Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան
ՏեսանյութերՀայկական թատերական ժառանգության մի կարեւոր էջ նորից վերաբացվել է՝ այս անգամ՝ տպագիր խոսքի միջոցով։ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ վերահրատարակվել է «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2023 թթ.» գիրքը՝ ներկայացնելով ավելի քան 90 տարվա արցախյան թատերական մշակութային առաքելության ամբողջական պատկերը։ Այս գիրքը ոչ միայն թատերական կյանքի ժամանակագրություն է, այլեւ արժեքավոր գիտական աշխատանք՝ հասցեագրված ինչպես մասնագետներին, այնպես էլ բոլոր նրանց, ում համար թատրոնը միայն բեմ չէ, այլ հիշողություն, սեր եւ ինքնություն։
Գրքի շնորհանդեսը կայացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում՝ հագեցած արցախյան թատրոնի անցյալի ու ներկայի ձայներով, վկայություններով, արվեստագետների հիշողություններով:
«ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ ԵՂԵԼ Է ՆՄԱՆ ԼԵԳԵՆԴԱՐ ԹԱՏՐՈՆ»
Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ գնահատմամբ՝ հայ թատրոնի պատմագրությունը համալրվել է բացառիկ նվերով։
«2019 թ․-ին հրատարակվել էր Կարինե Ալավերդյանի հեղինակած Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի տարեգրությունը, բայց Արցախի ցավալի դեպքերից հետո՝ ողջ տպաքանակից ընդամենը երեք օրինակ հասավ Երեւան: Տիկին Կարինեն դիմեց մեզ՝ այն վերահրատարակելու խնդրանքով՝ ներառելով նաեւ 2019-ից հետո եղած ժամանակահատվածը։ Ես համարեցի, որ սա շատ կարեւոր ու անհրաժեշտ է: Սերունդները պետք է իմանան, որ եղել է այսպիսի լեգենդար թատրոն՝ իր լեգենդար պատմությամբ, իր հզոր երեւելիներով: Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել այդ պատմությունը»,- ասաց Ղազանչյանը եւ ընդգծեց, որ բազմիցս եղել է Ստեփանակերտի այդ հրաշալի թատրոնում, մասնակցել է առաջնախաղերին, տոներին, հոբելյաններին։
Ի դեպ, նշենք, որ գրքի վերահրատարակությունը հնարավոր է դարձել Հակոբ Ղազանչյանի եւ Նարինե Չարչյանի կարճատեւ հանդիպման արդյունքում։ Վերջինիս աջակցությամբ էլ գիրքը վերածնվել է։ Փոփոխվել է նաեւ գրքի կազմը. շապիկին այժմ պատկերված է թատրոնի շենքի լուսանկարը։
Գիրքը հասանելի կլինի Հայաստանի ազգային գրադարանում, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Ակադեմիայի արվեստի ինստիտուտում, Գրականության եւ արվեստի թանգարանում եւ այլ հաստատություններում։ Էլեկտրոնային տարբերակը նույնպես հասանելի կլինի համապատասխան էլեկտրոնային գրադարանային հարթակներում։
«ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ 2019-ԻՆ ՏՊԱԳՐՎԱԾ ԳԻՐՔԸ»
Գրքի պատրաստման աշխատանքները հսկայական ջանքեր են պահանջել։ Հեղինակը՝ ԿԱՐԻՆԵ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, գրեթե ամեն օր եկել է Աշտարակից Երեւան եւ աշխատել տպարանի հետ: Մեզ հետ զրույցում տիկին Ալավերդյանը նախ նշեց, որ Ստեփանակերտի թատրոնն իր ողջ գոյության ընթացքում բեմադրել է 457 ներկայացում՝ ընդգրկելով ինչպես հայկական դասական եւ ժամանակակից հեղինակների, այնպես էլ համաշխարհային թատերգուների գործեր։ Այսպիսով, թատրոնը կարեւոր դեր է խաղացել արցախցու գեղագիտական, ազգային եւ հայրենասիրական դաստիարակության գործում։
«Մեր թատրոնն Արցախում լեզվամտածողություն ու ազգային դիմագիծ է պահել՝ նպաստելով ամենամեծ հարստության՝ ազգային ոգու պահպանությանը։ Երկատարեւ, բուռն ստեղծագործական ճանապարհ անցնելուց հետո՝ դժբախտաբար, թատրոնը 2023 թվականի հոկտեմբերի 1-ին այստեղ՝ Երեւանում լուծարվեց՝ բռնի տեղահանությունից անմիջապես հետո։ Թե ինչպիսին կլինի մեր թատրոնի հետագա ճակատագիրը, ժամանակը ցույց կտա։ Բայց այն, որ այս թատրոնի պատմությունը պետք է փոխանցվի սերունդներին, պետք է պահ տրվի պատմությանը, միանշանակ է», - շեշտեց Կարինե Ալավերդյանը։
Նրա խոսքով, գիրքն առաջին անգամ տպագրելուց հետո՝ պլանավորվել էր թատերականացված շնորհանդես՝ հենց թատրոնի շենքում, սակայն 44-օրյա պատերազմը խափանեց այդ ծրագիրը։
«Պատերազմական դժոխքը, ապա՝ համավարակի դաժան օրերը, դրանից հետո՝ շրջափակման 9 դժոխային ամիսները կաթվածահար արեցին արցախցու ե՛ւ հոգին, ե՛ւ ֆիզիկական գոյությունը։ Եվ երբ 2023 թվականին նորից հարձակվեց թշամին, միակ ելքը բռնատեղահանվելն էր, որպեսզի չենթարկվենք եղեռնի: Արցախցին մենակ էր մնացել՝ ոչ միայն շրջափակված թշնամիներով, այլեւ դավաճաններով։ Այս իրավիճակում չկարողացանք Արցախից դուրս բերել այն տպաքանակը, որն արդեն տպագրվել էր»,- հավելեց նա։
Ըստ տիկին Ալավերդյանի, այս խառնակ ու սուղ ժամանակներում, երբ որոշ շրջանակներ նույնիսկ խուսափում են «Արցախ» անունը հոլովել, տպագրել այսպիսի ծավալուն գիրք, քաղաքացիական խիզախում էր պետք, ինչի համար շնորհակալ է Հակոբ Ղազանչյանին: Գրքի հեղինակը հիշեց նաեւ Հակոբ Ղազանչյանի հայրիկին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին:
«Լուսահոգի Երվանդ Ղազանչյանն անչափ սիրում էր Արցախը, արցախցիներին, հարգում եւ արժեւորում էր մեր թատրոնի իր սերնդակից արվեստագետներին: Իսկ մենք հրաշալի դերասանախումբ ունեինք, ուղղակի, մի աստղաբույլ էր: 90-ականների սկզբին մեր ավագ սերնդի դերասաններից մի խումբ եկավ Երեւան եւ Երվանդ Ղազանչյանն արեց ամեն հնարավորը, օգնեց ինչով կարող էր, նույնիսկ մի երկուսի համար հոբելյանական ցերեկույթներ կազմակերպեց։ Նա ոչ միայն ավագ սերնդի մասին էր մտածում, այլ նաեւ երիտասարդ կադրերի: Առհավատչյան մեր Ռուզան Խաչատրյանն է, ով նրա սանուհին է եղել։ Երվանդ Ղազանչյանը նրա համար ճանապարհ է հարթել, ուղղորդել է, եւ այսօր Ռուզան Խաչատրյանը Պարոնյանի անվան թատրոնում բեմադրող ռեժիսոր է: Ավելին՝ Արցախի վերջին շրջանի պատմությունը լուսաբանող նրա ներկայացումն արժանացել է «Արտավազդ» մրցանակի: Սա միայն Ռուզանի շնորհքը չէ եւ Հակոբ Ղազանչյանի բարյացկամության արդյունքը չէ, այլ առաջին հերթին Երվանդ Ղազանչյանի ուսուցանածի արդյունքն է», - գտնում է Ալավերդյանը:
Գրքի հեղինակը պատմեց, թե ինչպես է ձմռան սառնամանիքին Երվանդ Ղազանչյանը Երեւանից մի քանի հոգու հետ հասել Ստեփանակերտ, որպեսզի մասնակցի իր սանուհու առաջին ներկայացման պրեմիերային. «80-ն անց մարդ էր, կարող եւ չգալ, ոչ ոք իրավունք չուներ նրանից նեղանալու, բայց նա եկավ եւ իրենով գեղեցկացրեց այդ երեկոն։ Մենք գոհ ենք, ուրախ ենք, գնահատում ենք, որ Պարոնյանի անվան թատրոնում պահպանվել են Երվանդ Ղազանչյանի լավագույն ավանդույթները, եւ կա այն վերաբերմունքը՝ Արցախի, արցախցիների եւ մեր թատրոնի նկատմամբ, որն ուներ Երվանդ Ղազանչյանը»։
Վերադառնալով վերահրատարկված գրքին՝ հեղինակն ասաց, որ այն գրվել է մի քանի ամսում, սակայն դրա պատրաստման համար հավաքչական աշխատանքներ տարվել են ավելի քան 20 տարի։ Հավաքագրվել են փաստեր, տվյալներ, որոնք սիստեմատիզացվել են, ու գիրքը դարձել է թատրոնի շուրջ 91 տարվա համապարփակ հանրագիտարան՝ ներառելով բեմադրությունները, դերակատարներին, հյուրախաղերը, մատենագիտական տվյալներ եւ լուսանկարներ։
«Մի խոսքով, ստացվել է մի գեղեցիկ հանրագիտարան, որտեղ կարելի է գտնել մեր թատրոնի մասին ցանկացած հարցի պատասխան», - նշեց Կարինե Ալավերդյանը եւ հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասաց, որ յուրաքանչյուր արցախցու հոգում անթեղված կրակի պես մխում է Արցախի եւ Ստեփանակերտի թատրոնի մասին հուշերը, իսկ այդ հուշերը երկարում են, եթե այն պահպանվում է:
«Մեզնից յուրաքանչյուրն իր սրտում փայփայում է տունդարձի, վերադարձի հույսն ու հավատը», - եզրափակելով խոսքն՝ ասաց նա:
«ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԵՆՔ ՎԱՅԼԵԼՈՒ ՄԵՐ ԱՐՑԱԽԸ՝ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑ ԴՌՆԵՐՈՎ»
Երեւանի Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ՝ կատարվել է շնորհակալ եւ կարեւոր գործ։ Նա ընդգծեց, որ Ստեփանակերտի թատրոնն իր գործունեության ողջ ընթացքում արտահայտել է Արցախի մշակութային դիմագիծը։
«Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնն իր տասնամյակների գործունեությամբ Արցախի մշակութային կյանքի ժամանակակից դիմագիծն է ապահովել: Իսկ մշակույթը, ինչպես գիտենք, հայ ժողովրդի համար միշտ էլ եղել է պայքարի, ինքնության, ինքնաարտահայտման կարեւոր հարթակներից մեկը։ Հետեւաբար, կարող ենք ասել, որ լույս է ընծայվել մի ժողովածու, որը ոչ միայն թատրոնի տարեգրությունն է, այլ նաեւ թատրոնի ոգու մասին պատմող հիշողությունների պահոց։ Այսօրվա դաժան ու դառը, դժվար իրողության համատեքստում հատկապես կարեւոր է վերարժեւորել Արցախի մշակութային ժառանգությունը», - ասաց նա։
Թատրոնի տարեգրությունն այսպես հավաք ու ամբողջական հրատարակված ունենալը, ըստ Նարինե Սարգսյանի, հավասարազոր է թատրոնի անձնագիր ունենալուն: Ըստ նրա, գիրքը շատ կարեւոր մի փաստահավաք հուշարձան է, խոնարհում՝ այն մշակների առաջ, ովքեր ստեղծել են, պահել ու պահպանել են թատրոնը՝ ի հեճուկս դժվարությունների, խնդիրների, տարբեր մարտահրավերների։
«Ես գիրքը թերթելիս ուշադրություն դարձրեցի առաջին եւ վերջին ներկայացման վերնագրերին՝ պիեսների համատեքստից դուրս։ Առաջին ներկայացման վերնագիրը «Օղակում» էր, իսկ վերջինը՝ «Գիշատիչների խնջույքը»։ Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն անել, կարծես, սրանով մի ողջ պատմություն է ներկայացված... Ես, որպես արցախցու թոռ եւ արցախցու դուստր, միշտ էլ հպարտություն եմ ապրել, երբ տեղեկացել եմ, որ մեր հայ թատրոնի մեծերը կարեւորել են Արցախի իրենց այցելությունները եւ հյուրախաղերով էլ մեկնել են այնտեղ։ Անունները կգտնեք գրքում՝ Վահրամ Փափազյան, Հրաչա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Արուս Ոսկանյան, Կարպ Խաչվանքյան եւ այլն։ Ուզում եմ հույս հայտնել, որ մենք նորից ենք վայլելու մեր Արցախը՝ թատրոնի բաց դռներով», - ընդգծեց Նարինե Սարգսյանը:
«ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ»
Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆՆ էլ հիշեցրեց, որ 1891 թվականին Շուշիում բացվել է Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնը, որը գործել է ընդամենը 14-15 տարի, որովհետեւ 1905 թ.-ին հայ-ադրբեջանական հերթական բախումների ժամանակ այրվել է շենքը ու այլեւս չի վերաբացվել։
«Մենք շատ քիչ, կցկտուր տեղեկություններ ունենք Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի մասին, որովհետեւ ամբողջական մի աշխատություն այդպես էլ չծնվեց, եւ ուսումնասիրողներն էլ չեն կարողանում հստակ որոշել, թե հատկապես ինչպես եղավ, որ մեծանուն դերասան Պետրոս Ադամյանն այցելեց Շուշի: Ընդհանրապես, Արցախում մեր մեծերը շատ անգամներ են եղել եւ խաղացել են ներկայացումներ: Մի առիթով ուսումնասիրություն էի անում եւ արխիվում գտա Շուշիում տպագրվող «Փայլակ» թերթում հրապարակված մի հոդված, որը վերաբերում էր թատրոնին։ Հոդվածը հետեւյալի մասին էր, թե՝ «ահա Շուշի են այցելել դերասան Վահրամ Փափազյանը եւ Արուս Ոսկանյանը, եւ երեկ երեկոյան նրանք ցուցադրեցին Մոլիերի «Դոն Ժուան» պիեսը։ Այդ պիեսն իրենք շատ լավ ցուցադրեցին, շատ տաղանդավոր ձեւով ներկայացրեցին ամբողջը, բայց այն պահին, երբ մեզ անհրաժեշտ են հայրենասիրական պիեսներ, լավ կլիներ, որ պարոն Փափազյանը եւ տիկին Ոսկանյանը մտածեին այդ մասին»։ Մի խոսքով, այդպիսի շատ հետաքրքիր նյութեր ես հանդիպում երբեմն արխիվներում, եւ դրանք գալիս են հուշելու, որ արցախյան թատերական գիծը պիտի շարունակվի, չի՛ կարող կանգ առնել», - ասաց Դադասյանը եւ հույս հայտնեց, որ անպայման նորից վերադառնալու ենք Արցախ, նորից տեսնելու ենք հայկական ամենագեղեցիկ թատերական շենքը եւ կրկին նայելու ենք այնտեղ ներկայացումներ:
«ԱՐՑԱԽՑԻՆԵՐՍ ՄՏԱՀՈԳ ԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ»
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, հոգեբան ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ կարծիքով՝ այս գորշ իրականության մեջ բավականին լուսավոր պահ է «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2023 թթ.» գրքի լույսընծայումը:
«Արցախցիներս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների, ոչ միայն մեր հողակտորի, երկրի, այլ նաեւ մեր մշակութային արժեքների կորստի համար, որոնցից թանկագինը հենց Ստեփանակերտի դրամատիկականն է։ Մանկությունից սկսած կապված եմ եղել ես այդ թատրոնին, դպրոցական տարիներից սկսած նայել եմ գրեթե բոլոր ներկայացումները, հետո արդեն եղել եմ թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ ու ապրել եմ այդ թատրոնով: Ամեն անգամ միշտ սպասել եմ, թե թատերագետ Իսահակ Ալավերդյանն ինչպես կներկայացնի այս կամ այն ներկայացումը, ինչպիսի՞ գնահատական կտա այս կամ այն դերասանի գործունեությանը։ Նա ոչ միայն եղել է թատրոնի գեղարվեստական խորհրդի ղեկավար, այլ նաեւ ողջ թատրոնի կենսագրության վկան ու պատմիչը: Եվ այսօր Ալավերդյան դուստրը շարունակել է հոր գործունեությունը եւ ներկայացրել է մեզ թատրոնի կենսագրությունը», - նշեց Մխիթարյանը:
Շնորհանդեսը ամփոփվեց այն համոզմամբ, որ արցախյան թատրոնի պատմությունը շարունակվելու է՝ գիրք դարձած, վավերագրված, եւ մի օր նորից բեմ բարձրացած։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ