհաճ վիճակի մեջ է դնում: Բանն այն է, որ բացի այդ հայտարարություններից, Ալիեւն այդ թեման մատի փաթաթան սարքելով, հակառուսական քայլերի մի հսկա շարքի դիմեց, նաեւ դրա տակ քողարկելով նման այն բոլոր քայլերը, որոնք մինչ այդ էլ կային:
Մյուս կողմից, որ ղազախները նման եզրակացության էին եկել, Ալիեւը, ասենք նաեւ՝ Մոսկվան պետք է որ պաշտոնական հրապարակումից ավելի վաղ տեղեկացված լինեին: Եվ բնական է, որ Մոսկվա այցելելով, Հեյդարովիչը ստիպված էր լինելու տհաճ հարցադրումների մի ամբողջ շարքի բախվել: Սա կարո՞ղ էր Մոսկվա չմեկնելու բավարար պատճառ լինել. շատ հնարավոր է: Իհարկե, այդ բոլոր տհաճ հարցերը դեռ նրա առաջ դրվելու են: Բայց հիմա գոնե դրանց պատրաստվելու եւ հեռակա քննարկումներով իրավիճակը հարթելու ժամանակ կունենա:
Կարող է նաեւ այս տարբերակն է՝ Ալիեւը չմեկնելով, փորձում է ցույց տալ, թե ինքն իրեն տեսնում է հակառուսական դաշտում, եւ, կոպիտ ասած, թքած ունի, թե ինքնաթիռի հետ կապված իրեն ինչ են ասելու: Սա, իհարկե, քիչ հավանական տարբերակն է:
Ամեն դեպքում, փաստը հետեւյալն է՝ մայիսի 9-ից հետո ռուսների մոտ նկատվում է հակաալիեւյան քննադատությունների, մեղադրանքների աճող հեղեղ: Եվ եթե Ալիեւը չկարողանա կամ չցանկանա արագորեն իրավիճակը հարթել, ապա ռուսների հետ շատ ծանր բախումների մեջ հայտնվելը դառնում է ամենահավանական տարբերակը: