Երևանի համար կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, Խարբերդում այս տարի ևս կմեկնարկեն այս ծրագրերը. Կամո Արեյան
Տնտեսություն
«Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է 2025 թվականի ներդրումային ծրագիրը, որը շարունակությունն է 2024 թվականին ավարտված՝ 40 կմ ծրագրի: Այս ծրագրով նախատեսվում է 25 կմ նոր գազատար ցանցի կառուցում՝ որպես կապիտալ նոր արժեք մայրաքաղաքի գազամատակարարման ցանցում: Այդ մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Այս ծրագրի շրջանակներում քննարկվում է նաև Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջ ծավալը, իրականացվում է նախահաշվի և փաստաթղթերի լրամշակում, մրցույթն ամբողջությամբ ավարտված է: Խարբերդն իր ներքին ցանցով կազմում է 50 կմ: Վստահ ենք, որ Խարբերդում այս տարի ևս կմեկնարկեն այս ծրագրերը»,- ասաց նա՝ նշելով, որ այն նախատեսված է ավարտել 2026 թվականին, բայց քննարկման արդյունքում պարզվել է, որ 2025 թվականին այս ծավալի շուրջ 60 տոկոսն ավարտված կլինի:
Ըստ Արեյանի՝ ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքն ապահովված կլինի գազի համապատասխան ծավալով՝ հաշվի առնելով կառուցապատման ամբողջ ծավալը:
«Առաջին անգամ մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան Երևանի համար: Մայրաքաղաքի 4 գազաբաշխիչ կայաններից 3-ը տեղադրված են քաղաքից դուրս, միայն 1-ը՝ մեր տարածքում: Այս ծրագրի շրջանակներում նոր գազաբաշխիչ կայան կկառուցվի մայրաքաղաքի համար, ինչը լուրջ լրացուցիչ ենթակառուցվածք է»,- ասաց Արեյանը: