Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. Զուրաբյան
Ներքաղաքական
Այս իշխանությունները մայիսի 9–ը դարձրեցին զոհված հերոսների տոն. ավելի շատ նշում են որպես մի դժբախտություն, որը պատահել է մեր ազգի հետ, բայց ամենակարևոր բանը չեն ասում, որ այդ դժբախտության հեղինակը իրենք են։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում 168.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանության ներկայացուցիչները չեն հիշատակում, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է։
Ես վստահ եմ, որ հաղթանակները այդպես հեշտ չեն ոչնչացնում ։ Այն, ինչ որ Փաշինյանը և իր թիմը արեցին դա դեռ չի նշանակում որ սրանով իրենք վերջը տվեցին հայ ազգի։ Այդ հաղթանակը, միևնույն է, եղել է, և դա առաջին հերթին ապացույց է նրա, որ եթե ժողովուրդը ոտքի է կանգնում և առաջնորդվում է և արդար, և լավ հաշվարկված գաղափարախոսությամբ, նա հասնում է հաղթանակի։ Այդ առումով այդ հաղթանակը մեզանից ոչ ոք չի կարողանալու խլել, անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը, որը այսօր դարձել է Հայաստանի նվաստացման խորհրդանիշը, և այդ նվաստացումը հենց Նիկոլ Փաշինյանի հետ էլ կգնա»,–ասաց նա։
Զուրաբյանը վստահեցրեց, որ այս ամենի մեջ գլխավոր խնդիրը առավելապաշտությունն էր. «Այսինքն, երբ մեր քաղաքական ղեկավարները որոշեցին որ այն հաղթանակը որին մենք հասել էինք, քիչ է, որ օրինակի համար մենք կարող ենք պահել նաև Ղարաբաղից դուրս հողերը, մինչդեռ աշխարհը ասում էր՝ ձեր հաղթանակը մենք ընդունում ենք և Լեռնային Ղարաբաղը ճանաչում ենք որպես հայկական վերահսկողության տակ գտնվող հող, այդ բանի հետ մեր առավելապաշտները չհամաձայնեցին և վիժեցվեց այն խաղաղությունը, որը իսկապես կպսակեր այն հաղթանակը որին մենք հասել էինք։
Իսկ Փաշինյանը, պարզվեց, որ այդ առավելապաշտներից էլ ավելի առավելապաշտ է, ոչմիթիզականներից ամենաոչմիթիզականն է, Տիգրան Մեծից ավելի Տիգրան Մեծ է։ Իր երևակայությունը իրեն այդպես էր հուշում և ինքը, ըստ էության, իր այդ արկածախնդրական, անզգույշ հռետորաբանությամբ, հրաժարվելով բանակցություններից, իր կետից ամեն ինչ սկսելով, հայտարարելով «Արցախը Հայաստան է և վերջ», աշխարհի մոտ ստեղծեց մի զգացողություն, որ պատերազմը կարող է և անհրաժեշտություն լինել։ Այսինքն ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև ասենք Մինսկի խմբի համանախագահները ինչ-որ չափով հարմարվեցին այդ գաղափարի հետ, որովհետև տեսան, որ հակամարտության կողմերից մեկը մերժում է բանակցությունները։ Սա է գլխավոր պատճառը պարտությանը»,– հայտարարեց Լևոն Զուրաբյանը։
Նա ընդգծեց, որ երբ մենք իրատես ենք, երբ հաշվարկում ենք, ստրատեգիական պլանավորում ենք կատարում, մեր ռեսուրսների համաձայն ենք վարվում, մենք հաղթանակող ազգ ենք. «Երբ մենք մեր ռեսուրսների վրայից անցնում ենք, գնալով ինչ-որ երազանքների հետևից, որոնք հիմնավորված չեն մեր հնարավորություններով, մենք պարտություն ենք կրում։ Մենք առաջին ազգը չենք, ոչ էլ վերջինն ենք, որ այս վիճակն է ընկել կամ ընկնելու։ Սա պատմության դաս է, որով բոլոր ազգերը անցնում են, մենք էլ այդ պատմության դասը պիտի անցնենք և ինչքան լավ յուրացնենք, որ իր տեսությունն է հաղթանակի հիմքը, այնքան շուտ մենք նորից կունենանք հաղթանակներ»,– վստահություն հայտեց ՀԱԿ փոխնախագահը։
Հարցին՝ ինչ պետք է անել, որպեսզի հնարավոր լինի վերաբացել Արցախի էջը, Լևոն Զուրաբյանն պատասխանեց, որ հենց առավելապաշտների գործունեության պատճառով ենք հայտնվել շատ խոցելի վիճակում, երբ վտանգված է և Սյունիքը, և մեր ամբողջ պետականությունը. «Այսօր նախ պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Դա էլ երաշխավորված չէ, ու ինչքան մենք շարունակում ենք այս քաղաքականությունը, ինչքան Փաշինյանը իր անիմաստ ու անվերջ, անդադար զիջումներով հրավիրում է Ադրբեջանի ագրեսիան, այնքան ամեն ինչ վտանգված է, Սյունիքը առաջին հերթին և մեր պետականությունը ընդհանրապես։
Եթե քաղաքական գործիչների մեր սերունդը կկարողանա այս խնդիրը լուծել, մենք դրանով կստեղծենք հիմքեր նրա համար, որ ինչու չէ, մի օր էլ խոսենք արցախահայերի իրենց պատմական հայրենիք վերադարձի մասին»։