ՎԵՐՋԱՊԵՍ ԿԳԱ՞ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՎԵՐԱԾՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐՋԸ
Արխիվ 16-20Հայաստանում որքան էլ դեղերի արտադրման, ներմուծման, արտահանման եւ վաճառքի մասին օրենքներն ու նորմատիվները փոխվեցին, այդուհանդերձ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Ընդ որում, խոսքը նաեւ մարդու առողջության անվտանգության եւ կյանքի հետ կապված խնդիրների մասին է:Հիմնական մտահոգություններից մեկն էլ այն է, որ ազատ դեղատներում վաճառվում են այնպիսի դեղեր, որոնք պետք է օրենքով վաճառվեին միայն բժիշկների դուրս գրած դեղատոմսով: Այսինքն, կա օրենքի սահմանափակումը, մինչդեռ իրականությունն այն է, որ ցանկացած մարդ, այդ թվում նաեւ` անչափահասները կարող են մտնել դեղատուն եւ առանց արգելքի գնել այնպիսի դեղ, որի օգտագործումը, մեղմ ասած, վտանգավոր է մարդու կյանքի համար: Նման դեղերից է նաեւ «Լիրիկա» դեղամիջոցը (միջազգային անվանումը` «Պրեգաբալին»), որն արտադրվում է Գերմանիայում եւ ներմուծվում Հայաստան:
Սա հին խնդիր է. չնայած տարիներ շարունակ Հայաստանում քայլեր են ձեռնարվում ¥համենայնդեպս՝ այդպես ներկայացվում է¤ «Լիրիկան» եւ նմանատիպ այլ դեղամիջոցների ազատ վաճառքը արգելելու ուղղությամբ, այդուհանդերձ, ձեռնարկված քայլերը, այսպես ասենք, անարդյունավետ են, իսկ դեղն էլ ազատ վաճառվում է դեղատներում: Ու նկատենք, որ «Լիրիկան» նախատեսված է օգտագործել էպիլեպսիկ հիվանդության նոպաների ժամանակ, սակայն բազմիցս հայտարարվել է, որ շատերն այն օգտագործում են, որպես թմրամիջոց:
Այս խնդրով անհանգստացած` օրերս մեզ էր դիմել մի ուսանողուհի: Նրա խոսքով, եթե արգելք չդրվի այդ դեղի ազատ վաճառքի վրա, հնարավոր է, որ շատ անչափահասներ դրա հետեւանքով դառնան թմրամոլներ: Քանի որ, ուսանողուհու պնդմամբ, բազմիցս է դեղատներում նկատել, որ այդ դեղը հիմնականում եւ շատ հաճախ գնում են անչափահասները:
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով «Լիրիկա» դեղի ազատ վաճառքին, տեղեկացրեց, որ այժմ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշում, ըստ որի, «Լիրիկա» դեղը կներառվի առողջապահության նախարարության հսկվող դեղերի ցանկում եւ առանց հսկվող դեղատոմսի, մարդիկ իրավունք չեն ունենա այն գնել դեղատնից. «Բացի այդ, այս դեղը իրավունք կունենան վաճառելու այն դեղատները, որոնք կունենան հոգեմետ դեղերի բացթողման լիցենզիա: Այս դեղը ՀՀ-ում գրանցված է, որպես դեղատոմսով բաց թողնվող դեղ»,- փաստեց մեր զրուցակիցը:
Ապա տիկին Մկրտչյանը, ըստ էության, հաստատեց հերթական ահազանգը հնչեցրած ուսանողուհու ասածը: Այսինքն` չկա որեւէ օրենք, որը կարգելի անչափահասներին՝ ձեռք բերել դեղը. «Առհասարակ, մենք չունենք նման կարգավորում, սահմանված կարգ, ըստ որի՝ մինչեւ 18 տարեկաններն իրավունք չունեն այն գնելու: Բայց ինչպես ոգելից խմիչքների եւ ծխախոտի վաճառքի դեպքում, այս դեպքում եւս պետք է դեղը չվաճառվի անչափահասներին»,- ընդգծեց Անահիտ Մկրտչյանը եւ հավելեց, որ այս հարցում կարեւոր դեր ունի ծնողների գործոնը:
Նկատենք, որ մեր զրուցակցի խոսքում, այսպես ասենք, որ հարթ պահեր կան: Եթե նրա ասածի պես՝ «Այս դեղը ՀՀ-ում գրանցված է որպես դեղատոմսով բաց թողնվող դեղ» ապա էլ ի՞նչ նոր որոշման կարիք կա, ըստ որի՝ հսկվող դեղատոմս կպահանջվի: Այսինքն, եթե հիմա էլ արգելված է, սակայն վաճառում են, ուրեմն ինչ կերպ էլ նորից արգելվի, էլի վաճառել ցանկացողը՝ կվաճառի: Բացի այդ, զգացվում է, որ մեր երկրում «դեղատոմս բաց թողնվող դեղ» հասկացությունը կամ՝ արգելքը փաստացի չի գործում: Վերջապես, եթե խնդիրը հայտնի է, ինչո՞ւ մինչ այս պահը խիստ արգելք չկա: Այսինքն, հանուն որոշ ներկրողների եկամուտների, քանի՞ պատանի դեռ իրեն պետք է այդ դեղով թունավորի: Չէ՞ որ «Լիրիկա» ասվածը միայն օրինակ էր, մինչդեռ կան եւ օր օրի ավելանում են երկակի նշանակության նման դեղերը: Կարգելեք այս մեկը, մյուսից կօգտվեն, մինչեւ որ ամիսներ ու միգուցե, տարիներ անց այդ մեկն էլ կարգելեք: Եվ այդպես շարունակ, միշտ էլ վաճառակետում կլինի հեշտությամբ թմրանյութի վերածվող նման դեղատեսակ: Իսկ դա նշանակում է, որ խնդիրը գլոբալ լուծում է պահանջում, այդ թվում՝ դեղատների նկատմամբ վերահսկողության շեշտակի բարձրացում: Թէ չէ, արգելես էլ, էֆեկտ չի լինի:
Եվ չմոռանանք, որ նախարարության ներկայացուցչի խոստացածի տիպի որոշումներով՝ խնդիրը լուծելու փորձեր նախկինում եւս եղել են: Եղել են, բայց խնդիրը միայն խորացել է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

