Ցնցող զգեստներ, հույզեր ու խունկ. ինչ էր կատարվում ետնաբեմում
Մշակութային
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՌԵՆԿԱՐՆԱՑԻԱ՝ «ԽԱԶԵՐ»-Ը «ԽԶԱՐԵՑ»
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Սա «Խազեր»-ի անդրանիկ մրցանակաբաշխությունն էր, որին մասնակցեցին երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստներ, ոլորտի ներկայացուցիչներ։ 17 անվանակարգում ներկայացված արտիստները ստացան իրենց մրցանակն ու արձանիկը, որի հեղինակը քանդակագործ Նուռն էր: Ի դեպ, կուլիսներում, մրցանակակիրները մոտենում էին արձանիկի հեղինակին եւ անվանական խազ ունենում իրենց մրցանակի վրա:
ԻՆՉ ԷՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Մրցանակաբաշխությանը ներկա էին գրեթե ողջ շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչները, ինչպես նաեւ հյուրեր ժամանած Ռուսաստանի Դաշնությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից: «Խազեր» մրցանակաբաշխությանը մասնակցելու, մրցանակներ հանձնելու եւ, պարզապես, երեկոն վայելելու համար Երեւան էին ժամանել անվանի ռեժիսոր Կարեն Հակոպովը, Գարիկ Մարտիրոոսյանը, Արթուր Ջանիբեկյանը եւ շատ այլ անվանի արտիստներ ու շոումեններ:
Մրցանակաբաշխությանը հանձնվեց հատուկ մրցանակ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթեւոսյանին: Դահլիճը հոտնկայս ծափողջյուններով դիմավորեց մաեստրոյին:
ԳԱՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ով մրցանակաբաշխությանը հանձնեց մրցանակ, հայտնեց իր հիացմունքն ու գովեստի խոսքերը. «Անչափ ուրախ եմ, որ այս գեղեցիկ միջոցառմանը ներկա եմ եւ սիրով պիտի հանձնեմ մրցանակ»: Իսկ հարցին, թե ինչ պիտի անեք մրցանակաբաշխության ավարտից հետո, Մարտիրոսյանն իրեն բնորշ տոնով կատակեց. «Ուրցով թեյ պիտի խմեմ»:
ԻՆՉ Է ԱՍԵԼ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԱՐԱՄ MP3-Ն՝ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ
«Իրավունք»-ին տված հարցազրույցի ժամանակ ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԸ լիահույս էր, որ մրցանակը պիտի վերցնի իր ընկերը՝ Արամ MP3-ը:
«Ոգեւորությունս մեծ է, որովհետեւ ես երկար ժամանակ պատկերացրել եմ, որ պետք է լինի մի ինստիտուտ, որտեղ ակադեմիայի անդամները, ինչպես օրինակ լինում է տարբեր երկրներում, այսինքն՝ ոլորտի առաջատարները կկարողանան գնահատել ոլորտում կատարվող ակտիվությունը: Բացի այն, որ միտքս իրականություն դարձավ, ինչն ինձ շատ ուրախացրեց, նաեւ տեսնում եմ գեղեցկություն, ճաշակ, ոգեւորություն, եւ դա ինձ կրկնակի է ուրախացնում», - նշեց նա:
Հարցին, թե ում կցանկանա տեսնել մրցանակակիր, Պապոյանը կատակեց. «Արամիս, Արամս պիտի հաղթի»:
Իսկ Արամ MP3-ը անգամ չգիտեր, թե ում հետ է նոմինացված, սակայն ուրախ էր իր մասնակցության համար: Ի դեպ, Արամը եկել էր տղայի հետ, ում հետ էլ հանձնեց մրցանակ եւ ստացավ 2 մրցանակ՝ «Լավագույն երգ» եւ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում՝ «Երեւի» երգի համար:
«Ուրախ եմ նման որակի միջոցառման համար եւ հույս ունեմ, որ այն կլինի շարունակական: Հույս ունեմ նաեւ, որ էլ ավելի շատ արտիստներ կմասնակցեն եւ էլ ավելի ժանրեր կզարգանան, որոնք մի փոքր ստվերում են գտնվում: Այսինքն՝ սա կստիպի մեր արտիստներին շատ աշխատել, որպեսզի հայտնվեն այս մրցանակաբաշխությանը»,- ասաց երգիչը:
«ՆՄԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ ԷՐ»
Հայկական երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամ ԱՐԱՔՍՅԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ լրագրողներին ասաց, որ նման մրցանակաբաշխության ժամանակն այլեւս հասունացել էր. «Մենք, բոլորովս մտահոգված լինելով մեր արվեստի, մեր մշակույթի մասին, պետք է անեինք մի այնպիսի միջոցառում, որը լավ փոփոխություն կմտցներ որակական առումով, եւ պահը արդեն հասունացել էր: Վստահ եմ, որ «Խազեր» մրցանակաբաշխությունը կլինի բարձրորակ եւ նաեւ դրանով ճանապարհ կհարթի նոր տաղանդավոր երեխաների համար: Իհարկե, չի կարելի մոռանալ այն կարեւորագույն հանգամանքը, որ այս միջոցառումը կայացել է նրա շնորհիվ, որ մենք ստեղծել ենք ակադեմիան, որը մեծ ծավալով գործունեություն է վարել, որպեսզի այս միջոցառումն իրականանա: Բացի այս միջոցառումից կլինեն նաեւ շատ այլ միջոցառումներ, որոնք կաջակցեն մեր տաղանդավոր երաժիշտներին»:
Այն հարցին, թե ի՞նչ է տալու նման միջոցառումը հայ արտիստներին նաեւ միջազգային ասպարեզում, Ակադեմիայի խորհրդի անդամը Հայաստանը համեմատեց բոլոր այն երկրների հետ, որոնք ունեն ակադեմիաներ եւ որոնք զբաղվում են ոլորտի գործերով:
«Հայկական երաժշտական ակադեմիայի խորհուրդը նույնպես զբաղվում է այս ոլորտի գործերով, ինչպես ընդունված է ողջ աշխարհով: Նպատակը պարզ է՝ երաժիշտները հնարավորություն ունենան ասպարեզ դուրս գալու եւ ներկայացնեն, թե ինչ են արել իրենք նախորդ տարվա ընթացքում: Սա չի գնահատվում արվեստագետի մեկ գործով, այլ գնահատվում է այն ամբողջ աշխատանքը, որը կատարել է արվեստագետը նախորդ ողջ տարվա ընթացքում: Այսօր մենք հյուր ունենք, ով եկել է ԱՄՆ-ից, նա կոմպոզիտոր է, պրոդյուսեր, 4 անգամ նոմինացված է եղել «Գրեմիին» եւ 2 անգամ եղել է մրցանակակիր: Կարծում եմ, որ սա մեծ հնարավորություն է, որպեսզի ակադեմիայի միջոցով մենք կարողանանք մեր արվեստը ներկայացնել աշխարհին»,- ասաց Մուշեղյանը:
«ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՉՈՒՆԵԻ…. ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԿԻՆ ԿԱ»
Հայտնի պրոդյուսեր, շոումեն եւ դերասան ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ «Խազեր» մրցանակաբաշխությանը եկել էր մոր հետ:
«Այլ տարբերակ չունեի՝ կա՛մ կին, կա՛մ մայր, եւ քանի որ կինս Հայաստանում չէ այս պահին, եւ իմ կյանքում կան երկու կանայք, ես այսօր մրցանակաբաշխությանը եկել եմ մորս հետ, ով Հայաստանում է բնակվում: Ի դեպ, երկար եմ խնդրել, որ գա»,- հումորով ասաց Մուրադյանը:
Նշենք, որ Հրաչ Մուրադյանը Հայաստան էր ժամանել շաբաթներ առաջ՝ իր հեղինակային հաղորդումը նկարահանելու համար:
«Ուրախ եմ, որ ունենք այս տեսակ եւ այս մասշտաբի միջոցառում եւ առավել ուրախ եմ, որ այս ընթացքում ես Երեւանում էի ու ունեմ հնարավորություն մասնակից լինելու»,- ասաց Մուրադյանը եւ ավելացրեց, որ կազմակերպիչներին ծափահարում է, քանի որ տեսնում է, թե որքան մեծ աշխատանք է կատարված:
«ԽՈՒՆԿ ԵՆՔ ՎԱՌԵԼ ՄԵՐ ՍԵՆՅԱԿՈՒՄ, ԵՎ ՉԱՐ ԱՉՔԻՆ ՉԱՐ ՓՈՒՇ Է ԵՂԵԼ»
Երգչուհի ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ իրեն եւ իր հանդերձանքը անմիջական կապեց Անահիտ աստվածուհու հետ: ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ՝ Կոմպոզիտորների միության նախագահը, եւս հույս հայտնեց, որ «Խազեր»-ը դեռ երկար տարիների կյանք պետք է ունենա:
Երգահան ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ու երգչուհի Արփի Գաբրիլյանը երեկոյի հաղորդավարներն էին, սակայն հասցրել էին ետնաբեմում խունկ ծխել:
«Խունկ ենք վառել մեր սենյակում, եւ չար աչքին չար փուշ է եղել»,- ասաց Ավետ Բարսեղյանը:
Մրցանակաբաշխության ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն թերահավատներին, ովքեր այդքան էլ չէին հավատում ակադեմիայի կայացմանը, որը ռեժիսորի խոսքերով՝ էլ ավելի է ոգեւորել եւ մոտիվացրել, որպեսզի ջանք ու եռանդ չխնայեն, որ «Խազեր»-ը կայանա:
«Ես իսկապես ոգեւորված եմ այն մարդկանցով, ովքեր ներկայացված են անվանակարգերում, քանի որ նրանք մարդիկ են, ովքեր ունեն մեծ ներդրում հենց հայկական երաժշտարվեստում»,- լրագրողներին ասաց Քեշիշյանը:
Հիշեցնենք, որ «Լավագույն երգիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Էրիկ Կարապետյանին, իսկ «Լավագույն երգչուհի» ճանաչվեց Սոնա Ռուբենյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ