«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում
Մշակութային
Նա արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին, գտել է անձնական երջանկության բանաձեւն ու բացահայտել աշխատանքային հաջողության գաղտինքները: «Իրավունք»-ը զրուցել է «Շունչ» թատրոնի հիմնադիրներից դերասան ՍԵՅՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:
«ՄԵԶ ՄՈՏ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՏՆՕՐԵՆԻ ԱԹՈՌԸ ՄԻՇՏ «ԴԱՏԱՐԿ Է»
— Կարճ ժամանակում «Շունչ» թատրոնը նոր շունչ հաղորդեց հայաստանյան թատերական կյանքին: Ո՞րն է Ձեր հաջողության բանաձեւը, եւ արդյոք սա մարտահրավեր էր պետական թատրոններին:
— «Շունչ» թատրոնը հիմնադրվել է 2023 թվականին իմ եւ դերասան Սամվել Դանիելյանի կողմից: Արդյոք թատերական կյանքին նոր շունչ հաղորդել ենք, թե՝ ոչ, ես համեստաբար կլռեմ, թող հանդիսատեսն ասի, այդ թվում՝ նաեւ Դուք էլ ասացիք: Այո՛, քչից-շատից կարողացել ենք անել այն, ինչ ուզում ենք. չունենալով շենք՝ ունենք արդեն 6-7 խաղացանկային ներկայացում, որոնք անընդհատ խաղում ենք: Հաջողության բանաձեւը հետեւյալն է՝ սեր եւ նվիրում, մեզ մոտ ամենակարեւորը՝ տնօրենի աթոռը միշտ «դատարկ է»: Այսինքն՝ ես ու Սամվելը չենք ասում՝ սա քո գործառույթն է, դու պետք է անես, սա իմն է, ես պետք է անեմ, ամեն ինչ անում ենք մեկս մյուսին լրացնելով, ինչն էլ մեր առաջընթացի եւ արդյունավետության բանաձեւն է: Մենք անկեղծ ստեղծագործում ենք ինքներս մեզ համար եւ ոչ մի նպատակ չունենք ինչ-որ մեկին մարտահրավեր նետելու: Եթե նրանք դա որպես մարտահրավեր կդիտարկեն, իրենց պրոբլեմն է: Նման խնդիր չունենք, գլուխներս կախ աշխատում ենք եւ փորձում ենք գոհացնել նախ ինքներս մեր, ապա հանդիսատեսի հոգեւոր կարիքները եւ անդրադառնում ենք այնպիսի թեմաների, որոնք 21-ր դարում հայ թատրոնում պետք է:
— «Պատերազմի ցեցը», կարծես, դարձել է «Շունչ» թատրոնի այցեքարտը ու տպավորություն է, որ այդ ներկայացման մեջ բոլորդ ներդրել էիք Ձեր մաքսիմալը: Կա՞ր մտավախություն, որ նման նշաձող դնելուց հետո՝ դժվար է լինելու հաջորդ ներկայացումներում անել ավելին:
— Այո՛, «Շունչ» թատրոնի առաջին մեծ գործը եղավ «Պատերազմի ցեցը»: Իհարկե, դրանից առաջ ունեինք Թումանյանի «Թմբկաբերդի առումը», որը բեմադրել էր Սարգիս Շողունցը, բայց, որպես այդպիսին, մեծ պրեմիերա ունեցանք «Պատերազմի ցեցը»: Առհասարակ մեր բոլոր ներկայացումներում ներդնում ենք մեր մաքսիմալը, բայց «Պատերազմի ցեցը» մի քիչ ուրիշ էր: Նախ առաջին ներկայացումն էր, համընկավ սեպտեմբերյան դեպքերի՝ Արցախի հանձնման օրերի հետ, փորձերը մի կերպ էինք անում, բնականաբար, շատ ծանր էր… Մենք չգիտեինք՝ ի՞նչ է լինելու ներկայացման ճակատագիրը, ո՞ւր է գնալու, բայց «վիզ դրած» անում էինք ամեն մեկս մեր մասով առավելագույնը: Բեմադրիչը Շուշան Ղազարյանն է, պիեսի հեղինակները Նարեկ Մանուչարյանն ու Արմինե Բոյաջյանը, խաղում ենք չորսով՝ Սիրանուշը, Սաշան, Սամվելը եւ ես, կոմպոզիտորը Սոնա Աղաբաբյանն է, բեմանկարիչը՝ Արթուր Սարյանը: Չունենալով ոչինչ՝ ստեղծեցինք մի գործ իմ ու Սամվելի գրպանի հաշվին, որովհետեւ «Շունչ» թատրոնը չի հովանավորվում ոչ մեկի կողմից:
Իսկապես, շատ բարդ էր, բարձր նշաձող սահմանեց «Պատերազմի ցեցը» ոչ միայն Երեւանում ու հայաստանյան մարզերում, այլ նաեւ Եվրոպայում, ՌԴ-ում: «Պատերազմի ցեցը» մեր խաղացանկում ամենաշատ հյուրախաղերի մասնակցած ներկայացումն է: Մենք այն խաղացել ենք եվրոպական եւ ռուսաստանյան 15-ից ավելի քաղաքներում, հայաստանյան գրեթե բոլոր մարզերում եւ Երեւանում: Այն ունեցել է մոտ 50-70 հազար հանդիսատես ամբողջ աշխարհում: Եվ, այո՛, մտավախություն կար՝ հաջորդ ներկայացումների հետ կապված: Ուզում էինք այնպիսի գործ անեինք դրանից հետո, որպեսզի նշաձողն էլ ավելի բարձրացնեինք եւ եղավ «25-րդ ժամը» ներկայացումը, որը տրամաբանորեն շարունակեց «Պատերազմի ցեցին»: Նույն հաղթարշավը Եվրոպայում եւ հայաստանյան մարզերում հիմա սկսել է «25-րդ ժամը»: Իր հաղթարշավի մեջ է «Կարմա» ներկայացումը: Այս ներկայացումով մենք շատ շուտով ունենալու ենք հյուրախաղեր Բելգիայից մինչեւ Կապան: Իսկ «Պատերազմի ցեցը» խաղալու ենք Փարիզում, հետո՝ Քաջարանում: Մեր հյուրախաղերը Ա կետից Բ կետ շատ հեռու են միմյանցից, եւ դա մեզ շատ դուր է գալիս: «Պատերազմի ցեցի» ստացված լինելն է նաեւ մեզ ստիպում եւ մոտիվացնում, որ մեր հաջորդ գործերը պետք է ավելի լավը լինի:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐՎԱԾ ՔԱՅԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԸ ԳԱԼՈՒ Է»
— «Կարմա»-ն պատմություն է երեք տղամարդկանց մասին, որոնք հայտնվում են մութ իրականության կիզակետում, որտեղ ճշմարտությունն ու խաբեությունը խառնվում են իրար: Ձեր կերտած դերն այս ներկայացման մեջ արդյո՞ք ստիպեց վերանայել անձնական «կարմայի» մասին պատկերացումները։
— «Կարմա» ներկայացումն իր ուրույն տեղը գտավ մեր խաղացանկում: Հեղինակը Էդգար Կոստանդյանն է՝ մեր շատ լավ ընկերը. Հանդիպեցինք, քննարկեցինք, հասկացանք, որ ուզում ենք բեմադրել մի գործ, որը ցույց կտա մարդկանց, որ յուրաքանչյուրն իր արած քայլից հետո պատասխան է տալու Աստծո եւ մարդկանց առաջ: Առհասարակ, մարդկությունը հեռացել է Աստծուց, ինչն իր վատ հետեւանքներն է ունենալու: Եվ մենք ուզում ենք ասել՝ ապաշխարե՛ք, մի՛ արեք այդպիսի սխալներ կամ գոնե անելուց հետո՝ զղջացեք դրա համար, որը շատ կարեւոր է: Ինչ վերաբերում է իմ կերտած կերպարին, իհարկե, յուրաքանչյուր կերպար գալիս է ինձ, որպես մարդ, սովորեցնելու, խրատելու: Այս առումով «Կարմա»-յում իմ կերպարը եւս մեկ անգամ ինձ հիշեցրեց, որ յուրաքանչյուր արված քայլի համար պատասխան տալու ժամը գալու է:
— Ո՞րն է հաջորդը, ի՞նչ ստեղծագործական նորություններ սպասի հանդիսատեսը «Շունչ» թատրոնից եւ անձամբ Ձեզնից:
— Այս տարվա մեջ «Շունչ» թատրոնը պլանավորում է երեք նոր ներկայացման պրեմիերա: Առաջին պրեմիերան կկայանա շատշուտով՝ հունիս ամսվա մեջ: Մենք «Լաթար» համալիրի հետ պլանավորում ենք բացօթյա ներկայացում, որի ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը: Այս ներկայացումն իր տեսակի մեջ շատ յուրահատուկ է: Բոլոր հյուրերը հրավիրված են լինելու հարսանիքի՝ իր բոլոր ավանդական «կանոններով»: Այն բացօթյա, ինտերակտիվ, շատ հետաքրքիր ներկայացում է՝ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ, որոնք վեցն են՝ Սուրեն Առուստամյան, Հայկ Դարբինյան, Արեւ Հակոբյան, Էմմա Մկրտչյան, Մարգարիտա Հովհաննիսյան եւ Սամվել Օհանյան: Այսպես ասեմ՝ «տժժիկ» թիմ է հավաքվել եւ շատ-շատ հետաքրքիր կոմեդիա է լինելու: Փորձել ենք առաջին անգամ բացօթյա ներկայացում անել, որովհետեւ ուզում ենք, որպեսզի «Շունչ» թատրոնը տարածվի եւ դասական պատերի մեջ լինող ներկայացումներից բացի, ունենանք ալտերնատիվ ներկայացումներ: Մեր մյուս պրեմիերան կլինի Հովհ. Թումանյանի «Թմբկաբերդի առումը» ներկայացման վերաբեմադրությունը: Այն ուզում ենք բարձրացնել մեծ բեմ, իսկ երրորդ ներկայացման մասին դեռեւս փակագծեր չեմ բացի. ֆանտաստիկ ներկայացում է սպասվում:
«ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՅԴՊԵՍ ՃՆՇԵԼՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ Է»
— Հեռուստասերիալներում էլ հաջողությունը Ձեզ հետապնդում էր: Հեռուստադիտողի կողմից սիրված դերասան եք՝ Ձեր բոլոր կերպարներով: Հիմա հասցնո՞ւմ եք «Շունչ»-ի շուրջերկրյա հյուրախաղերի հետ նաեւ ֆիլմերում նկարահանվել՝ լինի սերիալ, թե գեղարվեստական կինո:
— Ճիշտն ասած, հիմա ինձ ամբողջովին նվիրել եմ «Շունչ» թատոնին: Ժամանակս գերադասում եմ ծախսել մեր թատրոնում, շենացնել այն: «Շունչն» այնքան ժամանակ է տանում իր հյուրախաղերով եւ կազմակերպչական գործերով, որ ես նախ բավարարված եմ եւ երկրորդ՝ ուզում եմ մեր թատրոնը կայացնել: Իհարկե, հետաքրքիր առաջարկների դեպքում, չեմ հրաժարվի, ինչպես, օրինակ, շատ սիրով ընդունեցի Մհեր Մկրտչյանի «Արարատ 73» լեգենդար ֆուտբոլային թիմի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու առաջարկը, որի պրեմիերան կկայանա այս տարի:
— Դուք 2023 թվականին ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը ճանաչվեցիք «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» եւ մի քանի ամիս անց սեփական դիմումի համաձայն դուրս եկաք Պատանի հանդիսատեսի թատրոնից: Այն ժամանակ հրապարակային խոստացել էիք, որ պատճառների մասին վստահաբար մի օր կխոսեք: Անցել է երկու տարի, ի վերջո, ինչո՞ւ թատրոնի առաջատար ու լավագույն դերասանը հեռացավ:
— Պատանի հանդիսատեսի թատրոնում անցել է իմ լավագույն տարիները. 8 տարի եղել եմ այդ թատրոնի դերասան: Այո՛, «Սիրելի Ելենա Սերեգեւնա» ներկայացման մեջ Վոլոդյայի կերպարի համար արժանացա «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին: Ինչ վերաբերում է Պատանի հանդիսատեսի թատրոնից հեռանալու որոշմանս, չեմ ասի, թե՝ ինչ-որ բան է եղել… Պարզապես, պետական թատրոններում դու չես տնօրինում քո ժամանակը: Ես երբեք այնտեղ պրոբլեմներ չեմ ունեցել, միշտ խաղացել եմ, ունեցել եմ շատ լավ դերեր: Բայց գալիս է ժամանակ, երբ ուզում ես ավելին, իսկ ավելին ունենալու համար պետք է ունենաս քոնը, դրա համար էլ դուրս եկա: Կգա ժամանակը, իրոք, կասեմ պատճառների մասին ավելի կոնկրետ, բայց հիմա չեմ ուզում:
— Ի դեպ, այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնը լուրջ խնդիրների առաջ է կանգնած՝ սկսած չստացած աշխատավարձերից մինչեւ տնօրենի հեռացման հարց: Ի՞նչ կասեք այս մասին, որովհետեւ ընկալումը խիստ տարբեր է, մի մասը գտնում է, որ սա նրանց արդարացի պայքարն է, մյուս մասը զարմանում, թե ինչո՞ւ մեր երկրին վերաբերող ավելի լուրջ հարցերի ժամանակ նրանք լուռ էին:
— Երբ այդ փոքրիկ ըմբոստացումը եղավ, ես երկրում չեմ եղել: Պատանի հանդիասատեսն իմ սիրելի թատրոններից է, որովհետեւ ես այնտեղ եմ թրծվել: Շատ սխալ է երեք ամիս դերասանին աշխատավարձ չտալ: Իհարկե, չեմ կարող ասել ինչի պատճառով է՝ անձնական, թե մասնագիտական դաշտում է խնդիրը, ճիշտն ասած, չեմ էլ ուզում խառնվել: Առհասարակ, շատ վատ է դերասանների հանդեպ նման պահվածքը: Թատրոնի դերասաններն այսօր նվիրյալներ են, որովհետեւ իրենք չեն ստանում այնպիսի աստղաբաշխական թվեր, որ կարողանան նույնիսկ իրենց տարրական կարքիները բավարարեն: Նաեւ սա է եղել պատճառներից մեկը, որ ես դուրս եմ եկել պետական թատրոնից:
Արվեստագետներն այն հզոր ուժն է երկրի, որոնցից պետք է նախ ձեւավորվի մեր երկրի էլիտան: Արվեստագետներին այդպես ճնշելն ուղղակի անմարդկային է: Ինչեւէ, ես Պատանի հանդիսատեսի թատրոնի կողքին եմ՝ հե՛նց թատրոնի: Ուզում եմ, որ լավագույնը լինի այն թատրոնի համար, որտեղ ես, որպես դերասան, կայացել եմ:
«ԻՆՁ ՈՉԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
— Դուք արժանացել տարվա լավագույնի մրցանակի, այսօր խաղում եք մի թատրոնում, որի ներկայացումների տոմսերը «sold out» են, Ձեր երջանիկ ամուսնական լուսանկարները մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում են: Դեռ կա՞ մի բան, թեկուզ լինի դեր, ինչի փորձում եք հասնել: Էլ ի՞նչ է Ձեզ պետք՝ կատարյալ երջանկության համար:
— Կայացած տղամարդու կողքին միշտ կանգնած է ֆանտաստիկ կին: Իմ կինը իմ կողքին է միշտ եւ իմ բոլոր հաջողությունների հիմքում գլխավոր դերակատարումն ունի: Եթե տղամարդը տանը երջանիկ է, երբ տղամարդուն տանը կոնֆորտ է, ուրեմն՝ ինքը կարող է սարեր շուռ տալ: Իմ դեպքում այդպես է: Այո՛, մեր թատրոնը խաղում է «sold out»-ներով, այո՛, ես ունեմ այդ մրցանակը, բայց այս ամենից զատ՝ ամենակարեւորն ընտանեկան երջանկությունն է: Երբ ընտանեկան երջանկությունը եւ ներդաշնակությունը կա, մնացածն ինքստինքյան լինում է:
Իհարկե, ես միշտ ունեմ նպատակներ, երազանքներ, որովհետեւ դրանք են շարժիչ ուժը մեր կյանքի: Բայց ինձ ոչինչ պետք չէ կատարյալ երջանիկ լինելու համար, որովհետեւ ես կատարյալ երջանիկ եմ՝ ունեմ սիրող կին, ֆանտաստիկ տղա երեխա, ունեմ լավ ընտանիք ու ընկերներ, ունեմ սիրած աշխատանք, բավարարվածություն, ունեմ հավատ Աստծո նկատմանբ, էլ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար:
Բոլորին ցանկանում եմ երազանքների եւ նպատակների իրականացում, որովհետեւ երբ մարդկանց երազանքներն իրականանում են, իրենք էլ ո՛չ մյուսի փողն են հաշվում, ո՛չ էլ մյուսին աչքով են տալիս: Լավ եղեք, երջանի՛կ եղեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ