«ԿՓՈՐՁԵՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ

Վերջերս Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում անվանի ըմբշամարտիկ, Փարիզի ՕԽ բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ - ում փառահեղ հաղթանակ տոնեց։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Մալխաս, փառահեղ հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 77 կգ քաշային կարգում։ Սկզբից հաղթել եմ ազգությամբ լեհ Մատեուշ Բենրատեկին բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով, ապա Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեին 7։2 հաշվով ու Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանին 5։1 հաշվով։ Եզրափակչում էլ ոսկե մեդալի ճանապարհին 3։1 հաշվով պարտության մատնեցի Աշխարհի բրոնզե մեդալակիր, ազգությամբ վրացի Ռամազ Զոյիձեին։
- Որ գոտեմարտը առավել դժվար անցավ։
- Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերը դժվար անցան։ Կիսաեզրափակչում Հայկ Մնացականյանի հետ էի, նա իմ մոտ ընկերն է, միասին շատ ենք պարապել, մրցակիցներ ենք միայն գորգում։ Քանի որ իմ մոտ ընկերն է, հենց դրա համար էլ դժվար անցավ, գոտեմարտը ինձ համար ծանր ստացվեց։ Իսկ ահա եզրափակչի հակառակորդիս Ռամազ Զոյիձեին ճանաչում էի, տեխնիկապես ուժեղ ըմբիշ է, վտանգավոր, դրա համար էլ մի փոքր զգույշ էի գոտեմարտում նրա հետ, որպեսզի կոպիտ սխալ թույլ չտամ։ Ցանկացած սխալ հնարավոր է լիներ ճակատագրական գոտեմարտի ելքի համար։ Կարևորն ինձ համար հաղթանակն էր։
- Մալխաս, ինչ զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, առավել ևս, երբ միակ ոսկե մեդալը դու նվաճեցիր մեր երկրի հավաքականից այս Եվրոպայի առաջնությանը։
- Տարեցտարի ավելի է բարդանում ոսկե մեդալ նվաճելը։ Լարվածությունն ու պատասխանատվությունը ավելի է մեծանում։ Այդ տեսանկյունից կարող եմ ասել, որ բավականին դժվար տրվեց ինձ այս հաղթանակը։ Շատ ուրախ եմ, որ այս անգամ էլ կարողացա հաղթել ու հռչակվել արդեն Եվրոպայի քառակի չեմպիոն։ Շնորհակալ եմ Աստծուն, իմ մարզիչներին, իմ հետ մարզվող ընկերներին, որոնք ինձ աջակցել են։ Ինչպես Եվրոպայի առաջնությունում նախորդ երեք պարգևատրումներս, Սլովակիայում էլ զգացողություններս ուղղակի աննկարագրելի էին, քանի որ պատվո հարթակի ամենավերին աստիճանին ես կանգնած, ու հնչում է Հայաստանի հիմնը։ Սա ինձ համար շատ մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որ բարձրանում է եռագույնը, ու հնչում հիմնը։ Շնորհակալ եմ հայ ու եզդի ազգերին։ Շատ երջանիկ եմ, որ կարողացա ուրախացնել բոլորին իմ հաղթանակով։ Կփորձեմ այս տարվա Աշխարհի առաջնությունում էլ ոսկե մեդալ նվաճել։
- Շնորհակալություն, Մալխաս մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Հավելենք, որ Գյումրեցի լեգենդար ըմբիշ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ կիսաեզրափակչում պարտվելուց հետո չմասնակցեց բրոնզե մեդալի համար գոտեմարտին ճակատի վնասվածքի պատճառով։ Չնայած դրան, նա Բրատիսլավայում ճանաչվեց 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն ըմբիշ ու պարգևատրվեց գավաթով։ Լավագույն մարզիչ ճանաչվեց Արմեն Բաբալարյանը ու պարգևատրվեց։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ







