Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան
Ներքաղաքական
Բոլոր այն նիստերում, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք։ Ունենալով 14 մանդատ՝ կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը, մեր նախընտրական ծրագրում հայտարարված բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որ իրականան։ Այս մասին Գյումրու ավագանու նիստում ասաց ՔՊ–ական Սարիկ Մինասյանը։
«Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին ու բնակչությանը»,– ասաց նա։
Հարցին, թե ընդհանուր հայտարարի են եկել կոմունիստների հետ, Մինասյանը պատասխանեց․ «Ընդհանուր հայտարարի, չգիտեմ ինչպես, պիտի գանք։ Հոկտեմբերիկ էլ չեմ եղել։ Անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահին կամ տեղակալին, ուղղակի պոպուլիզմ է, որին ես դեմ եմ։ Հանձնաժողովներին կողմ ենք քվեարկել, միասին աշխատելու ենք»,– ասաց նա՝ հավելելով, որ եթե խնդրահարույց հարցեր լինեն՝ իրենք դեմ կքվեարկեն։
Մինասյանը վստահեցրերց, որ որևէ պաշտոնի չի հավակնում․ «Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես։ 17 հազար 200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ, դա ինձ համար ՀՀ ամենաբարձր պաշտոնն է»,– ասաց նա։