ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մայիսի 8-ը, Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից ԷԴԻԿ ՎՐԵԺԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հիշատակի օրն է, 31 տարի է անցել։ Նա մասնակցել է Շուշիի ազատագրման գործողությանը «Հարսանիք լեռներում» օպերացիային։ Էդիկը հերոսաբար զոհվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղում։ Այսօր, նրա ծննդավայր Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղի հերոսների պանթեոն այցելեցին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, հերոսի մայրը տիկին Արփիկը, հարազատներ, համագյուղացիներ, Արթիկի Երկրապահ կամավորական ջոկատի անդամներ, Էդիկի հրամանատար Վարդան Կոստանյանը, «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գրքի հեղինակ, Գյումրեցի Գագիկ Վարդանյանը, Էդիկի հուշարձանի հեղինակ ֊քանդակագործ Վարդան Մկրտչյանը, Հայրենյացի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ։ Էդիկի զոհվելուց հետո ամեն տարի այս օրը պարտադիր հավաքվում են ու իրենց խոնարհումը բերում անմահ հերոսի պայծառ հիշատակին։ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ևս ներկա է գտնվել։ Հերոսի մայրը, 90-ամյա ԱՐՓԻԿ տատը, մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. «Էդիկս ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին, Հայրենյաց գյուղում ։Գյուղի 8֊ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Հոռոմի միջնակարգ դպրոցում, ապա սովորեց ու ավարտեց նաև Արթիկի ուսումնարանը ու ստացավ դերձակի մասնագիտացում։ Ծառայեց Հայոց բանակում։ Ուղիղ 31 տարի առաջ, 1994 թվականի ապրիլին հայրենի գյուղի կամավորների հետ որդիս առաջիններից մեկն էր, ով առանց վարանելու մեկնեց Արցախ, հայրենիքը նենգ թշնամուց պաշտպանելու»։
Ցավոք, հենց մայիսի 8֊ին, Էդիկը քաջաբար զոհվում է, իր ջահել կյանքը նվիրելով հանուն սրբազան հայրենիքին տակավին լինելով ընդամենը 22 տարեկան։ Հերոսի մայրը, տիկին Արփիկը շարունակելով մեզ հետ զրույցը նշեց, որ դժվար կյանք է ունեցել, հինգ զավակ է լույս աշխարհ բերել, բայց 1984 թվականին ամուսինը Վրեժ Ղազարյանը հիվանդության պատճառով հեռացել է կյանքից։ Եվ, այդպես, հինգ երեխաներին մեծացրել է առանց հայրիկի։ Տիկին Արփիկը, ինձ ցույց է տալիս հերոս որդու մեդալները, որոնք ստացել է հետմահու. «Ոսկե մեդալ»,«Մարտական ծառայության մեդալ»,«Հայրենիքի պաշտպանության մեդալ», «Արիության համար» մեդալ, որին արժանացել է ԼՂՀ նախագահի կողմից։ Հիշատակի արարողության ժամանակ Էդիկի մարտական ընկերները ներկայացնում էին դրվագներ նրա հետ կապված, հիշում միայն լավն ու բարին, ընդգծում, որ շատ կամեցող ու բոլորին հասնող ընկեր էր Էդիկը։
Նրա հրամանատարը ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, մեզ հետ զրույցում նշեց, որ նույնիսկ պատերազմի ծանր ու դժվարին օրերին Էդիկը զինվորական տաք հագուստներ էր հասցրել իր մարտական ընկերներին։
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ





