«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչ, Տոկիոյի ՕԽ մասնակից, Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը։ 63 կգ քաշային կարգի եզրափակչում Ասլանյանը համառ պայքարում 2։7 հաշվով պարտվեց Եվրոպայի ոսկե մեդալակիր, ազգությամբ թուրք Կերեմ Կամալին։ Եվրոպայի փոխչեմպիոնը մինչև եզրափակիչ երկու հաղթական գոտեմարտեր էր անցկացրել։ Մեկնարկային քառորդ եզրափակչում ընդամենը 30 վայրկյանում 8։0 հաշվով հաղթել էր ազգությամբ լեհ Մայրբեկ Սալիմովին, կիսաեզրափակչում 8։0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։
Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը արծաթե մեդալակիր ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ.
- Եվրոպայի առաջնության ժամանակ անցկացրել եմ երեք գոտեմարտ։ Եզրափակչում, ափսոս, պարտվեցի թուրք մրցակցիս։ Եզրափակիչ գոտեմարտին տրամադրված էի։ Լավ մարզավիճակում էի գտնվում։ Գոտեմարտի սկիզբը բաց թողեցի, շատ միավորներ տվեցի։ Հետո աշխատեցի, սակայն չկարողացա հետ բերել այդ միավորները։ Ինձ թվում է եզրափակիչ գոտեմարտը լավ փորձ էր ինձ համար ու ցույց տվեց, թե ես ինչի վրա պետք է աշխատեմ, ավելի լավ մարզավիճակ հավաքեմ, որպեսզի ավելի լավ հանդես գամ Աշխարհի առաջնությունում ։67 կգ քաշային կարգից տեղափոխվել եմ 63 կգ։
-Կարեն, արդյոք դժվար չէր քաշային կարգը փոխելը։
- Ոչ, ինձ շատ լավ եմ զգում այս քաշում։ Զգում եմ, որ ինձ մոտ առաջընթաց կա։ Մարտը վարելու որակներս, ֆիզիկական պատրաստվածությունս թույլ է տալիս, որ ինձ լավ զգամ 63 կգ ֊ում։ Նշեմ, որ Տոկիոյի ՕԽ-ից հետո բարդ փուլ էր, վնասվածքներ ունեի, չէի կարողանում լավ մարզավիճակ հավաքել, որպեսզի դուրս գամ մրցագորգ։ Տևական ժամանակ բուժվում էի։ Դա էր պատճառը, որ տևական դադար էի վերցրել։
Շնորհակալ եմ անձնական մարզչիս Սամվել Գևորգյանին, մեր մարզիչներին, որ այդքան համբերեցին, օգնեցին ինձ։ Երբեք շնորհակալություն չեմ հայտնել իմ ընտանիքին, սակայն այս առիթը կօգտագործեմ ու կասեմ, որ նրանց էլ եմ շնորհակալ ինձ աջակցելու համար։ Թիմակից ընկերներս նույնպես ինձ շատ օգնեցին, բոլորն ինձ աջակցել են, ինչով կարողացել են։ Փոխեցի քաշային կարգս, այժմ ամեն ինչ լավ է։
- Շնորհակալություն, Կարեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ





