Ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս առաջնահերթ չէ. սա վտանգավոր հետքայլ է. Արա Պողոսյան
Ներքաղաքական
«Իրավունք»-ը զրուցել է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
— Ինչպիսի՞ գնահատական կտաք այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը բացասական գնահատական տվեց մեզ համար թշնամի երկրների դրոշներն այրելուն՝ Ջահերով երթի մեկնարկին:
— Նախ պարզաբանենք, թե ինչու է որոշ մարդկանց կարծիքով դրոշ այրելը մի փոքր այլ նշանակություն ունենում։ Իրականում սա ոչ թե թուլության, այլ մի խիստ ուժեղ դիրքորոշման արտահայտություն է, որն ասում է՝ մարդը կամ ժողովուրդը պատրաստ է կանգնել իր համոզմունքների համար եւ պաշտպանել իր արժանապատվությունը։ Այդպիսի գործողություններն են, որ ցույց են տալիս ժողովրդի վրդովված լինելը եւ այն, որ ուզում է իր զայրույթը հայտնել մեկի նկատմամբ՝ ըստ որոշակի քաղաքական կամ բարոյական պատճառների։
Դրոշ այրելը նման մի գործողություն է, որը տարածված է ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում տարբեր քաղաքական ուժերի եւ նույնիսկ իշխող կուսակցությունների կողմից։ Այսինքն՝ այն միայն մեր երկրին հատուկ գործողություն չէ, այլ ավելի լայն համատեքստում՝ աշխարհում ընդունված մեթոդներից է, որն իրականացվում է տարբեր ժողովուրդների կողմից։ Երբ խոսում ենք ՀՀ քաղաքացիների իրավունքից՝ ինքնաարտահայտվելուց, ապա պետք է հստակ գիտակցել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքը բարձրաձայնելու՝ այդ թվում նաեւ դրոշ այրելով՝ որպես նշան, իր դժգոհությունն ու վրդովմունքը արտահայտելու համար այն երկրի քաղաքական կամ մարդկային քայլերի վերաբերյալ, որոնք նրան անհանգստացնում կամ նեղացնում են։ Սա հստակորեն ընդգծում է հասարակության ազատության եւ դեմոկրատիայի հիմքերը՝ հնարավորություն տալով հանրությանն ազատ արտահայտել իր անհամաձայնությունը եւ հստակ դիրքորոշում ունենալ։
Ինչ վերաբերում է դրոշ այրելու գործողությունը դատապարտելուն, ապա հարկ է նշել, որ այդպիսի դատապարտումն առաջին հերթին սահմանափակում է մարդկանց ինքնաարտահայտման հնարավորությունները։ Որպես պետություն, մենք պարտավոր ենք ընդունել մեր քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ նրանց իրավունքը` արտահայտելու իրենց կարծիքը՝ անկախ նրանից, թե այն որքան ցավալի կամ անընդունելի է իշխանությունների համար։ Որպես մասնագետ` ես հաստատապես կարծում եմ, որ նման սահմանափակումները նախապես անընդունելի են, քանի որ դրանք խաթարում են խոսքի ազատությունը եւ ժողովրդի իրավունքները։
Բարոյական առումով՝ չկա որեւէ իշխանություն կամ քաղաքական ուժ, որը կարող է խոչընդոտել հայ ժողովրդին` արտահայտելու իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հատկապես այն պետությունների կամ կառավարությունների նկատմամբ, որոնք այդ ցեղասպանությունն իրականացրել են։ Ավելին` դրոշը այրելը մեր ժողովրդի համար արդեն դարձել է մի տեսակ ավանդույթ: Նշան, որ մենք չենք պատրաստվում լռել ու ընդունել պատմական անհավատալի ողբերգությունները։ Հայ ժողովրդի հետ տեղի ունեցածից հետո միլիոնավոր անմեղ մարդկանց սպանություն, դավաճանություն, իրավունք չունեն մեկ այլ պետության ղեկավար կամ իշխանություն արգելելու, քանի որ սա ամենեւին ոչ թե քաղաքական մարտավարություն է, այլ` ազգային ու բարոյական արդարության գործիք։ Այսպիսով, ես համոզված եմ, որ նման գործողությունների դատապարտումը անհիմն է եւ չպետք է լինի։
— Դրանից ելնելով` արդյո՞ք կարելի է ասել, որ ներկայիս իշխանությունները որդեգրել են Ցեղասպանության մերժման քաղաքականություն:
— Երբ ասում ենք, որ որդեգրել են Հայոց ցեղասպանության ժխտման դեմ ուղղված քաղաքականություն, ապա այդ հայտարարությունը պետք է ունենա ոչ միայն բառային, այլեւ բովանդակային ծանրություն։ Այսինքն՝ մենք պարտավոր ենք ունենալ հստակ, շոշափելի եւ համոզիչ ազդակներ ու հիմքեր, որոնք լիովին կարդարացնեն եւ կամրապնդեն մեր որդեգրած դիրքորոշման հիմնավորվածությունը։ Այս ազդակները պետք է լինեն այնպիսի կարեւորագույն եւ անմիջական նշանակություն ունեցող գործոններ, որոնք միանշանակ կերպով ցույց կտան՝ արդյոք իրականում կա՞ն գործողություններ կամ գործընթացներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակ ունեն կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության իրողությունը, պատմական փաստերը եւ դրանց միջազգային ընկալումը։
Իհարկե, պետք է շնորհակալություն հայտնել, որ մինչ այժմ մենք չենք բախվել այնպիսի իրավիճակների կամ գործողությունների, որոնք բացահայտ կամ նույնիսկ թաքնված կերպով ուղղված կլինեին Ցեղասպանության հարցի ժխտմանը։ Դա միանշանակ դրական փաստ է, որը վկայում է մեր հասարակության մեջ պահպանվող զգայունության ու պատմական հիշողության ուժի մասին։ Սակայն, մյուս կողմից, չենք կարող անտեսել մի չափազանց կարեւոր հանգամանք, որը մեզ պետք է լրջորեն մտահոգի։ Խոսքը վերաբերում է այն փաստին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը համարել որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Սա ինքնին մտահոգիչ փոփոխություն է, քանի որ դա ոչ միայն դիրքորոշման փոփոխություն է, այլ նաեւ` ուղերձ` թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարաններին, այն մասին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս առաջնային չէ։
Այս որոշման հետեւանքներն առավել ակնհայտ դառնում են այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ այն մնացել է ոչ միայն քաղաքական պասիվություն, այլ իրական քայլերով հաստատված դիրքորոշում։ Այս իրողությունն առանձնապես տեսանելի դարձավ այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ունեցած իր ելույթում, փաստացի հայտարարեց, որ Ցեղասպանության ճանաչումն այլեւս չի դիտարկվում որպես մեր պետական քաղաքականության հիմնասյուններից մեկը։ Նա ընդգծեց, որ այս որոշումն այժմ վերածվել է պետականորեն ընդունված եւ ձեւակերպված մոտեցման, որը, ըստ նրա խոսքերի, անփոփոխ է եւ ենթակա չէ վերանայման։
Ցավալի է, բայց անհրաժեշտ է արձանագրել, որ նման մոտեցումը ոչ միայն վտանգավոր հետքայլ է ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, այլ նաեւ կարող է խաթարել պատմական արդարության վերականգնմանն ուղղված տասնամյակների ջանքերը։
— Իսկ այս դեպքում արդյո՞ք կարելի է ասել, որ տարեցտարի առավել քան փորձում են այնպես անել, որպեսզի մեր հասարակությունը հեռանա իր ազգային արժեքային համակարգից:
— Եթե փորձենք վերլուծել Հայոց ցեղասպանության հիշատակման ուղղությամբ այսօրվա իշխանությունների կողմից տարվող քաղաքական գիծը, ապա կարող ենք արձանագրել մի հստակ միտում, որը թեպետ արտահայտված չէ որպես պաշտոնապես հայտարարված ռազմավարություն, սակայն իր դրսեւորումներով հուշում է զգուշավոր մոտեցման եւ վերանայված դիրքորոշման մասին։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին պետական կառույցների՝ հատկապես կրթական եւ մշակութային համակարգերի գործունեության շրջանակում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք կարելի է մեկնաբանել որպես ուղղվածություն՝ մեղմելու եւ աստիճանաբար նահանջեցնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հասարակական զգացմունքների սրությունը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ