ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Սպորտ
Վերջերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մեր երկրի կանանց հավաքականի անդամները նվաճել են 3 մեդալ ու գրավել առաջին հորիզոնականը։ Եվրոպայի պատանիների չեմպիոն, երիտասարդների Աշխարհի բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրեցի ԱՆՆԱ ԱՄՐՈՅԱՆՆ իր նորամուտն է նշել մեծահասակների կազմում։ Նա պոկում վարժությունում 100 կգ, հրումում 131 կգ է կատարել առաջին անգամ նվաճելով Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոնի տիտղոսը։
Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում ԱՆՆԱ ԱՄՐՈՅԱՆԸ այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Ես շատ գոհ եմ իմ արդյունքներից, քանի որ առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, սա իմ դեբյուտը, նորամուտն էր։ Երկու ամիս առաջ ծնկի վիրահատության էի ենթարկվել։ Մի քիչ չէի հավատում, որ մեծահասակների պայքարում կարող եմ մեդալ նվաճել։ Սակայն ստացվեց։ Շատ շնորհակալ եմ մարզիչներիս։ Նշեմ, որ մեծահասակների ԵԱ-ն տարբերվում էր մյուս բոլոր մրցաշարերից, որոնց ես մասնակցել էի։ Ինձ համար այս առումով մեդալի գույնը որևէ նշանակություն չուներ, ուղղակի շատ էի ուզում մեդալ նվաճել։ Լրիվ այլ հույզեր ապրեցի մեծահասակների պայքարում, ինձ շատ լավ էի զգում մրցահարթակում։ Հրում վարժությունում արժանացել եմ նաև փոքր բրոնզե մեդալի։ Այս փոխչեմպիոնի տիտղոսը, արծաթե մեդալը առաջինն էր մեծահասակների ԵԱ - ում ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




