Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասին

«Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեղամ Նազարյանը «Իրավունքի» հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում, թե ինչու չի միանում Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին․
-Նախ իմպիչմենտի գործընթացը չի նախաձեռնել ընդդիմությունը, ինչպես որ այդ մասին փորձում են ներկայացնել։ Գործընթացը նախաձեռնել են երկու հոգի, որոնք մեղմ ասած, լուրջ մարդու տպավորություն չեն թողնում, իսկ, թե ովքեր են այդ մարդկանց հանձնարարական տվել, ինձ չի հետաքրքրում, բայց, ես չեմ միանա մի գործընթացի, որը ի սկզբանե դատապարտված է անհաջողության։ Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը։
-Պարոն Նազարյան, նախաձեռնողները նշում են, որ երբ այդ հարցը հասնի ԱԺ, այդ ժամանակ հասարակությունը եւս փողոցում ոտքի կկանգնի, այդ կերպ կտրվի լուրջ գործընթացի մեկնարկ։
-Բայց, ինչու պետք է հասարակությունը փողոց դուրս գա, թե իրենց թվում է, որ մարդիկ խորհրդարանում իքս թվով մարդկանց տեսնելով՝ փողոց դուրս կգա՞ն, անլուրջ է շատ։ Հետո, Ձեզ մի բան ասեմ, փողոցում շատ ավելի հզոր շարժումներ են եղել, բա այդ ժամանակ ինչու չեղա՞վ իշխանափոխություն, ինչո՞ւ մարդիկ դուրս չեկան։ Հերիք է ինչ-ինչ մարդիկ ժողովրդի վրա հենվելով իշխանատենչությամբ զբաղվեն, լավ ո՞վ է այդ ժողովուրդը, որտե՞ղ է այդ դժգոհ ժողովուրդը։ Ժողովրդի կարծիքը որոշվում է երկու ձեւով, թե քանի հոգի է դուրս գալիս փողոց եւ պահանջում իշխանափոխություն կամ ավտոբուսների պայմանների լավացում, կամ էլ՝ ընտրությունների ժամանակ քվերակությամբ։ Ուրիշ տարբերակ չկա։
-Ուզում եք ասել, որ ընդհանուր առմամբ ժողովուրդը կո՞ղմ է իշխանությունների վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը։
-Դա էլ միանշանակ այդպես չէ, իհարկե, որ ասենք գոհ է դրա համար դուրս չի գալիս։ Չէ, մարդիկ կան խորը ապատիկ շրջանում են գտնվում, մարդիկ կան իրոք մտածում են, որ իշխանությունները անում են առավելագույնը ստեղծված իրավիճակում, մարդիկ էլ կան, որ այո դժգոհ են, բայց վախենում են փողոց դուրս գալով հետ բերեն նախկին իշխանությունը, որ իր մի քանի գլուխներով կգա իշխանության։ Այսինքն այս ամենը գումարվում է իրար եւ դառնում է մի իրավիճակ, որին ականատես ենք լինում այսօր։ Լավ, շատ ներողություն, եկեք անկեղծ խոսենք, ինչքան էլ փորձենք պիտակավորել, քննադատել, բայց մարդիկ հիշում են չէ, որ իրենք դժգոհ էին նախկին իշխանություններից, ու հենց դրա համար էր 2018-ին դուրս եկել փողոց, ու հիմա չեն ուզում նորից հետ բերել նրանց ումից ազատվեցին 2018-ին։ Ժողովուրդը իրապես դուրս կգա փողոց, երբ վստահ լինի, որ իշխանափոխության դեպքում նախկին իշխանություններից որեւէ մեկը ժեկի պետի պաշտոն անգամ չի ստանա։ Այ այդ ժամանակ նոր կարող ենք մտածել իշխանափոխության մասին, սա է իրականությունը եւ վերջ։
-Պարոն Նազարյան, վստահ եմ, որ ես չէ, որ պետք է ասեմ, տեղյակ եք, որ Ձեզ եւս քննադատում են Ձեր դիրքորոշումների համար, օրինակ, որ Դուք ուրացաք Ձեր, մեր հերոսի արյունը եւ այլն․․
-Ես հարգում եմ ցանկացած քննադատություն, ուղղակի ես կոչ կանեի այն մարդկանց, ովքեր վիրավորում են, անիծում, մի պահ հետ նայեն ու հասկանան, թե ինչ են անում։ Ինձ անիծող, վիրավորող մարդիկ մի օր պատասխան են տալու երկնքում։ Ես վատ չեմ զգում նման վիրավորանքներից, մեկը կա, որ տարբեր էջերով ինձ նամակներ է գրում , ես նրան օգտվելով առիթից խորհուրդ եմ տալիս աղոթել իր հոգու հանգստության համար։ Թե չէ ընդհանուր առմամբ ես խղճում եմ ինձ վիրավորող մարդկանց,։
-Եվ վերջում, գիտենք, որ հաճախ եք այցելու Աբգարին, որն՞ է Ձեր հիմնական զրույցը Ձեր որդու հետ, եւ արդյոք ներողություն խնդրում եք ներկայի համար։
-Սբգարիս հետ ամեն ինչից խոսում եմ, բայց միշտ մի հարց եմ տալիս․ որդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում, խնդրում եմ, որ ինքը ինձ ուղորդի։