Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ վերադառնալու համար արևմտյան ընկերությունների ներողությունը բավարար չի լինի, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
«Այնտեղ ինչ-որ մեկը գումար է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին… Ալեքսեյը («Գործարար Ռուսաստան» կազմակերպության ղեկավար Ալեքսեյ Ռեպիկ. խմբ.) ասում է` նրանք պիտի ներողություն խնդրեն։ Օ՛, ո՜չ։ Դա հաստատ բավարար չէ, նրանք հիմա այնքա՜ն են ներողություն խնդրելու… Ես շատերի հետ տասնամյակներով եմ շփվել։ Նրանք լուրջ, գրագետ, պրագմատիկ և նպատակասլաց մարդիկ են, իրական մրցակիցներ… Եթե նրանց պետք է ներողություն խնդրելով և սիրաշահելով վերադառնալ, դա բավարար չէ, մենք պետք է բոլոր հարցերին նայենք պրագմատիկ տեսանկյունից` ձեռնտո՞ւ է մեզ՝ ներս կթողնենք, իսկ եթե ոչ, հազար պատճառ կգտնենք, որ չգան։ Եվ այդ հազարի շարքում 999-ը ճշգրտորեն կհամապատասխանի ԱՀԿ պահանջներին, վստահեցնում եմ ձեզ», – ասել է նա «Գործարար Ռուսաստան» կազմակերպության XX համագումարում։
Միաժամանակ նա նշել է, որ որոշ ընկերություններ ստիպված են եղել լքել ռուսական շուկան, քանի որ նրանց վրա ճնշում է գործադրվել «օվկիանոսի այն կողմից»։ Պուտինը կառավարությանը խնդրել է դա նկատի ունենալ, եթե նման ընկերությունները ցանկանան վերսկսել աշխատանքը ՌԴ-ում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառողներին, Պուտինն ընդգծել է` իրենք իրենց են վնասում։