Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարություն
Ներքաղաքական
Մի շարք լրագրողներ հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորմանը:
«Վրդովմունքով տեղեկացանք գյումրեցի հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ իրականացված իրավական կամայականությունների մասին: Անգամ եթե որևէ անձնավորություն օրենքի որևէ կետ խախտած լիներ, անթույլատրելի է անձի, առավել ևս՝ կնոջ նկատմամբ նման «բեսպրեդելը»:
Կոնկրետ այս դեպքում, որպես խոշտանգում կարելի է բնորոշել այն ամենն, ինչ կատարվել է Լիլիթ Աղեկյանի նկատմամբ: Խստորեն դատապարտում ենք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այս «օրինականացված» հարձակումը: Այն գնահատում ենք որպես խոսքի ազատությունը կոպտորեն սահմանափակելու, քաղաքացուն ապօրինաբար ազատությունից զրկելու խայտառակ դրսևորում:
Կատարվածը հիմքեր է տալիս կասկածելու, որ սա իրավապահ համակարգի կողմից քաղաքացուն մահ կամ առնվազն՝ առողջությանը վնաս պատճառելու կանխամտածված փորձ է:
Պահանջում ենք անհապաղ քրեական վարույթ սկսել ու հասարակությունից մեկուսացնել Լիլիթ Աղեկյանի դեմ նման քստմնելի գործողություն կատարած այսպես կոչված «իրավապահներին»: Միաժամանակ, կոչով դիմում ենք ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, հատկապես ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը՝ մարդու հիմնարար իրավունքների դեմ ուղղված այս աղաղակող եղելության վրա:
Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը:
Դիմում ենք նաև տեղական ու միջազգային լրագրողական կազմակերպություններին՝ տեղի ունեցածին արձագանքելու ակնկալիքով», - ասված է հայտարարության մեջ: